կարևոր
892 դիտում, 3 ժամ առաջ - 2025-09-23 23:43
Աշխարհ Քաղաքական

Հայաստանի գոյատևումը կախված է ուժեղ բանակից, այլ ոչ թե դատարկ խոսքերից

Հայաստանի գոյատևումը կախված է ուժեղ բանակից, այլ ոչ թե դատարկ խոսքերից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենօրյա հայտարարություններին արձագանքելը լիաժամկետ աշխատանք է։ Ես ոչ մի հաճույք չեմ ստանում նրան բազմիցս քննադատելուց, սակայն անպատասխանատու կլիներ անտեսել նրա հակազգային դիրքորոշումները՝ առանց մտահոգվելու դրանց կործանարար հետևանքների մասին։

Ահա նրա վիճահարույց հայտարարությունների վերջին օրինակը․

Սեպտեմբերի 15-ին Երևանում կայացած «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովում ունեցած իր 46 րոպեանոց ելույթում Փաշինյանն սկսեց այն պնդումով, որ «նախորդող շրջանում մեր արտաքին անվտանգային խոցելիությունները նվազեցնելու առաջնային գործիքները եղել են ռազմաքաղաքական դաշինքներն ու բանակը»։ Սակայն, նրա խոսքով, «պատմությունն ապացուցեց, որ այս բանաձևը չաշխատեց…»։ Նա պնդեց, որ «լեգիտիմությունն» ավելի կարևոր է, քան ռազմական ուժը՝ երկրի անվտանգությունն ապահովելու համար։ Նա նույնիսկ թելադրեց, որ «այս ռազմավարությունն է, որ հնարավոր է դարձրել խաղաղությունը», ինչը թափանցիկ հնարք էր՝ համոզելու ընտրողներին աջակցել իր կուսակցությանը հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններում։

Անբացատրելիորեն, Փաշինյանն այնուհետև իր «լեգիտիմության ռազմավարությունը» կապեց բանակի նպատակների հետ՝ հայտարարելով՝ «Հայաստանի Հանրապետության բանակը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս անելիք չունի, խնդիր չունի և բանակի խնդիրը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունն ապահովելն է»։

Այս հայտարարությունը քողարկված փորձ է արդարացնելու ապագա սերունդների պահանջների զիջումը Հայաստանի պատմական իրավունքների վերաբերյալ։ Ավելի լավ կլիներ, որ նա պարզապես լռեր, քան թե վաղաժամ հրաժարվեր այդ իրավունքներից՝ մինչև հարմար պահի գալը։

Փաշինյանը նաև կրկնեց իր սխալ պնդումը, թե Հայաստանի ներկայիս սահմանները ճանաչելը հեշտացնում է զենքի ձեռքբերումը: Իր կարծիքով, զենք մատակարարողները վստահ կլինեն, որ Հայաստանը զենքը չի օգտագործի «ոչ լեգիտիմ ձևով»: Նա չի հասկանում, որ Հայաստանի սահմանների լեգիտիմությունը որևէ կապ չունի զենք գնելու հնարավորության հետ: Գնումների համար կարևորը միայն վճարունակությունն է: Կամ ունես գումար զենք գնելու համար, կամ չունես: Եթե պատրաստ ես վճարել, միշտ կգտնվեն բազմաթիվ երկրներ, որոնք պատրաստ կլինեն վաճառել ցանկացած զենք՝ առանց հարցեր տալու: Լեգիտիմությունը զենքի շուկայում նշանակություն չունի։

Այնուհետև, Փաշինյանն անհեթեթորեն հայտարարեց, որ նախկինում «բանակը մեզ համար եղել է անվտանգության և՛ առաջին, և՛ երկրորդ, և՛ երրորդ, և՛ չորրորդ բնագիծ .... եթե քո անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը բանակն է, դա նշանակում է՝ դու չունես անվտանգություն։ Բանակը նույնիսկ անվտանգության երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ գործիքը չպետք է լինի .... Բանակը պետք է լինի ամենավերջինը .... 15-րդը, 20-րդը, 50-րդը, 100-րդը»։ Զարմանալի չէ, որ 2020-ի կործանարար պատերազմը տանուլ տված վարչապետը կարտաբերեր նման անողնաշար անհեթեթություններ:

Փոխանակ հզորացնելու բանակը ժամանակակից զենքերով՝ թշնամիներին զսպելու համար, որոնք բացահայտորեն սպառնում են Հայաստանի գոյությանը, Փաշինյանն ասում է, որ բանակը պետք է լինի երկիրը պաշտպանելու վերջին միջոցը։ Նման պարտվողական մտածելակերպով Հայաստանը ռիսկի է դիմում կորցնել անգամ այն փոքր տարածքը, որն այսօր ունի։

Ավելի հզոր թշնամիներ ունենալը չի նշանակում, որ Հայաստանը պետք է հրաժարվի իրեն պաշտպանելու համար անհրաժեշտ զենք ձեռք բերելուց։ Ընդհակառակը, երբ մինչև ատամները զինված ես, նույնիսկ ամենահզոր թշնամին երկու անգամ կմտածի քեզ վրա հարձակվելուց առաջ՝ լավ իմանալով, որ ինքը ևս կորուստներ կունենա։ Երբ թշնամուցդ թույլ ես, անպաշտպան մնալը լուծում չէ։ Պաշտպանվել չկարողանալը՝ աղետի բաղադրատոմս է։ Թշնամին կարող է առանց մի կրակոցի հեշտությամբ հասնել Երևան։

Փաշինյանն իր տեսակետը պատկերավոր ներկայացրեց անհեթեթ օրինակով՝ տան արտաքին պատին որմնանկար նկարելու մասին, որը, իբր, ուղերձ է հղում, թե հարևանը իրավունք չունի այն տան նկատմամբ, որտեղ նա ապրում է։ «Սա կհանգեցնի վեճի, կռվի, հակամարտության, պատերազմի»։ Փաշինյանը, կարծես թե, չի հասկանում, որ քո տան պատին արված ցանկացած նկար հարևանիդ արտոնություն չի տալիս հարձակվել քո տան վրա և սպանել ընտանիքիդ անդամներին։ Եթե թշնամիդ տեղյակ է, որ դու լավ զինված ես և պատրաստ ես պաշտպանել քո տունը, նա հետ կկանգնի իր թշնամական մտադրության իրականացումից։

Վարչապետը սխալմամբ կարծում է, թե Հայաստանը որպես պետություն կշարունակի գոյություն ունենալ 50, 100, 150 տարի հետո։ Նա պարծեցավ. «Մենք այսօր անկախ ենք, քան երբևէ, ինքնիշխան ենք, քան երբևէ, պետություն ենք, քան երբևէ, և թույլ տվեք ասել անվտանգ ենք, քան երբևէ։ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ունեցել ավելի անվտանգություն իր անկախության ընթացքում, քան ունի այսօր»։ Իրականում, Փաշինյանի պարտվողական մոտեցումը կասկած է առաջացնում, թե Հայաստանը կկարողանա գոյատևել նրա իշխանության օրոք։

Հայաստանը չի կարող իր անվտանգությունը ռիսկի ենթարկել՝ բանակը երկրորդական համարելով։ Իսկական լեգիտիմությունը բխում է ոչ թե դատարկ խոսքերից, այլ այն ակնհայտ երաշխիքից, որ Հայաստանի սահմանները և ժողովուրդը պաշտպանված են կարողունակ, լավ սպառազինված ուժերի կողմից։ Ժամանակն է, որ վարչապետն ու ամբողջ ղեկավարությունը հրաժարվեն պարտվողական հռետորաբանությունից, ամրապնդեն ռազմավարական դաշինքները և վճռականորեն ներդրումներ կատարեն հայկական բանակի արդիականացման գործում։ Միայն այդ դեպքում հայ ժողովուրդը կկարողանա ապահովել, որ ոչ մի թշնամի չհամարձակվի կասկածի տակ դնել նրա վճռականությունը՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը, ինչը Հայաստանը կդարձնի ազատ, անվտանգ և հպարտ պետություն՝ գալիք սերունդների համար։

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի