կարևոր
511 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-25 14:29
Հասարակություն

Բալաթը՝ իր եկեղեցով, դպրոցով, գերեզմանատնով և որբանոցով

Բալաթը՝ իր եկեղեցով, դպրոցով, գերեզմանատնով և որբանոցով

Բալաթ հիմնադրամի արխիվը, որը լույս է տեսել Հրանտ Դինքի հիմնադրամի կողմից իրականացվող Կարագյոզյան, Կետրոնական և Փանգալթըի Անարատ Հղություն դպրոցներն ու Բալաթ եկեղեցին ներառող Հայկական հիմնադրամի արխիվների թվայնացման նախագծերի միջոցով, պարունակում է մոտ 12,000 փաստաթուղթ, որոնք վերաբերում են Սուրբ Հրեշտակապետ եկեղեցուն, Էդիրնեքափըի գերեզմանատանը, Խորենյան դպրոցին և Բալաթի որբանոցին, որոնք բոլորը հիմնադրամի կառուցվածքի մաս են կազմում: Այս փաստաթղթերը լույս են սփռում Բալաթի և նրա շրջակայքի հայ համայնքի հասարակական կյանքի վրա 1800-ական թթ սկսած:

Կարին Շեշեթյան

Այն պահից, երբ առաջին անգամ մտա Հրանտ Դինքի հիմնադրամի արխիվներ՝ աջակցելու հայկական հիմնադրամի արխիվների թվայնացման նրանց նախագծին, որի առաջին փուլը ներառում է Կարագյոզյան, Կետրոնական և Փանգալթըի Անարատ Հղություն դպրոցները և Բալաթ եկեղեցին, միաժամանակ թափանցեցի Կ․Պոլսո հայ համայնքի հարուստ և նույնքան անհանգիստ վերջին պատմության դռնով։ Չնայած այն հանգամանքին, որ այսօր մեր գրանցած փաստաթղթերը կազմում են հիմնադրամի արխիվների շատ փոքր մասը միայն, որոնք պահպանվել են մինչ օրս, և որոնց մենք կարողացել ենք հասու դառնալ միայն տարբեր պատճառներով, դրանցում պարունակվող տեղեկատվության գանձարանը աներևակայելիորեն հուզիչ է։ Երբ ինձ խնդրեցին մեր համատեղ պատմության մասին այս տեղեկատվության օրինակներով կիսվել «Ակօսի» ընթերցողների հետ, իմ միակ տատանումն այն էր, թե «Կարո՞ղ եմ ես կատարել այնպիսի առաջադրանք, որի փորձը չունեմ»։ Բայց, ի վերջո, որպես սիրողական գրող, որի հուզմունքը գերազանցում էր վախին, ներողություն կխնդրեմ, և առաջիկա շաբաթներին յուրաքանչյուր հոդվածում կփորձեմ կիսվել այս գանձերով՝ հիմնվելով հիմնադրամի տարբեր արխիվներից մեկ կամ մի քանի փաստաթղթերի վրա, որոնցից յուրաքանչյուրը վերաբերում է տարբեր թեմայի կամ պատմության։  

Բալաթի Սուրբ Հրեշտակապետ եկեղեցին, Խորենյան դպրոցը և Բալաթի որբանոցը

Այս նախագծի շնորհիվ լույս աշխարհ եկած Բալաթ հիմնադրամի արխիվը պարունակում է մոտ 12,000 փաստաթուղթ, որոնք վերաբերում են Սուրբ Հրեշտակապետ եկեղեցուն, Էդիրնեքափըի գերեզմանատանը, Խորենյան դպրոցին և Բալաթի որբանոցին, որոնք բոլորը գտնվում են հիմնադրամի իրավասության ներքո՝ լույս սփռելով Բալաթի և նրա շրջակայքի հայ համայնքի վրա կենտրոնացած հասարակական կյանքի վրա 1800-ական թթ․ ի վեր։

Սա հասարակական կյանքի շատ յուրահատուկ պատուհան է բացում դեպի Բալաթի որբանոցը, որը գոյատևել է 1919-1922 թթ․ թաղամասի բնակիչների մեծ ջանքերի շնորհիվ և օթևան է տրամադրել 1915 թ․ հետո որբացած մոտ 300 երեխաների։ Ճարտարապետ Բիլգե Ար.-ն իր 2006 թ․ «Քաղաքային և ճարտարապետական ​​միջավայրը օկուպացված Ստամբուլում» վերնագրով մագիստրոսական թեզում, առանց պատճառը նշելու, նշում է, որ «Հայկական հաստատությունների շարքում կարևոր տեղ են զբաղեցնում որբանոցները»: Պատճառը կարելի է գտնել Զաքարիա Միլդանօղլուի «1918 թ․ Ստամբուլը՝ հայ այրիների և որբերի երկիր» հոդվածում, որը հրապարակվել է «Ակօս» թերթում 2013 թ․ հոկտեմբերի 4-ին:

Բալաթի պատմության նշանավոր դեմքը. Նեւտոն Մելիքյան

Բալաթ հիմնադրամի արխիվը գրեթե ամբողջությամբ և ուղեկցող փաստաթղթերով բացահայտում է այս համատեքստում ստեղծված և Խորենյան դպրոցի շենքում գործող Բալաթի որբանոցի չորս տարվա կյանքի նախապատմությունը, ինչպես նաև բազմաթիվ անձնական պատմություններ՝ միահյուսված թաղամասի պատմության, այլ հայկական հաստատությունների և այդ ժամանակաշրջանի այլ համայնքային հաստատությունների հետ: Ես ցանկանում էի այս շարքի առաջին մասը նվիրել Բալաթի որբանոցի շուրջ զարգացած իրադարձություններին, անհատներին և հաստատություններին: Առաջին հոդվածը, անկասկած, պետք է նվիրված լինի Նեւտոն Մելիքյանին, ում անունը որբանոցում անփոփոխ մնաց չորս տարի, ով հայտնվում է բազմաթիվ փաստաթղթերում, ում կարող եմ պատկերացնել ամեն օր դպրոցում վազվզելիս կամ դպրոցից եկեղեցի տեղափոխվելիս, և ով նաև գրել է որբանոցին նվիրված գլուխը 1931 թ․ հրատարակված «Բալաթի Սուրբ Հրեշտակապետ եկեղեցու 300 տարիները» գրքում:

Բացելով դուռը որբերի համար

1918 թ․ վերջին, այն մտքով, որ անհրաժեշտ է ստեղծել որբերի պաշտպանության կոմիտե Բալաթի շրջանում, հայր Աբելը և հոգաբարձուների խորհուրդը շրջանից մարդկանց հրավիրեցին․ մեծամասնությունն ընդունեց հրավերը և մասնակցեց նոյեմբերի 20-ին կայացած նիստին, և ձևավորվեց տնօրենների խորհուրդը: Հաջորդ նիստում Արշակ Դողրամաճյանն ընտրվեց նախագահ: Հոգաբարձուների խորհրդի հետ համաձայնություն ձեռք բերվեց Խորենյան դպրոցի որբերի պաշտպանության վերաբերյալ: Որբանոցը, որի բացումը հաստատվել էր Հայ որբերի պաշտպանության կոմիտեի կողմից 1918 թ․ դեկտեմբերի 17-ի նամակով, պաշտոնապես բացվեց դեկտեմբերի 21-ին՝ Համասփյուռ, Արշալույս, Իսկուհի և Մարիամ անուններով չորս որբերի ժամանմամբ, իսկ հաջորդ օրը՝ Էսթեր, Շուշանիկ, Արաքսի, Մարիամ, Վեհանուշ, Հռիփսիմե և Խորեն անուններով ևս յոթ որբերի ժամանմամբ։

Սկզբում որբանոցը հայտարարել էր, որ ցանկանում է խնամել 10 աղջկա։ Սակայն, հավանական է, որ փոքրիկ Խորենը նույնպես ուղարկվել է իր ավագ քրոջ՝ Հռիփսիմեի հետ, որպեսզի նա չբաժանվի նրանից։ Երեխաները եկել էին ամբողջ Անատոլիայից (Արևմտյան Հայաստանից-Ակունքի խմբ)։ Որբանոցը 1919 թ․ մայիսի 22-ին Ազգային խնամքի և օգնության կազմակերպությանը միանալուց հետո, հունիսից սկսած, սկսեց խնամել ավելի քան 100 որբի։ Աշխատանքային ծանրաբեռնվածության աճին զուգընթաց՝ Նեւտոն Մելիքյանը 1919 թ․ հուլիսի 10-ին հրավիրվեց աշխատելու որպես հաշվապահ-գրագիր։ Նրա ամսական աշխատավարձը կազմելու էր 1500 ղուրուշ։ Մելիքյանը, հավանաբար, ավելի վաղ է սկսել աջակցել որբանոցին, ինչպես տեսնում ենք նրա աշխատանքային բազմաթիվ նշումներից՝ հունիսից սկսած։ 1919 թ․ հունիսի 24-ի իր նշման մեջ Մելիքյանը հիշատակում է նոր ժամանած որբերին, որբանոց այցելած և շատ գոհ մնացած աշխատակցին, որբանոցային կարիքները հոգալու իր խոստումը և հիվանդ որբերին։

