կարևոր
943 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-14 10:20
Հասարակություն

Վերին Շորժայում 40 տնից 3-ն է մնացել. Վարդենիսի տարածաշրջանը դատարկվում է. Արման Ղազարյանը՝ «Փաստինֆո»-ին

Վերին Շորժայում 40 տնից 3-ն է մնացել. Վարդենիսի տարածաշրջանը դատարկվում է.  Արման Ղազարյանը՝  «Փաստինֆո»-ին

«Փաստինֆո»-ն զրուցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանի հետ

Չնայած Փաշինյանի հայտարարած խաղաղության օրակարգին՝ ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ ՀՀ  տարածքներում՝ առաջացնելով ոչ միայն քաղաքական, այլև սոցիալական եւ  անվտանգային հարցեր։

Վերին Շորժա գյուղում, որտեղ շուրջ 40 տուն է եղել մինչև ադրբեջանական վերջին ագրեսիան, այժմ ընդամենը 3 տուն է մնացել, այս մասին «Փաստինֆո»-ին հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը։

«Հիմա ոչ ոք չի ասի, թե Գեղարքունիքի մարզի հողերից քանի հեկտարն է թշնամու տիրապետության տակ։ Չափելի չէ, բայց հստակ կարող եմ գյուղեր ասել, որոնք այսօր դարձել են սահմանապահ, 44-օրյա պատերազմից և 2021 թ․ սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայից հետո:Դարձել են սահմանապահ , սակայն, այս իշխանությունների անգործության հետևանքով որևէ արտոնություն չեն ստացել։ Կառավարություն ունի  որոշմում, որի ցանկում ընդգրկված է արտոնություն ունեցող 82 բնակավայր, սակայն Վարդենիսի այս բնակավայրեր,  ներառված չեն տվյալ ցանկում, որպեսզի արտոնություններ տրվեն հողի հարկի, գազի օգտագործման և մի շարք այլ կենցաղային հարցերի մասով։ Սա ուղիղ կապ ունի տվյալ համայնքներում առաջացած սոցիալ-տնտեսական ծանր վիճակի հետ։ Մարդիկ ընտանիքներով լքում են իրենց տները․ մի մասը գալիս է Երևան՝ շինարարական աշխատանքների, շատերը մեկնում են ՌԴ։ Արդյունքում գյուղերը դատարկվում են, և պարզ չէ, թե Փաշինյանի ասած երկարամյա սահմանազատման գործընթացի ավարտից հետո, անգամ եթե ադրբեջանական զորքերը ետ քաշվեն մեր տարածքներց, ինչ կմնա այդ գյուղերից, որքան բնակչություն կլինի Վարդենիսի տարածաշրջանում»։

Պատգամավորը թվեց սահմանապահ դարձած գյուղերը՝ Փամբակ, Դրանակ, Գարեգունի, Գեղամասար, Ավազան, Արփունք, Կախակն, Կուտական, Դրեդուկ, Աղբրաձոր։

«Ոչ թե արտագաղթ կա, այլ գյուղերը դատարկվում են։ Դրա հիմնական պատճառը այն է, որ դրանք գյուղատնտեսական շրջաններ են, որտեղ զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ։ Անասնագլխաքանակի էական կրճատման պատճառներից մեկը խոտհարքների սակավությունն է, որը պայմանավորված է թշնամու ագրեսիայով և 44-օրյա պատերազմի հետևանքով։ Խոտհարքների մեծ մասը գտնվում է դիտարկման տակ, և անվտանգային նկատառումներով բնակիչները չեն կարողանում ձմեռացման համար պաշարներ վերցնել։ Բացի այդ, արոտավայրերը պակասել են։ Կան նաև համայնքներ, օրինակ՝ Վերին Շորժայում, որտեղ գյուղատնտեսական վարելահողերի մի մասը դիտարկման տակ է, և հնարավոր չէ մշակել։ Կոմբայնավարներն ու մեխանիզատորները վախենում են վար ու ցանք անել, բերքահավաք կատարել։

Կան համայնքներ, որտեղ ջրի աղբյուրները թշնամու տիրապետության տակ են։ Նորաբակ համայնքի խմելու ջրի աղբյուրն ու սուբվենցիոն ծրագրով կառուցված ջրագծի մի հատված անցել են թշնամու վերահսկողության տակ։ Թեև մարզպետը դա հերքել է, բայց փաստն այդպես է՝ համայնքի խմելու ջուրը օկուպացված է։ Խոշորացված համայնքի 6 բնակավայր ունենք, որոնց խմելու ջրի կարգավորիչ ջրամբարները թշնամու դիտարկման տակ են․ մարդիկ օգտվում են ջրից, բայց դա անվտանգ չէ։

Գյուղատնտեսությունը լուծում է երեք խնդիր՝ աշխատանք, եկամուտ և պարենային անվտանգություն։ Այս երեք խնդիրների լուծումը կառավարությունը չի կարողացել ապահովել․ գյուղացուն բավարար պայմաններ չեն ստեղծվել՝ անվտանգային, սուբսիդավորման առումով, որպեսզի մարդը կառչի իր հողից ու ջրից և կարողանա ընտանիք պահել ու սահման պահել։ Կատարվում են փոքր ծրագրեր, որոնք արդյունավետ չեն․ գումարները ծախսվում են, բայց արդյունքը զրոյական է։

Մեծ հաշվով Վարդենիսի տարածաշրջանում Փաշինյանի առաջարկած խաղաղության օրակարգը մարդիկ իրենց կյանքում չեն տեսնում։ Վարչական ռեսուրսից օգտվող և պաշտոններ ունեցող ակտիվ իշխանական ներկայացուցիչները գովերգում են այն, բայց մարդիկ իրենց մաշկի վրա դա չեն զգում։ Մենք պատգամավորների մեր խմբով  բազմիցս այցելել ենք գյուղեր․ երբ բնակավայրը ուղիղ նշանառության տակ է, մարդը ինչպե՞ս կարող է հանգիստ քնել։Միայն մեր գյուղը՝ Զոլաքարը, ունի 1500 տնտեսություն։ Այս պահին 380-400 տան դուռ փակ է։ 2021 թ․ համեմատ Գեղարքունիքի մարզում 3-4 անգամ կրճատվել է անասունների գլխաքանակը։Մինչև 2021 թ․ Գեղարքունիքի մարզում միայն Զոլաքարում կար շուրջ 4500 գլուխ անասուն, վերջին հաշվարկով մոտ՝ 1300։

Միսը թանկացել է։ Թոշակառուները չեն կարողանում գնել։ Խոզի միսը հիմնականում ներկրվում է։ Եթե առաջ մսի գինը մարզում կազմում էր 1500-1800 դրամ մեկ կգ-ի դիմաց, հիմա այն 3200-3600 դրամ է շուկայում», - արձանագրեց  պատգամավորը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարել էր, թե ադրբեջանական զորքերը հայկական օկուպացված տարածքներից ազատելու հարցով չի պատրաստվում «քայքայել» խաղաղության օրակարգը, զորքերը, իբր, դուրս կգան սահմանազատման արդյունքում, իսկ սահմանազատումը կարող է շատ երկար տեւել։ Ասել է թե՝ պատրաստ է հայկական հողերը, այն էլ ռազմավարական նշանակության՝ թողնել ադրբեջանական օկուպացիայի տակ։