Փոխարժեքներ
14 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 442.18 |
RUB | ⚊ | ₽ 4.7703 |
GBP | ⚊ | £ 507.67 |
GEL | ⚊ | ₾ 141.31 |
Լրագրող Լիա Սարգսյանը գրում է․ «Օրեր առաջ համացանցում հայտնվեց տեսանյութ, որտեղ քաղաքացիները գենդեր փարթի էին կազմակերպել Շաքիի ջրվեժում, գունավորել և փաստացի այլանդակել այն։ Սա բնության հանդեպ բացահայտ վանդալիզմ էր։ Իսկ էկոպարեկները, որոնք պիտի կանխեին նման երևույթը հատուկ պահպանվող տարածքում, պարզապես չկային։ Ո՛չ արձագանք, ո՛չ միջամտություն։
Պետության բյուջեից միլիոնավոր դրամներ է մսխվում էկոպարեկային ծառայության վրա՝ կառույց, որը պիտի պաշտպանի Հայաստանի բնությունը, սակայն այսօր այն դարձել է անօգուտ բյուրոկրատական մարմին, որը զբաղված է կոռուպցիայով, թմրանյութերի շրջանառությամբ, ապօրինի ծառահատումներով, մի խոսքով՝ ամեն ինչով՝ բացի բնության պահպանությամբ:
Ուշագրավ է, որ այս կառույցը ստեղծվել է մոտ երկու տարի առաջ, և առաջինը հենց Սյունիքի մարզում է գործարկվել՝ այն մարզում, որտեղ ջրվեժը այլանդակվեց։ Ծառայության ստեղծման համար պետական բյուջեից ծախսվել է 5.7 միլիարդ դրամ, իսկ միայն ծառայողական համազգեստների վրա՝ 35 միլիոն 837 հազար դրամ։ Բայց, ինչպես տեսնում ենք, վատնված գումարից բնությունը ոչինչ չի շահում։
Փոխարենը շահում է էկոպարեկային ծառայության ղեկավար Վլադիմիր Կիրակոսյանը, ով ավելի շատ զբաղված է իր քաղաքական կարիերայի առաջխաղացմամբ, քան բնության պահպանությամբ։
«Իշխանության» աղբյուրների փոխանցմամբ՝ Վլադիմիր Կիրակոսյանը լրջորեն աչք ունի Շրջակա միջավայրի նախարարի աթոռին։ Հենց այդ հավակնությամբ էլ բացատրվում է վերջին ամիսների նրա չափազանց ակտիվ ինքնագովազդը և շոուներով լցված այցելությունները մարզեր։ Կիրակոսյանը, նախարարության իր մերձավորների հետ, իրեն պահում է արդեն որպես նախարար՝ փորձելով ստեղծել ազդեցիկ պաշտոնյայի կերպար։
Փաստացի, մինչ գործող նախարար Համբարձում Մաթևոսյանը զբաղված է Հայաստանում կայանալիք COP-17 միջազգային համաժողովի պատրաստությամբ, նրա ենթական տարված է նախարարի աթոռն իր համար «տաքացնելու» հաշվարկներով։
Նախարարության աշխատակիցների շրջանում Կիրակոսյանը հայտնի է ցուցամոլությամբ։ Նա հաճախ շրջում է շքեղ մեքենաներով, ունի անձնական անվտանգության աշխատակից («ախրաննիկ»): Ընդ որում այն դեպքում, երբ Փաշինյանը հրահանգել է՝ հավաքել նախարարության ծառայողական մեքենաները:
Ավելին՝ շոուների սիրահար Կիրակոսյանը սիրում է, որ իրեն դիմավորում են նախարարին վայել հանդիսավորությամբ, լուսանկարներով, ժպիտներով ու պաշտոնական արարողակարգով։ Նա նախօրոք իր տեղակալին է ուղարկում մարզեր, որպեսզի վերջինս նախապատրաստի նրա այցը և կազմակերպի արարողակարգային դիմավորումներ՝ լուսանկարներով և տեսանկարահանումներով։ Վերջին օրերի պաշտոնական հրապարակումները ցույց են տալիս, որ ծառայության ղեկավարին շատ դեպքերում դիմավորում է հենց իր տեղակալը, ինչը բնականաբար տարօրինակ և անհամաչափ է նման կառույցի համար։
Փաստացի մինչ էկոպարեկային ծառայության ղեկավարը զբաղված է ինքնագովազդով, բնությանը մնում է անտեր։ Եթե կառույցը գործեր իր նպատակին համապատասխան, այսօր Շաքիի ջրվեժը չէր դառնա գունազարդ փարթիի վայր, էկոպարեկները չէին զբաղվի թմրանյութերի շրջանառությամբ, ապօրինի ծառահատումներով, կոռուպցիայով»: