կարևոր
631 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-18 11:23
Հասարակություն

Թվայնացվում է «Իսքենդերուն» պարբերականի 1947 թ․ մինչև մեր օրեր ընդգրկող հավաքական հիշողությունը

Թվայնացվում է «Իսքենդերուն» պարբերականի 1947 թ․ մինչև մեր օրեր ընդգրկող հավաքական հիշողությունը

Մարթա Սյոմեք

«Իսքենդերուն» թերթի արխիվը, որը 1947 թ ի վեր ականատես է եղել տարածաշրջանի քաղաքական, սոցիալական և մշակութային կյանքին, տեղափոխվում է թվային միջավայր։ Անթաքիայի հույն ուղղափառ համայնքի և պատմության վերաբերյալ իր աշխատանքներով հայտնի «Նեհնա» նախաձեռնության կողմից իրականացվող աշխատանքն ապագայի համար պահպանում է ոչ միայն թերթի արխիվը, այլև՝ Անթաքիայի բազմամշակութային հիշողությունը։ «Նեհնայից» Ջան Թերբիյելին «Ակօս»-ին պատմել է իրենց նախագծի մասին։

Անթաքիայի ուղղափառ համայնքի ձայնը լսելի դարձնելու համար 2021 թ․ ստեղծված «Նեհնա» հարթակը, հիշողության աշխատանքի շրջանակներում, իրականացնում է արխիվային կարևոր նախագիծ։ «Իսքենդերուն» թերթի տպագիր արխիվը, որը հիմնադրվել է 1947 թ․ Իսքենդերունի (Ալեքսանդրետ-Ակունքի խմբ․) ուղղափառ համայնքի ներկայացուցիչ Սուփի Լևենթի կողմից և հրատարակվում է մինչ օրս, թվայնացվում է։ Նախագծի շնորհանդեսը տեղի ունեցավ Ստամբուլում, հոկտեմբերի 25-ին։

Նախագծի մասին զրուցեցինք «Նեհնայից» Ջան Թերբիյելիի հետ։

 

Ե՞րբ է հիմնադրվել «Իսքենդերուն» թերթը, ի՞նչ թեմաներ է այն լուսաբանել և ի՞նչ պարբերականությամբ է հրատարակվել։

«Իսքենդերուն» թերթը հիմնադրվել է 1947 թ․ հուլիսի 23-ին տարածաշրջանի ուղղափառ համայնքի ներկայացուցիչ Սուփի Լևենթի կողմից։ Հրատարակվել է ամեն օր՝ առանց ընդհատման 1947 թ․ մինչև 2011 թ․։ Համավարակի ժամանակ այն սկսել է տպագրվել շաբաթական երկու անգամ՝ տարածաշրջանի այլ տեղական թերթերի համատեղ որոշմամբ։ Այն շարունակում է հրատարակվել այդ ֆորմատով։ Մոտավորապես տասը տարի առաջ թերթը, տպագիր տարբերակից բացի, սկսեց հրատարակվել նաև առցանց։ Թերթի առաջին համարում ներկայացված էր «Մեր գաղափարը» վերնագրով հիմնադիր մանիֆեստը, որը գտնվում էր ձախ սյունակում։ Թերթը խստորեն հետևել է այդ մանիֆեստին, հատկապես իր գոյության սկզբնական տարիներին։ Հաշվի առնելով, որ Հաթայը միացել է (բռնակցվել է-Ակունքի խմբ․Թուրքիայի Հանրապետությանը 1939 թ․, կարելի է ասել, որ այն ընդունել է հրատարակչական ոճ, որը համապատասխանում է այդ ժամանակաշրջանի ազգայնական և հայրենասիրական մթնոլորտին։ Իր ստեղծման օրվանից այն լուսաբանել է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային զարգացումները որպես «ամենօրյա քաղաքական թերթ»։ Բովանդակությունը ձևավորվել է ժամանակի հանգամանքներով։ Մինչդեռ միջազգային լուրերը գերիշխում էին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում, Կիպրոսի հարցը և ազգային զարգացումները առաջնային պլան մտան 1950-ականների երկրորդ կեսին Դեմոկրատական ​​կուսակցության իշխանության գալու հետ։ Բացի այդ, տեղական լուրերը, ինչպիսիք են պետական ​​պաշտոնյաների նշանակումները, տեղական վարչական հայտարարությունները և դատական ​​գործերը, միշտ ներկայացվել են թերթում։ Այսօր թերթի ուշադրության կենտրոնում հիմնականում տեղական լուրերն ու սյունակներն են։ Ազգային և միջազգային բովանդակությունը երկրորդական է։

