կարևոր
2197 դիտում, 4 ժամ առաջ - 2025-11-01 16:09
Աշխարհ

Թուրքիան Պուտինի և Զելենսկիի հնարավոր հանդիպումն ընդունելու պատրաստակամություն է հայտնել

Թուրքիան Պուտինի և Զելենսկիի հնարավոր հանդիպումն ընդունելու պատրաստակամություն է հայտնել

Թուրքիան պատրաստակամություն է հայտնել Ստամբուլում անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների չորրորդ փուլը, ինչպես նաև՝ երկու երկրների առաջնորդների՝ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկիի հնարավոր հանդիպումը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ինչպես հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը, TRT World Forum 2025 ֆորումի ժամանակ ունեցած ելույթում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ տարածաշրջանային և համաշխարհային խաղաղության և կայունության գործում Թուրքիայի կարևոր ներդրման օրինակներից մեկը ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու ջանքերն են։ 

«Մենք պատրաստ ենք Ստամբուլում անցկացնել բանակցությունների չորրորդ փուլը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, ինչպես նաև երկու երկրների ղեկավարների հնարավոր հանդիպումը։ Որպես երկու կողմերի հետ կառուցողական երկխոսություն պահպանող երկիր՝ Թուրքիան Ստամբուլի գործընթացի միջոցով հաջողությամբ նպաստել է կողմերի վերադարձին բանակցային սեղանի շուրջ՝ ապահովելով կոնկրետ արդյունքներ, այդ թվում՝ բանակցությունների երեք փուլ, գերիների փոխանակում և կողմերի միջև ուղիղ երկխոսության վերականգնում»,- հայտարարել է Ֆիդանը:

Ֆիդանը հավելել է՝ Թուրքիան Ուկրաինայում խաղաղ լուծման հասնելու ճիշտ ուղին համարում է դիվանագիտությունը: