կարևոր
568 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-22 10:19
Տարածաշրջան

Անկարայի ռեգիոնալ պատկերացնումներում ոչինչ չի փոխվել, իսկ Փաշինյանը ձախողման մեղավորներ է փնտրում. Վահե Դավթյան

Անկարայի ռեգիոնալ պատկերացնումներում ոչինչ չի փոխվել, իսկ Փաշինյանը ձախողման մեղավորներ է փնտրում. Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է.

Օրերս Փաշինյանը հայտարարեց, որ հայկական երկաթուղու տնօրինումը ռուսական ընկերության կողմից խնդիրներ է առաջացնում հատկապես Հայաստանով տարանցման համար: Ըստ նրա՝ ՛՛շատ երկրներում՝ Արևմուտքում, Արևելքում, Հարավում և Հյուսիսում, կա կարծիք, որ Նախիջևանից հետո երկաթուղին չպետք է անցնի Հայաստանով՝ Ռուսաստանի կողմից երկաթուղու վերահսկողության պատճառով՛՛:

Դրան հետևեց ՛՛Հարավկովկասյան երկաթուղու՛՛ կառավարումը երրորդ կողմին փոխանցելու հնարավորության մասին գաղափարը:

Տրամաբանական հարց է առաջանում. այդ ո՞ր երկրներն են ցանկանում Հայաստանով տարանցում իրականացնել, բայց, հաշվի առնելով ռուսական կապիտալի առկայությունը, խուսափում դրանից:

Այդ հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է դիտարկել հարցը մակրոռեգիոնալ ու ռեգիոնալ կտրվածքներով:

Արևմուտքի կամ Կենտրոնական Ասիայի երկրները՞:

Դրանց միջև վաղուց է առկա տրանսպորտային հաղորդակցություն՝ Վրաստանի ու Ադրբեջանի տարածքով, այժմ էլ TRIPP-ով փորձ է արվում դիվերսիֆիկացնելու այդ երթուղին:

Մերծավոր Արևե՞լքը:

Կնշե՞ք այդ ռեգիոնի որևէ լուրջ խաղացողի, որն այս պահին ինտենսիվ տնտեսական փոխգործակցություն չի իրականացնում Մոսկվայի հետ:

Իրանն ու Վրաստա՞նը:

Առաջինի դեպքում՝ ուղղակի բացառում ենք, երկրորդի՝ փաստում ռուս-վրացական տնտեսական ու ենթակառուցվածքային դինամիկ փոխգործակցությունը 2012 թ.-ից ի վեր:

Մնում են Թուրքիան ու Ադրբեջանը, որոնց հեռահար նպատակները Հայաստանից ռուսական կապիտալի դուրսմղման մասով որևէ կասկած չեն հարուցում:

Այս առիթով հիշում եմ 2010 թ.-ի փետրվարը, երբ Հայաստանի պատվիրակության շրջանակներում ներկայացնում էի ՛՛Հարավկովկասյան երկաթուղին՛՛ Ստամբուլում անցկացվող TRACECA աշխատանքային ժողովին: ՛՛Ֆուտբոլային դիվանագիտությունն՛՛ ընթացքի մեջ էր, սկսվել էին բանակցություններ Իրան-Հայաստան երկաթուղու վերաբերյալ, Մոսկվան էլ, ակնկալելով հայ-թուրքական սահմանի վերաբացումը, սահմանային Ախուրյան կայարանում միջազգային լոգիստիկ կենտրոնի նախագիծ նախաձեռնեց, որը և ներկայացնում էի հատուկ զեկույցով:

Սուրճի ընդիջման ժամանակ ինձ մոտեցավ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը: Մեկ-երկու ճշտող հարց տալով նախագծի վերաբերյալ՝ ասաց. ՛՛Այդ ամենը շատ լավ է, բայց եթե իսկապես ուզում եք ինտեգրվել ու դառնալ տարանցման գոտի, պետք է կառավարեք ձեր երկաթուղին առանց ռուսների՛՛:

Անկարայի ռեգիոնալ պատկերացումներում ոչ միայն ոչինչ չի փոխվել, այլև վերջին տասնամյակում էլ ավելի է արմատավորվել ռուսական գործոնի բացառման սկզբունքը: Դա առավել քան ցայտուն արտահայված է Թուրքիայի՝ մինչև 2053 թ. տրանսպորտային զարգացման գլխավոր պլանում:

Հ.Գ. Իսկ չոր մնացորդում ունենք հետևյալը. Փաշինյանը գիտակցում է, որ TRIPP-ը չի հանգեցնելու Հայաստանի տրանսպորտային ինտեգրմանը, որ իրականում հաղորդակցությունների համալիր ապաշրջափակման հարց օրակարգում չկա, ուստի և անհրաժեշտ է գտնել հերթական մեղավորի: Տվյալ դեպքում այդ կարգավիճակում է հայտվում Մոսկվան:

Ընտրություններից առաջ լավ փաստարկ է՝ հիմնավորելու, թե ինչու ենք դեռ այդքան հեռու խոստացված պայծառ ապագայից: