|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Երեկ, մի քանի քահանաների թվում, տիրադավներին միանալու հայտարարություն արեց նաև Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հայր Տեր Շմավոն քհն. Ղևոնդյանը։
Հայտարարությունից ժամեր անց Yerkir.am զանգահարած քաղաքացին, ով չցանկացավ ներակայնալ, մեզ պատմեց, որ տարիներ առաջ Տեր Շմավոնը Երուսաղեմ ուխտավորների խումբ տանելիս սիգարետների տուփեր և կոնյակներ է պահ տվել խմբի անդամների մոտ, որպեսզի այդ ապրանքների խմբաքանակը իրացնի Երուսաղեմում և գումար աշխատի։ Երուսաղեմի օդանավակայանում սակայն առգրավվել են մաքսանենգ ապրանքը ու կանխել դրա իրացումը։
Հեռախոսով կապ հաստատեցինք Տեր Շմավոնի հետ՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք ճիշտ է մեզ հասած տեղեկությունը։
Տեր Շմավոնին հայտնեցինք, որ իրեն զանգահարում են Yerkir.am խմբագրությունից հայտնելով, որ զրույցը ձայնագրվում է, և ցանկացած պատասխան բառացի մեջբերվելու է։
Լսելով կոնյակ և սիգարետ իրացնելու վերաբերյալ մեր հարցը Տեր Շմավոնը միանգամից հերքեց․
- Նման բան չկա, նման բան չկա, երբևիցե չի եղել։
-Բայց, ինչպես ասում են, առանց ծուխ կրակ չի լինում Տեր Շմավոն։
-Դա, ով արել է, իմ ձեռքի տակի սարկավագն է եղել, խոսքը 2015 թվականի մասին է, հետո որպեսզի ամեն ինչից դուրս պրծնի՝ իմ վրա է գցել։ Կարգապահական հանձնաժողովը քննել է հարցը, ես այդտեղ որևիցե խնդիր չունեմ, կապ չունեմ դրա հետ։ Ես շնորհակալ եմ, որ դուք ուզում եք ճշտել։
-Տեր Հայր, միգուցե կարգապահական հանձնաժողովում քննված ձեր գո՞րծն է պատճառ հանդիսացել, որ այսօր թիկունքով եք շրջվել Մայր աթոռին ու Վեհափառ Հայրապետին։
- Ես ոչ մեկին թիկունքով չեմ շրջվել։
- Իսկ ինչո՞ւ եք նեղացած Մայր Աթոռից, Գահակալից և Մայր Եկեղեցուց, ինչո՞ւ։
- Ես նեղացած չեմ ո՛չ Եկեղեցուց, ոչ Մայր Աթոռից, ոչ էլ Գահակալից։
- Իսկ գուցե, իրավապահ մարմինների կողմից կոմպրոմանտներ կա՞ն Ձեր վրա, որ դիմել եք այդ քայլին։
-Այս ամենն իմ որոշումն է։
- Իսկ ի՞նչն է հիմք հանդիսացել Ձեր որոշման համար։ Մեր բազմահազար լսարանը նաև մեզ է գրում, հարյուրավոր զանգեր ենք ստանում, մարդկանց հետաքրքիր է Ձեր որոշման պատճառը։
-Եկեղեցում գոյություն ունեցող խնդիրները տարիներ շարունակ լուծում չեն գտնում։
-Ո՞ր խնդրի մասին է խոսքը։
-Բազում են, մեկը մյուսից բխող խնդիրներ են, միայն այն, որ այսօր Եկեղեցին չի կառավարվում Սահմանադրությամբ, որովհետև Սահմանադրություն չունի, 30 տարի շարունակ չի ընդունվել Սահմանադրությունը։
-Տեր Շմավոն, բայց ՀՀ Սահմանադրությամբ կարգավորվում է պետություն-եկեղեցի հարաբերությունը, նաև Եկեղեցին ունի 200 տարվա կանոնակարգ, որով կարգավորվում է ներեկեղեցական կյանքը։
- Դրանք տարբեր ժամանակներում գրված կանոններ են, տարբեր ժամանակաշրջաններում։
-Հիմա Ձեր պահանջը ո՞րն է։
- Իմ պահանջը չի, ես ուղղակի միացել եմ իմ առաջնորդին (խմբ․ նկատի ունի Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանին):
- Ձեր առաջնորդին՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին մեղադրում են օֆշորային գոտիներում փողերի լվացման մեջ, այլ մեղքերի մեջ։ Ստացվում է Դուք այսօր կանգնել եք այն տիրադավ տասնյակի կողքին, որոնցից յուրաքնչյուրին մի մեղք է վերագրվում։
- Ես կանգնել եմ իմ անմիջական առաջնորդի կողքին։
- Իսկ եթե Ձեր առաջնորդը կարգալույծ արվի, այդ դեպքում Ձեր հետագա ընթացքը ինչպե՞ս է լինելու, էլի համարելո՞ւ եք առաջնորդ։
- «Եթե»-ով չի, իսկ եթե վաղը ձյուն չկա, իսկ եթե արև լինի, իսկ եթե վաղը երկրաշարժ լինի․․․
-Տեր Շմավոն, փաստացի մեր հազարամյա Մայր եկեղեցին նաև մեր պետության հիմնասյուն է, այսօր տիրադավներով, որոնց միացել եք նաև Դուք, ընդվզում եք մեր հազարամյա պետականությունը պահող Եկեղեցու դեմ, մեր հոգևոր անվտանգության հիմնասյունն եք քանդում, ինչո՞ւ եք խարխլում մեր պետության հիմքերը։ Սերունդներին ի՞նչ եք պատասխանելու ձեր այս քայլով։
- Ինչ-որ պատասխան կտամ, կտամ։
Ի դեպ, զրույցի ընթացքում Տեր Շմավոնին զարյարցրեց այն, որ երկրորդ անգամ օգտագործեցինք տիրադավ բառն ու հիշեցրեցինք, որ միացել է տիրադավների հիթ շքերթին։ Ավելին՝ պահանջեց չօգտագործել «տիրադավների հիթ շքերթ» արտահայտությունը, նույնիսկ պահանջեց զրույցը որպես նյութ չհրապարակել։
Ի պատասխան` հիշեցրինք, որ ցանկացած իրավիճակին գնահատական տալը, վերաբերմունք արտահայտելը, հատկորոշելը բացառապես լրատվամիջոցի և լրագրողի իրավունքն է, և որևէ մեկն իրավունք չունի արգելել լրագրողին օգտագործելու կոնկրետ «տիրադավ» բառը։
Վերադառնալով մեր զրույցի բուն թեմային, Տեր Շմավոնին խնդրեցինք հիշեցնել այն սարկավագի անուն-ազգանունը, որը մաքսանենգ ճանապարհով կոնյակ ու սիգարետ իրացնելու մեջ, ինչպես ինքն է նշում, մեղադրել էր իրեն։
-Նա ուրարակիր էր, ազգանուն չեմ էլ հիշում, անունը՝ Արման։