1920 թ. Մելիքյանի կարճատև պաշտոնավարումը որպես տնօրեն

Սեպտեմբերի 2-ից սկսած՝ նրան նաև տրվեց պահեստի պատասխանատվությունը։ Այս օրվանից ի վեր նա ստանձնեց բոլոր պարտականությունները՝ սկսած ամենօրյա գնումներից մինչև որբերի բոլոր կարիքների վերահսկողությունը, առօրյա գրագրությունից մինչև Կենտրոնական վարչակազմի կողմից պահանջվող բոլոր հաշվետվությունների պատրաստումը: Որբանոցի տնօրեն տիկին Անահիտ Պողոսյանի՝ արտասահման տեղափոխվելու պատճառով Նեւտոն Մելիքյանը նշանակվեց տնօրեն 1920 թ․ նոյեմբերի 20-ին: Այս պաշտոնը ժամանակավոր էր, արդյո՞ք որբանոցի վերահսկող մոր՝ տիկին Մարիցա Չաքըրյանի հետ որոշ տարաձայնությունների պատճառով, որոնք հանգեցրին տիկին Չաքըրյանի հրաժարականին, մենք չգիտենք: Սակայն, 1921 թ․ մարտին տիկին Կատարինե Էսքանազի տնօրեն նշանակվելուց հետո նրան կրկին տրվեց մատակարար-հաշվապահի դերը: Նա նաև պետք է վերահսկեր որբանոցի բոլոր ֆինանսական գործերը: 1920 թ․ դեկտեմբերի 13-ի և Նեւտոնի կողմից հաստատված փաստաթղթում թվարկված են որբանոցում կայանալիք Նոր տարվա տոնակատարության 687 ղուրուշի ծախսերը: Ինչպես կքննարկվի հետագա գրություններում, հաշվի առնելով հանդերձ սակավության պայմանները, որբանոցի վարչակազմը կարևորություն էր տալիս երեխաների՝ Նոր տարվա տոնակատարություններին: Փաստաթղթի համաձայն՝ Նոր տարվա զարդարանքների համար գնվել են գնդակներ, թրթուրաձև զարդարանքներ, ժապավեններ, գունավոր թղթեր և կրեպ թուղթ, ինչպես նաև երեխաների համար խաղալիքներ: Նեւտոն Մելիքյանը ծառայել է որպես մատակարար և հաշվապահ մինչև որբանոցի փակվելը՝ 1922 թ․ դեկտեմբերին: 1922 թ․ դեկտեմբերի 10-ին տնօրենների խորհրդի արտահերթ փակման նիստում նախագահ Տելեմաք Ղազանջյանը հատուկ գնահատանք և շնորհակալություն է հայտնել Նեւտոն Մելիքյանին՝ ավելի քան երեք տարի տևած անկեղծ և ազնիվ աշխատանքի համար:

Դպրոցի հիմնադրման պարտականությունները

1924-1925 ուսումնական տարվա սկզբին Կրթության նախարարությունը խնդրեց, որ փոքրամասնությունների դպրոցների վարչակազմերը յուրաքանչյուր դպրոցի համար ընտրեն հիմնադիր, և «Բալաթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը դպրոցների հիմնադրման պարտականություններն այդ օրվանից հանձնարարեց պարոն Նեւտոն Մելիքյանին: Մենք գիտենք, որ Մելիքյանը շարունակել է այս պաշտոնում աշխատել 1931 թ․, բայց նրա մասին մեր տեղեկատվությունը սրանով ավարտվում է: Դժբախտաբար, թե ինչ է տեղի ունեցել հետագայում՝ մեզ համար անհայտ է: Այնուամենայնիվ, կշարունակենք կիսվել արխիվներից ստացված փաստաթղթերով՝ դրանք արժևորելով պատմական տեսանկյունից:

https://www.agos.com.tr/tr/haber/kilisesi-okulu-mezarligi-yetimhanesiyle-balat-39551

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

www.akunq.net