|
Փոխարժեքներ
30 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 448.71 |
| RUB | ⚊ | ₽ 4.9132 |
| GBP | ⚊ | £ 514.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.69 |
2025-ին նույնպես ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցի աշխատանքները շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության վերադարձի իրավունքի իրացման, Բաքվում պահվող հա պատանդների ազատ արձակման, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանության, Հայաստանում արցախահայության սոցիալ-տնտեսական օժանդակության, ադրբեջանական էթնիկ զտման քաղաքականության որպես այդպիսին բնորոշման, Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշման մեծացման, պատժամիջոցների կիրառման և այլ ուղղություններով։
Ստորև ամփոփ ներկայացնում ենք ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի աշխարհասփյուռ կառույցի 2025 թվականի կատարած աշխատանքը՝ արցախցիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ․
2025-ին գործարկվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ երկլեզու տեղեկատվական կայք․
Կայքը օգտակար է Ադրբեջանում անօրինական պահվող հայ գերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ինչպես հայկական, այնպես էլ օտար կազմակերպությունների համար՝ իբրև տեղեկատվական շտեմարան։
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին Boeing բեռնատար ինքնաթիռների վաճառքի ֆինանսավորուման արգելափակման ուղղությամբ ակտիվ աշխատանք է իրականացրել․
Ըստ Հայ դատի հանձնախմբի՝ նմանատիպ ինքնաթիռների տրամադրումն Ադրբեջանին խախտում է ամերիկյան օրենսդրությունը, այդ թվում երկակի նշանակության արտադրանքների արտահանման մասով, խաթարում է տարածաշրջանային խաղաղության ջանքերին և Ադրբեջանին հավելյալ ռազմական առավելության հնարավորություն է տալիս։
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների դատավարության միջազգային արձագանքներ
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների աշխատանքների արդյունքում հնարավոր է եղել միջազգային տարբեր կառույցներից ստանալ արձագանքներ՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին և միջազգային հանրությանը՝ Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և առհասարակ հայ պատանդների ու ռազմագերիների արդար դատաքննության, իրավունքների լիարժեք հարգման և ազատ արձակման վերաբերյալ։
Մասնավորապես, խնդրին անդրադարձել են մոլորակի խոշորագույն քաղաքական կազմակերպություն՝ Սոցիալիստական ինտերնացիոնալը, տարբեր երկրների ու միջազգային կազմակերպությունների խորհրդարանների անդամներ։
Հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերը եղել են հայ համայնքների առանցքային հանձնառությունը․ պայքար, որը հենց ցեղասպանությունը վերապրածներին թույլ է տվել կազմակերպվել և մոբիլիզացվել արդարության հասնելու իրենց արժանապատիվ իրավունքի շուրջ: Ցանկացած ժխտողականություն պետք է հանդիպի վճռական մերժման, հայ ժողովրդին ու Հայաստանը ոչնչացնել ցանկացողների հանդեպ ստրկամիտ քաղաքականությունը պետք է անհապաղ փոփոխվի»․ Եվրոայի Հայ դատ
Կանադայի արտգործնախարարը կարևորել է արցախահայության վերադարձի և ինքնորոշման իրավունքների ապահովումը․
Հայ դատի Կանադայի հանձնախմբի և Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի պաշտոնական շփումների արդյունքում Հայ դատի հանձնախումբը ստացել է նախարար Ժոլիի գրությունը, որտեղ վերջինս առանցքային նշանակության շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և Հայաստանի Հանրապետության անվտանգային խնդիրների վերաբերյալ։
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, Միջազգային կրոնական ազատության գագաթաժողովի շրջանակներում, Ադրբեջանին միջազգային պատասխանատվության ենթարկելու կոչ է արել
Մարտի 13-ի լիագումար նիստում Եվրոպական խորհրդարանը ձայների 523 կողմ, 3 դեմ և 84 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց «Հայ պատանդների, այդ թվում՝ «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի կալանավորման և կեղծ դատավարությունների վերաբերյալ» վերտառությամբ բանաձևը, ինչին նախորդել էր նույն թեմայի շուրջ խորհրդարանական քննարկումը մարտի 12-ին։
Բանաձևն արձանագրում է 23 հայ ռազմագերիների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան պաշտոնյաները գերեվարումը էթնիկ զտումներից հետո, մի իրավիճակ, որը, ըստ խորհրդարանի, պահանջում է միջազգային մոնիտորինգ, որ պետք է իրականացվի Եվրոպական միության կողմից։
Հրապարակվել են զեկույցներ արցախահայության արժանապատիվ սգի հնարավորության և պայթյունի հետևանքով 23 անհետ կորած անձանց վերաբերյալ
Հայ դատի համակարգում գործող, Վաշինգտոնում տեղակայված Հայկական իրավական կենտրոնի և Երևանում գործող Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի համագործակցության արդյունքում հրապարակվել են խիստ հրատապություն ունեցող երկու զեկույցներ՝ վերնագրված ՝ «Պայքար արժանապատիվ սգի և հուղարկավորության համար» և «23 անհետ կորած վառելիքի պահեստի պայթյունից հետո»։
Հայ իրավական կենտրոնը մասնակցել է ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հանձնաժողովի 69-րդ նստաշրջանի աշխատանքներին․ Հայ իրավական կենտրոնը շարունակում է արդարության և կայուն լուծումների կոչ անել նրանց համար, ովքեր տուժել են Արցախում, Լիբանանում, Սիրիայում և այլուր։
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբի կոչը ․ «Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը ձգտում է իրական խաղաղության՝ արդար և տևական խաղաղության, որը հարգում է հայ ազգի իրավունքները և ապահովում է հայերի վերադարձը Արցախ՝ ոչ թե կեղծ «խաղաղության»՝ Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության միակողմանի զիջման, որը Երևանին պարտադրվում է զենքի սպառնալիքի ներքո»։
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է Շվեյցարիայի խորհրդարանի որոշումը
Մարտի 18-ին Շվեյցարիայի Դաշնային ժողովի վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը, ընդունեց № 24.4259 որոշումը՝ «Խաղաղության ֆորում Լեռնային Ղարաբաղի համար․ հնարավորություն տալ հայերի վերադարձին»: Այս որոշումը, որը նախապես ընդունվել էր Ազգային խորհրդի՝ Շվեյցարիայի Դաշնային ժողովի ստորին պալատի կողմից, պարտավորեցնում է Շվեյցարիայի կառավարությանը ստեղծել միջազգային ֆորում՝ նպաստելու և ապահովելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնիկ հայերի վերադարձի իրավունքը։
ԱՄՆ վաթսուն կոնգրեսականներ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Նշելով Բաքվի կողմից Արցախի 120․000 բնիկ հայ քրիստոնյա բնակչության էթնիկ զտումները, ինքնիշխան հայկական տարածքների շարունակական օկուպացիան, ինչպես նաև հայ գերիների անօրինական կալանավորումն ու բռնությունները։
Բելգիայի Ներկայացուցիչների պալատում, Գասպար Կարապետյանի մասնակցությամբ, լսումներ են անցկացվել Արցախի վերաբերյալ
Լսումը ներառել է դիվանագիտական և հայ համայնքի ներկայացուցիչների ելույթներ, որոնք հանձնաժողովին տրամադրել են անհրաժեշտ պատկերացումներ Արցախի հայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի համար։
ԱՄՆ Կոնգրեսում պատասխանատվություն են պահանջել հայության նկատմամբ իրագործված ցեղասպանությունների համար, կարևորել արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը
Ապրիլի 2-ին ԱՄՆ Կոնգրեսում անցկացվել է Հայոց ցեղասպանության ամենամյա ոգեկոչման միջոցառումը: Վերջինիս մասնակից՝ Կոնգրեսի երկու կուսակցությունները ներկայացնող պաշտոնյաները, պահանջել են Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակում, տեղահանված արցախահայերի վերադարձի իրավունքի ապահովում, ինչպես նաև ԱՄՆ-ի պատժամիջոցներ Ալիևի և Էրդողանի վարչակարգերի նկատմամբ՝ նրանց պատերազմական հանցագործությունների և ցեղասպանական էթնիկ զտումների համար:
Հայոց ցեղասպանության ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և հաշտեցման հիմնաքարն է.
