կարևոր
1654 դիտում, 7 ժամ առաջ - 2025-09-27 17:36
Հասարակություն

Արցախի դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է դառնա ոչ միայն իրավական, այլև քաղաքական պատասխանատվության հիմք

Արցախի դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է դառնա ոչ միայն իրավական, այլև քաղաքական պատասխանատվության հիմք

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է․

«2020թ․ սեպտեմբերի 27-ին՝ առավոտյան ժամը 07:10-ին, թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմը լայնածավալ ու նախապես ծրագրված պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ։ Պատերազմի առաջին իսկ վայրկյանից Բաքվի բռնապետական վարչակարգի զինված ուժերի թիրախում էին քաղաքացիական բնակչությունն ու կենսական ենթակառուցվածքները։

Հրթիռակոծվում ու ռմբակոծվում էին քաղաքներ ու գյուղեր, սպանվում ու վիրավորվում էին խաղաղ քաղաքացիներ, այդ թվում՝ երեխաներ։ Մի շարք զինծառայողներ դաժանաբար խոշտանգվեցին, իսկ մարտադաշտում կիրառվեցին միջազգային իրավունքի կողմից արգելված զինատեսակներ։

Թուրք–ադրբեջանական հանցավոր տանդեմի հարվածների տակ հայտնվեցին հիվանդանոցներ, այդ թվում՝ Ստեփանակերտի նորակառույց ծննդատունը, որը երկու անգամ ենթարկվեց թիրախային հարձակման։ Կրակի տակ էին դպրոցները, մշակութային կենտրոնները, պատմամշակութային հուշարձանները։ Համակարգված ոչնչացվում էին ժողովուրդների հիշողությունն ու ինքնությունը մարմնավորող սրբությունները։ 2020թ․ հոկտեմբերի 8-ին գերճշգրիտ զենքով, նույն օրը երկու անգամ, Ադրբեջանի զինված ուժերը հարվածեց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն, որի հետևանքով վիրավորվեցին նաև միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Այս ամենը պատերազմական հանցագործությունների վառ օրինակներ են, որոնք չունեն վաղեմության ժամկետ, որը սահմանված է «Ռազմական հանցագործությունների նկատմամբ և մարդկության դեմ կատարված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» Ժնևի 1968 թվականի նոյեմբերի 26-ի կոնվենցիայով: Կոնվենցիայի «Հոդված 1»-ում հստակորեն նշված է, որ վաղեմության ոչ մի ժամկետ, անկախ կատարման ժամանակից, չի կիրառվում հետևյալ հանցագործությունների նկատմամբ.

(ա) պատերազմական հանցագործությունների, ինչպես դրանք սահմանվել են Նյուրնբերգի Միջազգային ռազմական դատարանի 1945թ. օգոստոսի 8-ի կանոնադրությամբ և հաստատվել են Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1946թ. փետրվարի 13-ի 3 (I) և 1946թ. դեկտեմբերի 11-ի 95(I) բանաձևերով, մասնավորապես, Պատերազմի զոհերի պաշտպանության մասին 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաներում թվարկված «լուրջ խախտումների»,

(բ) մարդկության դեմ ուղղված հանցագործությունների՝ անկախ նրանից, կատարվել են պատերազմի, թե՝ խաղաղ ժամանակ, ինչպես դրանք սահմանվել են Նյուրնբերգի Միջազգային ռազմական դատարանի 1945թ. օգոստոսի 8-ի կանոնադրությամբ և հաստատվել են Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1946թ. փետրվարի 13-ի 3(I) և 1946թ. դեկտեմբերի 11-ի 95(I) բանաձևերով, զինված հարձակման կամ բռնազավթման միջոցով արտաքսման և ապարտեիդի քաղաքականության հետևանքով անմարդկային գործողությունների ու ցեղասպանության հանցագործության, ինչպես սահմանված է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին 1948թ. կոնվենցիայում, եթե անգամ այդ գործողությունները չեն համարվում այն երկրի ներպետական իրավունքի խախտում, որտեղ դրանք կատարվել են ( https://www.arlis.am/hy/acts/75845 ) ։

2022թ․ Բաքվի վարչակարգը, կեղծ բնապահպանական պատրվակով, փակեց կյանքի երակը՝ Բերձորի միջանցքը, փաստացիորեն Արցախը շրջափակելով Հայաստանից և արտաքին աշխարհից, որը Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատապազ Լուիս Մորենո Օկամպոի բնորոշմաբ, սովամահության հասցնելով ցեղասպանական ակտ էր: Դա հանգեցրեց հումանիտար ծանր աղետի։

2023թ․ սեպտեմբերին թուրք-ադրբեջանա-ահաբեկչկան տանդեմը հերթական լայնածավալ պատերազմը սանձազերծեց ամբոջովին շրջափակված Արցախի Հանրապետության դեմ՝ բռնազավթելով ամբողջ Արցախը, իսկ արցախահայությունը բռնի տեղահանվեց իր հայրենի բնօրրանից:Սա ոչ միայն էթնիկ զտում էր, այլև ցեղասպանության հերթական փուլ։

Արցախի բռնազավթումից հետո Ադրբեջանի բռնապետական վարչակարգը ձեռնամուխ եղավ հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացմանը։ Ընդամենը մի քանի տարում իրականացվող մշակութային ցեղասպանությունը վերածվել է 21-րդ դարի ամենախոշոր ու ամենաագրեսիվ հանցագործություններից մեկի։ Քանդվում, պղծվում և յուրացվում են եկեղեցիներ, խաչքարեր, գերեզմաններ, հուշարձաններ, հուշահմալիրներ, բնակելի թաղամասեր, ամբողջական բնակավայրեր ու մշակութային այլ արժեքներ։ Բաքուն վերացնում է հայերի ներկայության բոլոր հետքերը։

Այս ամենը տեղի է ունենում միջազգային հանրության հանցավոր անգործության պայմաններում։ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն և այլ կառույցներ սահմանափակվել են միայն արարողակարգային հայտարարություններով՝ գործնականում լեգիտիմացնելով Բաքվի ահաբեկչական քաղաքականությունը։ Միջազգային արդարադատության բացակայությունը ոչ թե զսպում է, այլ քաջալերում է ալիևյան վարչակարգին նոր հանցագործությունների։

Արցախի դեմ իրականացված ցեղասպանությունը և մշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը պետք է դառնան ոչ միայն իրավական, այլև քաղաքական պատասխանատվության հիմք՝ արդարության վերականգնման համար։ Հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունները երբեք չեն ունենա վաղեմության ժամկետ»։