 

Կարո՞ղ եք բացատրել թերթի կարևորությունը, մասնավորապես տարածաշրջանի ուղղափառ համայնքների համար։

Թերթի հիմնադիր Սուփի Լևենթը և Ռըզքալլահ Թերբիյելին, ով թերթի ղեկավարությունը ստանձնեց 1980-ականների վերջին, տարածաշրջանի ուղղափառ համայնքի անդամներ են։ Այնուամենայնիվ, թերթը երբեք իրեն չի համարել «համայնքային» կամ «փոքրամասնությունների» խոսափող։ Հիմնադիր մանիֆեստում նաև շեշտադրում չկա փոքրամասնությունների ներկայացվածության կամ դրանց հետ կապված հարցերի վրա։  Այնուամենայնիվ, Սուփի Լևենթի համայնքին անդամակցության պատճառով, թերթը, կարծես, ներառել է համայնքին վերաբերող նորություններ։ Այն երբեմն լուսաբանում էր ուղղափառ համայնքի համար կարևոր իրադարձություններ, ինչպիսիք են ծնունդները, մկրտությունները, ամուսնությունները և մահերը։ Թերթում հնարավոր էր գտնել նաև տեղական զարգացումների արտացոլումները, ինչպիսիք են 1955 թ․ սեպտեմբերի 6-7-ի իրադարձությունները և 1964 թ․ (հույների-Ակունքի խմբ․) տեղահանությունները, որոնք շրջադարձային կետեր էին փոքրամասնության պատմության մեջ։ Սուփի Լևենթը նաև կապեր ուներ համայնքային հիմնադրամի ղեկավարության հետ։ Նա երբեմն ծառայել է հիմնադրամի տնօրենների խորհրդում կամ հրապարակայնորեն հայտնել է իր աջակցությունը վայելող անունների մասին։ Հետևաբար, կարելի է տեսնել, որ հիմնադրամի ընտրությունների ժամանակահատվածում թերթն ակտիվորեն լուսաբանել է այս գործընթացները և դիրքավորվել համայնքի ներսում մրցակցության մի կողմում։ Թերթի ամբողջ արխիվը դեռևս հասանելի չէ։ Այնուամենայնիվ, նույնիսկ ուսումնասիրված հարցերը, կարծես, պարունակում են համայնքային կյանքի վերաբերյալ կարևոր տվյալներ։ Սա ցույց է տալիս, որ թերթը ապագայում կդառնա տարածաշրջանային պատմության արժեքավոր աղբյուր։ Թերթի մեկ այլ կարևոր կողմ է տպագրական գործունեությունը։  Տպարանը, որտեղ հրատարակվել է թերթը, իրականացրել է նաև այլ տպագրական գործողություններ։ Այդ ժամանակաշրջանի պայմաններում այս աշխատանքները, որոնք իրականացվել են կլիշեներով, աշխատատար էին։ Տպարանը, որպես կանոն, այս աշխատանքը ապահովել է համայնքի երիտասարդներից։ Համայնքի շատ անդամներ, որոնք այժմ 60-70 տարեկան են, այս տպարանում մանկուց սկսել են աշխատել որպես աշակերտներ։ Ոմանք այնտեղ են սովորել արհեստը և տպագրությունը դարձրել իրենց կյանքի մի մասնիկը։ Այս առումով, տպարանը նաև ծառայել է որպես համայնքի երիտասարդության դպրոց։

 

Լրատվական աղբյուր լինելուց բացի, արդյո՞ք թերթը արտացոլում է նաև տարածաշրջանի սոցիալական, մշակութային և քաղաքական հիշողությունը։

Սա հենց այն հիմնական պատճառն է, որով մենք ձգտել ենք թվայնացնել «Իսքենդերուն» թերթի արխիվը։ Թերթը պարզապես լրատվական աղբյուր չէ, այլ բազմաշերտ հիշողություն, որը լույս է սփռում այն ​​ժամանակաշրջանների քաղաքական, սոցիալական և մշակութային կյանքի վրա, որոնցում այն ​​հրատարակվել է։ 1947 թ․ մինչև մեր օրերը, տարածաշրջանի յուրաքանչյուր քաղաքական զարգացում, սոցիալական իրադարձություն և մշակութային գործունեություն լուսաբանվել է թերթի էջերում։ Այս տեսանկյունից, «Իսքենդերուն» թերթը կարելի է ասել, որ տեղական հիշողության ամենաընդգրկուն գրավոր աղբյուրներից մեկն է։

Ինչպե՞ս է «Նեհնայում» առաջացել թերթի տպագիր արխիվը թվայնացնելու գաղափարը։

«Նեհնան» Անթաքիայի և նրա շրջակա տարածքների մշակութային ժառանգության վրա կենտրոնացած խումբ է։ «Իսքենդերուն» թերթը այս ժառանգության կարևոր գրավոր օրինակներից է։ Նախագծի գաղափարը ծագել է պատմաբան Էմրե Ջան Դաղլըօղլուի հետ զրույցների ժամանակ։ Դաղլըօղլուն ընդգծել է, որ թերթը շատ արժեքավոր հիշողություն է կրում և անպայման պետք է թվայնացվի։ Այնուամենայնիվ, այդ ժամանակ, թերթի ֆիզիկական վիճակի և «Նեհնայի» սահմանափակ մարդկային ռեսուրսների պատճառով, նման մասշտաբի նախագիծը թվում էր անհնար։ Մենք կարողացանք իրականացնել նախագիծը՝ իմանալով UCLA-ի արխիվային ուսումնասիրությունների դրամաշնորհային ծրագրի մասին։ Այս ծրագրի շնորհիվ թերթի ամբողջ արխիվը համակարգված կերպով կթվայնացվի։

 

Ինչպե՞ս է ընթանալու նախագիծը։

Խոսքը 78-ամյա թերթի արխիվի մասին է, որը երկար ժամանակ ամեն օր հրատարակվում է։ Սա նշանակում է նյութերի շատ համապարփակ հավաքածու։ Այնուամենայնիվ, կարևոր է նշել, որ, ցավոք, թերթի բոլոր համարները չէ, որ պահպանվել են։ Ժամանակի ընթացքում տեղանքի փոփոխությունների, ջրհեղեղների և վերջերս տարածաշրջանում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով արխիվի մի մասը կորել է։ Հայտնի է նույնիսկ, որ թերթի օրինակները որոշ տեղերում գողացվել և վաճառվել են գրախանութներում։ Չնայած դրան, ունենք նշանակալի արխիվ։ Նախագիծը նախատեսված էր երկու փուլով։ Առաջին փուլը գույքագրումն է։ Այս փուլում UCLA-ն ակնկալում է, որ մենք կորոշենք արխիվի առկա նյութերի պարբերական բաշխումը և ծավալը։ Այս աշխատանքի ավարտին, որը կտևի մոտավորապես մեկ տարի, կունենանք մանրամասն գույքագրում։ Երկրորդ փուլը այս նյութի սկանավորումն ու թվայնացումն է։ Այս փուլը նախատեսվում է ավարտել երեք տարվա ընթացքում։