Եվրոպական խորհրդարանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության տարելիցը, զուգահեռներ անցկացրել Արցախում իրականացված էթնիկ զտման հետ
Եվրոպական խորհրդարանի ապրիլի 3-ի լիագումար նիստի ընթացքում հատուկ ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Խորհրդարանականները Թուրքիային և Ադրբեջանին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ որպես հաշտեցման կարևոր քայլ և խստորեն քննադատել ԵՄ-ի շարունակական համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ չնայած վերջինիս գործողություններին։
Հայ գերիների ազատ արձակման պահանջով խնդրագիր՝ ուղղված ԵԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյաներին
Ադրբեջանի կողմից կալանավորված հայ պատանդների ազատ արձակմանը նպաստելու համար ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը վեց լեզվով գործարկել է մի հարթակ, որի միջոցով հնարավոր է դիմել ԵԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյաներին՝ վերջիններիս կոչ անելով ձեռնարկել ԵԱՀԿ-ի իրավասության ներքո գտնվող մեխանիզմներ, որոնք թույլ կտան տեղում մոնիթորինգի ենթարկել դատավարությունների օրինականությունը, հայ գերիների պահման պայմաններն ու նրանց առողջական վիճակը և հանդես գալ համապատասխան քաղաքական դիրքորոշմամբ։
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը հանդես է եկել հայ գերիներին ազատելու և Հայաստանի անվտանգության ապահովման կոչով
Ամերիկյան 36 Կոնգրեսականներ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են անում ուժեղացնել ճնշումը Ադրբեջանի վրա՝ հայ գերիներին ազատ արձակելու պահանջով
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է կոնգրեսականների այս երկկուսակցական նամակը՝ որպես պատասխանատվությանը և արդարության վերականգմանն ուղղված կարևոր քայլ։
Հայ դատի համակարգում գործող, Վաշինգտոնում տեղակայված «Հայկական իրավական կենտրոնը» խստորեն դատապարտել է ադրբեջանցի պատերազմական հանցագործ Քամիլ Զեյնալլիի նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցնելու՝ Հայաստանի կառավարության որոշումը։
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ աշխատանքային քննարկում է կազմակերպվել «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակում
Նախորդ շաբաթ գումարված «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակի նիստում քննարկվել է Շվեյցարիայի Դաշնային ժողովի վերին պալատի՝ Կանտոնների խորհրդի, «Խաղաղության ֆորում Լեռնային Ղարաբաղի համար․ հնարավորություն տալ հայերի վերադարձին» որոշումը: Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչ Սարգիս Շահինյանը մանրամասնել է որոշման գործընթացը։ Նկատի ունենալով, որ այս որոշումը պարտավորեցնում է Շվեյցարիայի կառավարությանը մեկ տարվա ընթացքում գումարել Ադրբեջանի և արցախահայության ներկայացուցիչների միջև միջազգային ֆորում՝ միջազգային անվտանգության երաշխիքների ներքո խթանելու արցախահայության վերադարձի իրավունքը՝ Շահինյանը ներկայացրեց հավանական գործընթացի կարելիությունները։
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունել է Կալիֆոռնիայի շրջանային դատարանի որոշումը
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունել է Կալիֆոռնիայի հարավային շրջանի դաշնային դատարանի՝ վերջերս կայացրած որոշումը մերժելու Այնուր Բաղիրզադեի ներկայացրած դատական հայցը։
Հայ դատի հանձնախումբը դատապարտել է նախագահ Թրամփի կողմից «ցեղասպանություն» եզրույթի չկիրառումը
Ուրուգվայի խորհրդարանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը
24 տարի ի վեր, ապրիլի 23ին, Ուրուգվայի խորհրդարանի միջոցառումների հատուկ հանդիսասրահում տեղի է ունենում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում։
ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայ ռազմագերիների հարցով դիմել է ԵԱՀԿ պատասխանատուներին
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ի պաշտպանություն արցախահայության վերադարձի իրավունքի` Շվեյցարացի խորհրդարանականները մեկնարկել են նոր հարթակ
2025 թվականի մայիսի 26-ին Բեռնում իր աշխատանքներն է մեկնարկել «Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությանն» աջակցող 19 պատգամավորներից կազմված միջկուսակցական հանձնախումբը՝ օժանդակելու արցախահայության վերադարձի իրավունքի իրացման համար միջազգային անհրաժեշտ մեխանիզմներ կենսագործելու մասին՝ Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատի մարտի 18-ի որոշմանը, ինչը երկրի գործադիր իշխանության համար ունի իրավակիրառ պարտադիր նշանակություն:
Ադրբեջանը ՄԱԿ-ում փորձել է սահմանափակել արցախահայության իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության աշխատանքները
Ադրբեջանը պաշտոնական բողոք է ներկայացրել ՄԱԿ-ում հավատարմագրված հասարակական կազմակերպությունների հանձնաժողովին՝ ընդդեմ «Քրիստոնեական միջազգային համերաշխություն» (CSI) կազմակերպության, որը ՄԱԿ-ում խորհրդատվական կարգավիճակով ունեցող, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություն է և աշխատանքներ է իրականացնում արցախահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ։
Ադրբեջանում արդարադատության խոչընդոտման և ապացույցների կեղծման համակարգված պրակտիկան զեկույց է պատրաստվել
Ադրբեջանը չարամտորեն ապակողմնորոշում է Իսլամական համագործակցության կազմակերպությանը
2025թ․ հունիսի 21-22-ը Ստամբուլում գումարված՝ Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարական խորհրդի հերթական նիստի արդյունքում ընդունվել է հայտարարություն, որի, ինչպես նաև առանձին բանաձևերում՝ Հայաստանին և տարածաշրջանին վերաբերող հատվածները ապակողմնորոշող են, անընդունելի և խիստ մտահոգիչ։
Արցախահայության վերադարձի իրավունքի իրացմանն ուղղված շվեյցարական նախաձեռնությանը նվիրված ներկայացուցչական քննարկում ԱՄՆ Կոնգրեսում
ԱՄՆ Կոնգրեսում, հուլիսի 8-ին, անցկացվել է կոնգրեսական բրիֆինգ՝ նվիրված բռնի տեղահանված արցախահայության հավաքական և պաշտպանված վերադարձը կազմակերպելուն միտված շվեյցարական խաղաղության նախաձեռնությանը։
Բելգիայի Դաշնային խորհրդարանն ընդունել է Արցախի մասին բանաձև՝ դատապարտելով Ադրբեջանին
2025թ. հուլիսի 18-ին Բելգիայի երկպալատ դաշնային խորհրդարանի ստորին մարմինը՝ Ներկայացուցիչների պալատը, միաձայն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի իրավիճակի և Հարավային Կովկասում խաղաղության անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևը: Այս բանաձևն ի սկզբանե դրական կարծիք էր ստացել Բելգիայի Դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից հուլիսի 2-ին՝ միաձայն քվեարկության արդյունքում։
ԱՄՆ 87 կոնգրեսականներ Սպիտակ տան վարչակազմին կոչ են անում ապահովել հայերի անվտանգ վերադարձը Արցախ
Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան ութսուն անդամների երկկուսակցական կոչը, որը, ըստ էության, ներկայացնում է ԱՄՆ-ի քսանչորս նահանգները՝ ընդգրկելով ավելի քան 66 միլիոն ամերիկացիների։ Նրանք ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են անում՝ ապահովել բռնագաղթված հայերի «համախմբված, պաշտպանված և արժանապատիվ վերադարձը» իրենց բնօրրան՝ Արցախի Հանրապետություն (Լեռնային Ղարաբաղ), միջազգային իրավունքի շրջանակներում և Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման նպատակով։
Հայտարարություն ԵԱՀԿ Մինսկի գործընթացի լուծարման վերաբերյալ
Սպիտակ տան կողմից քաջալերված փաստաթուղթը կլեգիտիմացնի Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Սպիտակ տանը նախատեսված՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայանալիք գագաթնաժողովի բոլոր մասնակիցներին կոչ է արել ձգտել սկզբունքային և տևական խաղաղության՝ հիմնված արդարության, պատասխանատվության, բռնի տեղահանված հայության վերադարձի, ինչպես նաև Հայաստանի անվտանգության ու ինքնիշխանության պահպանման վրա։
Կանադան շարունակում է պնդել արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման և գերիների ազատ արձակման անհրաժեշտությունը
Հայ դատի Կանադայի հանձնախումբը տեղեկացնում է, որ օգոստոսի 10-ին Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդը, հայ-ադրբեջանական՝ վաշինգտոնյան պայմանավորվածությունների վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ, ի թիվս այլնի նկատել է․ «Դիվանագիտական բանակցությունների միջոցով ձեռք բերված այսպիսի համաձայնությունները հստակ ուղի են բացում Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համար, որը կօգնի լուծել մնացած խնդիրները, այդ թվում՝ բոլոր հայ ռազմագերիների և ձերբակալվածների ազատ արձակումը, հայ քաղաքացիական անձանց անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքի ապահովումը, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանումը։
ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը փաստում է Ադրբեջանի կողմից հայերին պատանդառության մեջ պահելը, Արցախի էթնիկ զտումը և քրիստոնեական ժառանգության ոչնչացումը
ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է Ադրբեջանում մարդու իրավունքների մասին 2024թ․ զեկույցը, որում տեղ գտած օբյեկտիվ դիրքորոշումների լույսի ներքո Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ամերիկյան վարչակազմին կրկին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները դադարեցնելու համար, կիրառել 907-րդ բանաձևը, ինչպես նաև ադրբեջանական պատերազմական հանցագործների համար գործադրել «Գլոբալ Մագնիցկու» պատժամիջոցները, ապահովել հայ ռազմագերիների ու գերիների անվերապահ ազատ արձակումը։
Հայ դատի տարածաշրջանային գրասենյակների արձագանքը ԵԱՀԿ Մինսկի գործընթացի լուծարման կապակցությամբ
Հայ դատի Վաշինգտոնի, Բրյուսելի, Մոսկվայի, և Ֆրանսիայի գրասենյակները խստորեն դատապարտելով Հայաստանի հանդեպ ուժի և սպառնալիքի կիրառման քաղաքականության պայմաններում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման փաստը, միաժամանակ հանդես են գալիս արցախահայության հիմնարար իրավունքների պատշտպանության նպատակով միջազգային իրավասու մարմնի ստեղծման օգտին։
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը պաշտպանում է 2026 թ․ NDAA-ի հայանպաստ փոփոխությունները
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ Կոնգրեսում քննարկվող 2026 թ․ «Ազգային պաշտպանական իրավասությունների ակտի» մի շարք հայանպաստ օրենսդրական նախաձեռնությունների աջակցությամբ ։
«Ադրբեջանի պատժամիջոցների վերանայման մասին» օրինագիծը ներկայացվել է ԱՄՆ Կոնգրեսում
Օրինագծի հիմնավորումներում ներկայացվում են Ադրբեջանի հանցագործությունները՝ ներառյալ 2020թ․ պատերազմը, 2023թ․ ցեղասպանական գործողությունները, ինչպես նաև հայ գերիների ապօրինի պահման, խոշտանգումների ու կեղծ դատավարությունների շարունակվող քաղաքականությունը։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին և ապահովել Արցախից տեղահանվածների վերադարձը
Հայ դատի համակարգի ներկայացուցիչները Վարշավայում մասնակցել են ԵԱՀԿ մարդու իրավունքների խորհրդաժողովին
«Խաղաղության օրինագիծը»՝ Ադբեջանի ագրեսիան կասեցնելու ոչ թե իրական, այլ սիմվոլիկ գործողություն
ԱԼԵՔՍ ԳԱԼԻՑԿԻ, Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի քաղաքականության հարցերով տնօրեն
Չնայած այն պնդումներին, թե «Խաղաղության օրենքը» կկիրառի «նախադեպը չունեցող պատժամիջոցներ» Ադրբեջանի դեմ՝ այն փաստացի «թղթե վագր» է նախատեսված, կարծես, կոշտ երևալու համար, սակայն իրականում անպետք, անիրագործելի և սահմանափակ շրջանակով։ Պատժամիջոցները կկիրառվեն միայն Հայաստանի նկատմամբ «նոր ագրեսիայի» պարագայում՝ անտեսելով Ադրբեջանի կողմից ինքնիշխան հայկական տարածքների շարունակական օկուպացիան, հայ գերիների պատանդառումը ու նրանց նկատմամբ բռնությունը, հայկական մշակութային ժառանգության և ունեցվածքի ոչնչացումը, ինչպես նաև արցախահայության՝ իրենց տները անվտանգ և արժանապատիվ վերադառնալու իրավունքը։
ՀՅԴ պատվիրակությունը մասնակցել է PES-ի կոնգրեսին
Հայ Յեղափոխական Դաշնակցության պատվիրակությունը հոկտեմբերի 16-18-ը Ամստերդամում մասնակցում է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության (PES) կոնգրեսի աշխատանքներին:
Ամստերդամում ընթացող Եվրոպայի սոցիալիստների կուսակցության կոնգրեսն ընդունել է մի շարք բանաձևեր, որտեղ տեղ են գտել ՀՅ Դաշնակցության կողմից ներկայացված դրույթներ։
Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը, Հայ դատի հանձնախմբի ուղեկցությամբ, հանդիպել է կանադայի վարչապետին
Ամերիկյան 27 սենատորներ պահանջել են ապահովել հայ գերիների ազատ արձակումն ու Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը
Սոցիալիստական ինտերնացիոնալն ընդունել է Արցախի վերաբերյալ բանաձև
Նոյեմբերի 30-ին Սոցիալիստական ինտերնացիոնալը ընդունել է մի քանի բանաձեւեր, որոնցից մեկը՝ «Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ իրավիճակի մասին է»։
Բանաձեւում ասվում է.
«Սոցիալիստական ինտերնացիոնալը հաստատում է՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղություն ապահովելու համար պետք է հաշվի առնվեն մի շարք կարևոր չափորոշիչներ։ Պատերազմական միջոցներով իրավիճակը չի կարող կարգավորվել, եւ գործընթացը պետք է հաջողություն ունենա միայն այն դեպքում, երբ այն ներառում է.
ա) Լեռնային Ղարաբաղից 2020 թվականի պատերազմից հետո եւ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին բոլոր տեղահանվածների կամավոր, անվտանգ, արժանապատիվ, անխոչընդոտ ու միջազգայնորեն երաշխավորված վերադարձի ապահովումը։
բ) Բաքվում գտնվող 23 մնացած հայ գերիների անմիջական ազատ արձակման խթանումը՝ ներառյալ Դավիթ Իշխանյանի (Սոցիալիստ ինտերնացիոնալի 26-րդ Կոնգրեսի մասնակից, Մադրիդ, 2022)։ Բաքվի ռազմական դատարանում տեղի ունեցող փակ եւ քաղաքական շարժառիթներով դատական ընթացակարգերի թափանցիկության ապահովումը միջազգային ստանդարտներին համապատասպանեցումը։
գ) Լեռնային Ղարաբաղում հայկական կրոնական եւ մշակութային ժառանգության ոչնչացման կամ աղավաղման կարգավորումը՝ պահպանելով տարածաշրջանի պատմական ժառանգությունը։
Հայ դատի գրասենյակները և հանձնախմբերը շարունակում են աշխարհի տարբեր ծայրերում բարձրաձայնել արցախահայության ձայնը՝ փորձելով լսելի դարձնել Արցախի ժողովրդի՝ վերադարձի արդար իրավունքի պահանջը։
Նյութերը՝ ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական գրասենյակի
Ամփոփումը՝ Ապառաժ-ի