կարևոր
832 դիտում, 1 օր առաջ - 2026-01-05 17:23
Հասարակություն

Կճոյանը թեմի փակ խմբում պարտադրում է վաղը չընթերցել Վեհափառ Հայրապետի ուղերձը․ 168․am

Կճոյանը թեմի փակ խմբում պարտադրում է վաղը չընթերցել Վեհափառ Հայրապետի ուղերձը․ 168․am

168.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանի հանցակից Նավասարդ Կճոյանը Արարատյան Հայրապետական թեմի քահանաների փակ խմբում պարտադրում է թեմի բոլոր եկեղեցիներում այսօրվա Ճրագալույցի Սուրբ Պատարագին կարդալ իր ուղերձ-քարոզը, իսկ վաղը՝ Սուրբծննդյան Բուն Պատարագին Վերհափառ Հայրապետի Սուրբծննդյան ուղերձի փոխարեն այլ քարոզներ ներկայացնել։

Ըստ կարգի` այսօրվա Ճրագալույցի Պատարագին հոգևորականները իրենց քարոզն են կարդում, մինչդեռ վաղը` Սուրբծննդյան Պատարագին Հայոց բոլոր եկեղեցիներում կարդացվում է Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձը։

Սակայն պարզվում է` Նավասարդ Կճոյանը թեմի փակ խմբում հակաեկեղեցական ցուցումներ է տարածում։

168.am-ի ձեռքի տակ է հայտնվել Viber հավելվածում Արարատյան Հայրապետական թեմի փակ խմբում տարածված հրահանգը, որով Նավասարդ Կճոյանն իր թեմի քահանաներին պատվիրում էր այսօր կարդալ իր ուղերձը, իսկ վաղը` յուրաքանչյուրն իրենը։

«Ուշադրություն, ուշադրություն՝ Հունվարի 5-ի Ճրագալույցի պատարագին պետք է ընթերցվի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի շնորհավորական ուղերձը (որը ուղարկվում է), իսկ Հունվարի 6-ին պատարագիչ քահանաները թող ունենան պատրաստի քարոզ և ընթերցեն իրենց քարոզը, եթե այլ ցուցումներ չլինեն»,-ասված է տարածված շրջաբերականում։

Սա փորձ է ուղիղ կերպով խոչընդոտել Հայոց Հայրապետի ուղերձի ընթերցումն ու տարածումը Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներում, ինչը ոտնահարում է նաև հավատացյալ ժողովրդի իրավունքները։ Այսպիսի ցուցումը հակասում է Հայ եկեղեցու կարգ ու կանոնին, ինչպես նաև բազմադարյա ավանդույթին, ուստի անպայման պետք է իր հետևանքներն ունենա։