Փոխարժեքներ
30 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.52 |
EUR | ⚊ | € 449.38 |
RUB | ⚊ | ₽ 4.64 |
GBP | ⚊ | £ 514.03 |
GEL | ⚊ | ₾ 140.57 |
Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արք. Գալստանյանը ԱԺ ամբիոնից հնչեցնելու նպատակով նոր նամակ է հղել քրեակատարողական հիմնարկից։ Նրա նամակը խորհրդարանում այսօր հանրությանն է ներկայացրել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Այս խոսքն ընդունեք նաև ԱԺ պատգամավոր և Հայրենիքի Կալանավոր Արթուր Սարգսյանի և մյուս 16 Հայրենիքի Կալանավորների անունից։ Տերն է իմ լույսը և կյանքը, ես ումի՞ց եմ վախենալու, Տերն է իմ կյանքի ապավենը, ես ումի՞ց եմ դողալու․․․
Այս աղոթքը ողջ կյանքում ուղեկցել է ինձ, ինչպես այսօր ուրացողների և հայրենավաճառների խմբակի դիմաց կանգնած, ովքեր կողոպտել են իմ և իմ Հայրենիքի կենսագրությունը և պատիվը։ Իսկ իրենց և իրենց սերունդների ճակատին անջնջելի կերպով դրոշմվել է ԱՂՎԵՍԱԴՐՈՇՄԻ խարանը։ Իսկապես, ումի՞ց եմ վախենալու… Ես ազատ եմ քան երբևէ, քանզի մեր պայքարը ճշմարտության համար է, որն ազատագրող է…
Իսկապես, ումի՞ց եմ վախենալու… Այս անկենսագիրների՞ց, ում ձեռքերը թաթախված են արյամբ Հայրենիք և Հաղթանակ ուրացած, ովքեր իրենց փողի ու փորի համար փորձում են ահաբեկել և վախեցնել․․․ Լավ իմացե՛ք, որ «այս հավատքից ոչինչ չի կարող բաժանել․ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ իշխանությունը, ո՛չ ներկա և ո՛չ գալիք բաները» (Հռոմ 8.37)։ Մենք նախընտրել ենք մեր հայրերի ու եղբայրների հետ կալանքը և նույնիսկ մահը, քան ուրացողների հետ բաժին ունենալը, որի համար ուխտել եմ, որ չեմ մոռանալու հանուն քեզ Հայաստան և չեմ ներելու հանուն քեզ Արցախ։
Հիշե՛ք, որ չեք կարող մեր երազներն ու իղձերը սպանել, քանի որ նրանք ավելին են, քան մեր կյանքը, իսկ ««ձեր այդ մեղքերին մինչև ձեր մահը թողություն չի տրվելու», — ասում է Զորությունների Տերը»(Ես․22։14):
Հիմա անդրադառնամ այն հանգամանքին, որ այս երեք ամսվա ընթացքում երկու անգամ հրապարակային հարցում եմ ուղղել գլխավոր դատախազին և քննչական կոմիտեի խեղճ ղեկավարին, որոնք մնացել են անպատասխան․․․
Այժմ այս ամբիոնից, որտեղից հնչել են մեր հասցեին զրպարտությունները, նույն հարցադրումներն եմ ուղղում․
ա) Ինչի՞ն է վերաբերում «երկու հոգու գյուլլելու և տասնհինգ հոգու բանտ դնելու» ձեր այդքան սիրած պատմությունը,
բ) Ո՞վ կամ ովքեր էին ավտոբուս վառելու, արդյո՞ք նման պատմություն գոյություն ունի։ Մնացյալի մասին՝ հետո։
գ) Արդյո՞ք ձեր ներկայացրած այսպես կոչված ձայնագրությունները փորձաքննություն անցել են, թե՞ ոչ։
դ) Այդքան նենգ եք, որ ձեր իսկ վկայությամբ 8 ամիս շարունակ լսելուց հետո պարզելով, որ հիմնազուրկ եք, փորձել եք մի վերջին ճիգով ինչ-որ բան կորզել՝ գաղտնալսելով իմ և իմ հոգևոր եղբոր՝ Միքայել Սրբազանի խուցը, ընդ որում՝ մեր կալանքը տրված է եղել 2 ամսով, դուք գաղտնալսման հրամանը տվել եք 3 ամսվա համար, այդպիսով փաստելով երկարաժամկետ կալանքի նախապես ծրագրած լինելը։ Սա՛ է ձեր իրական նկարագիրը։
Երկրորդ՝ հարցս ԱԳՆ-ին է ուղղված։ Մեզ հասած տեղեկություններով դուք զանազան միջազգային ներկայացուցիչների ասել եք, որ այս մեր գործում «ռուսական հետք» է առկա, որը գրեթե հավաստի է, այլապես ՀՀ իրավական պատմության մեջ առաջին անգամ լինելով՝ ձեր իսկ նենգափոխած ձայնագրությունները չէիք թարգմանի անգլերեն և սփռի համացանցով։ Հարցս․
ա) նման բան ասե՞լ եք, թե՝ ոչ։
բ) «ռուսական հետք» կա՞, թե՝ ոչ։ Այս վերոնշյալ հարցերին միայն հստակ պատասխաններ եմ ակնկալում մինչև այս քառօրյայի ավարտը, այլապես, դուք վերջնականացած ստախոս և խաբեբաներ եք։
Ամփոփեմ՝ Այո՛, ինչպես հավատում եմ, Հոգևոր Հայաստանը անպայման հաղթելու է ձեր «սուտ և կեղծ իրական չհայաստանին»։ Եվ իմացեք, որ «եթե նույնիսկ դարձյալ զորանաք, դարձյալ պարտության եք մատնվելու, որովհետև Աստված մեզ հետ է» (Ես․ 8:9-10): Կեցցե՛ Արարատով, Սուրբ Էջմիածնով, Արցախով և մեր նահատակներով սրբագործված Հավերժական Հայաստանը»,-գրել է Բագրատ Սրբազանը։
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ԱԺ-ի ելույթը՝ ստորև: