կարևոր
541 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-26 19:03
Աշխարհ

Սիրիայի կառավարությունն ու դրուզները բանտարկյալների փոխանակում են իրականացրել

Սիրիայի կառավարությունն ու դրուզները բանտարկյալների փոխանակում են իրականացրել

Սիրիայի կառավարությունը և Սուեյդայի նահանգի մի մասը վերահսկող դրուզական խմբավորումները 2025 թ․ հուլիսին տեղի ունեցած բախումներից ի վեր առաջին անգամ բանտարկյալների փոխանակում են իրականացրել։ Ինչպես տեղեկանում ենք Reuters գործակալությունից, այս մասին հայտնել է Սիրիայի կառավարության Սուեյդայի նահանգի լրատվական գրասենյակը։

Փոխանակման շրջանակում կառավարությունը վերադարձրել է Սուեյդայի դրուզական խմբավորումների 61 անդամի՝ սիրիական կառավարության 25 անդամի դիմաց։

Փոխանակումը տեղի է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հսկողության ներքո։

Սուեյդայում դրուզ խմբավորումների և սուննի բեդվին ցեղերի միջև լուրջ բախումներ էին տեղի ունեցել նախորդ տարվա հուլիսին։ Բախումներն ավելի էին սրվել, երբ կառավարական ուժերը մուտք էին գործել հիմնականում դրուզներով բնակեցված նահանգ՝ մարտերը ճնշելու համար։

Բախումները հանգեցրել էին դրուզներին աջակցող Իսրայելի կողմից Սիրիայի կառավարության դեմ ուղղված հարվածների։

Չնայած հուլիսի 20-ին ուժի մեջ է մտել կողմերի միջև հրադադարի համաձայնագիրը, սակայն լարվածությունը դեռևս շարունակվում է։ Բախումների հետևանքով, ըստ տեղական գնահատումների, ավելի քան 2000 մարդ է զոհվել։