Արդյո՞ք ավարտից հետո թերթը հասանելի կլինի բոլորին։

Սա նախագծի ամենահետաքրքիր կողմն է։ Ավարտից հետո UCLA-ն ամբողջ թվայնացված արխիվը կավելացնի համալսարանի թվային գրադարանին։ Այս գրադարանը բաց հարթակ է հետազոտողների համար։ Հետևաբար, արխիվը հասանելի կլինի բոլորի համար առցանց։ «Նեհնան» նաև նախատեսում է այս արխիվը բացել հանրության համար իր սեփական թվային հարթակի միջոցով։ Սա թույլ կտա բոլոր հետաքրքրվածներին թվային եղանակով մուտք գործել «Իսքենդերուն» թերթի վերջին էջեր։ Նախագիծը ոչ միայն արխիվային գործ է, այլև հիշողության պրոյեկտ, որը տեսանելի կդարձնի տարածաշրջանի մշակութային հիշողությունը։

Ունե՞ք ուղերձ հասարակությանը, մասնավորապես՝ Իսքենդերունի բնակիչներին, ձեր նախագծի վերաբերյալ։

Իսքենդերունը Արևելյան Միջերկրական ծովի ամենակարևոր նավահանգստային քաղաքներից մեկն էր, հատկապես 18-րդ և 19-րդ դարերում։ Ինչպես մյուս նավահանգստային քաղաքները, այն ուներ կոսմոպոլիտ և բազմամշակութային կառուցվածք։ Այնուամենայնիվ, այս մշակութային բազմազանությունը ժամանակի ընթացքում մեծապես անհետացել է։ Ավելին, քաղաքաշինության գործընթացը հանգեցրել է հին քաղաքային ցանցի արագ կորստին։ Այսօր Իսքենդերունի մեծ մասը անհաղորդ է մնում այս հարուստ մշակութային ժառանգությանը։ Նախագծի մեր նպատակն է վերակենդանացնել քաղաքի մշակութային հիշողությունը։ Թվային արխիվի հանրային բացմամբ մենք ձգտում ենք վերականգնել կապերը անցյալի հետ և բարձրացնել իրազեկվածությունը այս ժառանգության պահպանման մասին։ Իսքենդերունի բնակիչների աջակցությունը այս նախաձեռնությանը անգնահատելի կլինի ինչպես քաղաքի ինքնության, այնպես էլ տարածաշրջանի պատմական հիշողության համար։ «Նեհնան» հիմնադրելիս հաճախ քննարկվող հարցերից մեկը Թուրքիայում փոքրամասնությունների վերաբերյալ քննարկումներում ստամբուլակենտրոն տեսակետը կոտրելու անհրաժեշտությունն էր։ Այնուամենայնիվ, տարածաշրջանում դեռևս ապրում են հազարավոր ուղղափառ քաղաքացիներ։ Ասորական և հայկական համայնքները նույնպես պահպանում են իրենց ներկայությունը, թեև փոքր չափով։ Այնուամենայնիվ, այս համայնքների ձայները հաճախ չեն լսվում Անկարայում և Ստամբուլում, իսկ երբեմն անգամ անցանկալի են։ Տարածաշրջանը գրեթե տեղ չի գտնում փոքրամասնությունների վերաբերյալ քննարկումներում։ Այսօր մենք գտնվում ենք մի ժամանակաշրջանում, երբ փոքրամասնությունների երիտասարդության մեծ մասը ցանկանում է մեկնել արտասահման, եկեղեցիները դատարկ են հավատացյալներից, իսկ դպրոցները՝ աշակերտներից։ Այս իրավիճակին դիմակայելու համար ես կարծում եմ, որ Ստամբուլի և տարածաշրջանի փոքրամասնությունների համայնքների միջև պետք է ստեղծվեն երկխոսության ավելի ամուր ուղիներ։ Կարևոր է նաև վերագնահատել փոքրամասնությունների համայնքների միջև միկրոիշխանության հարաբերությունները։ Հուսով եմ, որ մեր աշխատանքը կհանգեցնի այս երկխոսությունների վերականգնմանը։

https://www.agos.com.tr/tr/yazi/36249/iskenderunun-1947den-bu-yana-toplumsal-bellegi-dijital-ortama-tasiniyor

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

www.akunq.net