կարևոր
547 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-15 10:48
Հասարակություն

Վարդան Ղուկասյանը կարող է մնալ անուշադրության մատնված, ինչը կարող է հանգեցնել անգամ ճակատագրական ելքի. Ղուկասյանի բժիշկ

Վարդան Ղուկասյանը կարող է մնալ անուշադրության մատնված, ինչը կարող է հանգեցնել անգամ ճակատագրական ելքի. Ղուկասյանի բժիշկ

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը գրում է.

«ԱԱԾ մեկուսարանի (պադվալի) մասին

Հարգելի հայրենակիցներ ներկայացնում եմ ապօրինի կալանքի տակ պահվող պարոն Վարդան Ղուկասյանի անձնական բժիշկի կարծիքը:

«Հանդիսանալով Վարդան Ղուկասյանի անձնական բժիշկը՝ բազմիցս փորձել եմ տեսակցել իմ բուժառույին՝ Վարդան Ղուկասյանին, սակայն անհասկանալի պատճառներով ինձ մերժել են։

Բուժառուն, ունենալով բազմաթիվ քրոնիկական հիվանդություններ, զրկված է նեղ մասնագիտական բժշկական օգնությունից։

Մամուլից և սոցիալական ցանցերից տեղեկացել եմ մի ցավալի դեպքի մասին, երբ երկկողմանի թոքաբորբով հիվանդ անձը պահվել է նույն քրեակատարողական հիմնարկում, որտեղ գտնվում է պարոն Ղուկասյանը․ հիվանդությունը ժամանակին չի ախտորոշվել և հայտնաբերվել է արդեն հետզարգացման փուլում, ինչը կարող է հանգեցնել լուրջ բարդությունների։

Քրեակատարողական հիմնարկում առկա նման բարձիթողի վիճակը խորապես մտահոգում է ինձ՝ որպես բժշկի, քանի որ Վարդան Ղուկասյանը, ունենալով բազմաթիվ ուղեկցող հիվանդություններ, նույնպես կարող է մնալ անուշադրության մատնված, ինչը կարող է հանգեցնել անգամ ճակատագրական ելքի։

Վարդան Ղուկասյանի փաստաբաններից տեղեկացել եմ, որ բուժառուն փաստացի ինքնուրույն է վարում իր հիվանդությունները, ինչը կարելի է որակել որպես ինքնաբուժություն, և որը բժշկական տեսանկյունից բացարձակապես անթույլատրելի է։ Հիվանդության վերաբերյալ բոլոր անհրաժեշտ բժշկական փաստաթղթերը առկա են։

Կցանկանայի նաև անդրադառնալ մի փաստաթղթի, որը հրապարակվել է European Society of Cardiology-ի կողմից 2025 թվականին (տես՝ ESC Guidelines), որտեղ հստակ ներկայացված է հոգեսոցիալական սթրեսի դերը առողջության վրա։

Սոցիալական մեկուսացումը ճանաչվում է որպես հոգեսոցիալական սթրեսի առանձին ենթակետ։ Հոգեսոցիալական գործոնները, որպես ամբողջություն, համարժեք ուժգնության ռիսկի գործոններ են՝ մեր կողմից հայտնի դասական ռիսկի գործոններին։

Քրոնիկական հոգեբանական սթրեսը ուղղակիորեն կապված է սրտանոթային հիվանդությունների զարգացման և ծանրացման բարձր ռիսկի հետ։ Հետևաբար հոգեսոցիալական սթրեսի կառավարումը պետք է հանդիսանա սրտանոթային հիվանդությունների համապարփակ բուժման, առողջապահական խնամքի և կանխարգելման անբաժանելի մաս։

Ստորև ներկայացվում է համապատասխան պատկերային նյութը։

15.01.2026 թվական»։