կարևոր
850 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-19 09:17
Քաղաքական

Անդրանիկ Քոչարյանը ուժայիններին «բերման ենթարկեց» Բաքոյանի դեմքով. «Ժողովուրդ»

Անդրանիկ Քոչարյանը ուժայիններին «բերման ենթարկեց» Բաքոյանի դեմքով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում երեկ անդրադարձել էին 17 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին. քննարկվում էր 2008 թվականի մարտի 1-ի թեման, իսկ ուժային կառույցների ներկայացուցիչները փորձում էին արդարանալ՝ պատասխանատվությունը տեղափոխելով իրենց նախորդների, նախկին իշխանությունների կամ այլոց վրա։

Բանն այն է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեպտեմբերի 18-ի՝ «Ֆարմանյանը եւ այլք ընդդեմ Հայաստանի» գործով կայացած վճռով արձանագրեց, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում պետությունը խախտել է կյանքի իրավունքը՝ ինչպես նյութական, այնպես էլ ընթացակարգային բաղադրիչներով, եւ փաստացի պատասխանատվություն է կրում մի շարք զոհերի մահվան համար։

Այս վճռից հետո Մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանը նախաձեռնել էր քննարկում ԱԺ լիագումար նիստերի դահլիճում։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ էին հասել, թե երեկվա քննարկման գաղափարի իրական հեղինակը ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն է: Վերջինս, ըստ աղբյուրների, հրաժարվել է անձամբ հանդես գալ այդ նախաձեռնությամբ, քանի որ իր կողմից կազմակերպված նախորդ լսումները անցել էին լարված ու աղմկոտ մթնոլորտում՝ հանգեցնելով լուրջ հետեւանքների. Նարեկ Զեյնալյանը մանդատից հրաժարվելու մասին SMS ստացավ եւ լքեց ԱԺ-ն, ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, ներքին գործերի նախարարը, ԲԴԽ նախագահը եւս հեռացան իրենց պաշտոններից։ Այդ պատճառով տեղեկություններ էին շրջանառվում, որ Անդրանիկ Քոչարյանը նախընտրել է գործընթացում «ներկայանալ» այլ պատգամավորի՝ երիտասարդ Ռուստամ Բաքոյանի միջոցով։

Ռուստամ Բաքոյանը, որը մինչ այս հրապարակային կերպով չէր անդրադարձել մարտի 1-ի իրադարձություններին, հանկարծակի ակտիվորեն առաջ է մղվել՝ նույն թեմայով լայնածավալ լսումներ կազմակերպելու նպատակով։ Ըստ նույն աղբյուրների՝ նիստին հրավիրված ուժային կառույցների ներկայացուցիչները, հյուրերը եւ ՀԿ-ների գործիչները եւս ընտրվել են Քոչարյանի «ղեկավարությամբ», եւ հենց նա է ապահովել նրանց ներկայությունը։

Այս հարցերի կապակցությամբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ Ռուստամ Բաքոյանից։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց. «Բացարձակ անհեթեթություն է։ Գաղափարը իմն է, կազմակերպչական բոլոր աշխատանքները եւ հրավիրյալների ընտրությունը ես եմ իրականացրել։ Քննարկման գաղափարը առաջացել է «Ֆարմանյանը եւ այլք ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ի կողմից կայացված վճռի հրապարակումից հետո: Դիմել եմ իրավասու պետական մարմիններին, իմ թիմակիցներին, ստացել եմ դրական արձագանք եւ կազմակերպել հանրային քննարկումը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Անդրանիկ Քոչարյանը եղել է «Մարտի 1»-ի գործով փաստահավաք խմբի ղեկավար, ինքս հրավիրել եմ պարոն Քոչարյանին՝ մասնակցելու քննարկմանը»։

Պետք է արձանագրել, որ ամեն դեպքում գործնականում դա քննարկում էր ոչնչի մասին. քանի որ մարտի 1-ի տասը զոհերից գոնե մեկի սպանությունը մինչ օրս բացահայտված չէ: Փաշինյանը իշխանության է մոտ 8 տարի»։