կարևոր
502 դիտում, 5 ժամ առաջ - 2025-10-11 11:55
Հասարակություն

Սաղ օր տանջվում, չարչարվում ենք, բայց անուշադրության ենք մատնված պետության կողմից․ Հովք համայնքի բնակիչների մտահոգությունը

Տավուշի մարզի Հովք համայնքի բնակիչներն 90-ականներին Արցախից բռնի տեղահանված ընտանիքներ են։ Շատերը Հովքը նմանեցրել են իրենց ծննդավայրին, նորից տուն-տեղ դրել և սկսել են զբաղվել հողագործությամբ ու անասնապահությամբ։

Բայց, ինչպես գրեթե բոլոր գյուղերում, խնդիրները շատ են, իսկ գյուղացին մենակ է իր խնդիրների հետ։ Մեկի տան տանիքը, մյուսի գոմը, երրորդի ջերմոցը վերանորոգման կարիք ունի, բայց դրա համար համապատասխան միջոցներ չունի գյուղացին։

Արդեն հոկտեմբերն է և հոգսերին ավելանում է նաև ջեռուցման խնդիրը։
Գյուղում գազ կա, բայց ոչ բոլոր բնակիչները տանը գազ ունեն, ովքեր էլ ունեն, գազով ջեռուցումը թանկ հաճույք են համարում։ Նախկինում կարողացել են անտառից փայտ բերել, հիմա խստացրել են և գյուղացին դրանից էլ է զրկվել։ Հույս ունեն, որ գոնե սոցիալապես անապահովներին մի քանի խ/մ փայտի կտրոններ կտրամադրեն։

Կարինե Ալքումյանը, խոսելով գյուղացու խնդիրների մասին, ավելացնում է նաև բանկային քարտով կենսաթոշակ ստանալու խնդիրը։
-Գյուղում այդ ծրագիրը չի գործում, ոչ միայն քարտով չենք կարողանում թոշակը ստանալ, այլև հետվճարայինից չենք կարող օգտվել, գյուղում ով է քարտով առևտուր անում, ուրեմն էդ հետվճարայինն էլ գյուղացու համար սուտ ու չեղած բան է։ Ուրեմն ում համար է թոշակն ավելացել, գյուղացին էլի իր հին տաշտակի առաջ է,-ասում է Կ․ Ալքումյանը։

Հովքի տների մեծ մասը լքված են, գյուղը ծերանում է, փողոցները դատարկ են ու ամայի, որովհետև գյուղացու ապրելակերպը տարեցտարի վատանում է, ասում են բնակիչները։

Մանրամասն՝ տեսանյութում։