կարևոր
655 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-23 16:37
Աշխարհ

Ուկրաինայում ռուսական զանգվածային հարվածներից կան զոհեր

Ուկրաինայում ռուսական զանգվածային հարվածներից կան զոհեր

Ուկրաինայի բազմաթիվ շրջանների ուղղությամբ ռուսական զանգվածային հարվածների հետևանքով երեք մարդ է զոհվել, մի քանի մարզում վնասվել է էներգետիկ ենթակառուցվածքը։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ 

Ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալների՝ ռուսական կողմն օգտագործել է 635 հարվածային անօդաչու թռչող սարք և 38 հրթիռ, այդ թվում՝ 3 աերոբալիստիկ «Կինժալ» հրթիռ։ Ըստ ուկրաինական կողմի՝ վերջիններս չեն հասել նշանակետին։

Ռուսական կողմը հայտնել է, որ այս հարվածը պատասխանն էր «Ռուսաստանի տարածքում քաղաքացիական օբյեկտների վրա Ուկրաինայի ահաբեկչական հարձակումներին»։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «Կինժալ»-ները հասել են նշանակետին։ 

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է 3 մարդու մահը Կիևի, Խմելնիցկու և Ժիտոմիրի մարզերում։ Նա նշել է, որ ռուսական հարվածների թիրախում են եղել էներգետիկան, քաղաքացիական ենթակառուցվածքը։

Ժիտոմիրում զոհվել է 4 տարեկան երեխա, հինգ մարդ վիրավորվել է։ Կիևի մարզում զոհվել է 1 կին, ևս 5 մարդ վիրավորվել է։ Երրորդ զոհը Խմելնիցկու շրջանից է։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը և Ուկրաինան նոր հարվածներ են հասցրել իրար, կան վիրավորներ։