կարևոր
619 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-19 09:44
Քաղաքական

Կկայանա «Ժողովրդավարության ֆորում»՝ բռնության ստվերում. ինչ սպասել. «Ժողովուրդ»

Կկայանա «Ժողովրդավարության ֆորում»՝ բռնության ստվերում. ինչ սպասել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը իր իրազեկ աղբյուրներից տեղեկացավ, որ սեպտեմբերի 23-ին՝ երեքշաբթի օրը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն կազմակերպում է ամենամյա դարձած «Ժողովրդավարության հայկական ֆորումը»: Կարեւոր հարթակ, որը պիտի քննարկի ժողովրդավարության զարգացման հեռանկարները։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ներկա են լինելու ինչպես միջազգային, այնպես էլ տեղական ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ, պաշտոնյաներ: Նիկոլ Փաշինյանը եւս նախորդ ֆորումներին մասնակցել է, սպասվում է, որ այս ֆորումին էլ կմասնակցի:

Սակայն այս տարվա միջոցառումն առանձնահատուկ խորհրդանշական է, քանի որ դրան նախորդում են իշխանության ներսում ու շուրջը տեղի ունեցող քրեական դրսեւորումներ:

• 2023-ին ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովում բացահայտ սպառնաց կտրել ՄԻՊ-ի թեկնածու Էդգար Ղազարյանի ականջներն ու լեզուն, սակայն իրավապահները «հանցակազմ չտեսան»։ 2024-ի սեպտեմբերի 8-ին նա խուլիգանական բառապաշարով թիրախավորեց կին ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանին. պատգամավորի էթիկան խախտելու համար նա ցայսօր անպատիժ է:

• 2023 թվականի ապրիլի 2-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգեց, որ իր թիկնապահները բռնեն քաղաքացու ձեռքերը եւ թքեց քաղաքացի Կարեն Մկրտչյանի վրա: Մինչ օրս անպատիժ է:

• 2024 թվականի ապրիլի 16-ին քաղաքացի Սամվել Վարդանյանը ոստիկանների հսկողության տակ դաժան ծեծի ենթարկվեց դիմակավորված խմբի կողմից. ենթադրվում էր, որ գործողությունը կազմակերպվել էր ՔՊ պատգամավորի «պաշտպանության» համար։

• 2025-ին Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը սեփական աշխատակցի վրա բռնություն կիրառեց. եթե նա ընդդիմադիր լիներ, այսօր բանտում կլիներ, բայց տանն է։

• Նույն թվականին ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին ավտոկայանման հարցի վերաբերյալ միջադեպի մասնակից դարձավ, սակայն պատասխանատվություն չեղավ։

• Սեպտեմբերի 15-ին ահազանգ ստացվեց, որ Կադաստրի կոմիտեի ղեկավարի մտերիմները առեւանգեցին եւ դաժան ծեծի ենթարկեցին քաղաքացու, սակայն 50 մասնակիցներից ոչ ոք չի հայտնաբերվել։

• Իսկ արդեն սեպտեմբերի 16-ին լրագրող Հակոբ Կարապետյանը ծեծի ենթարկվեց դիմակավորված անձի կողմից՝ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյայի հետ ունեցած կոնֆլիկտից հետո։

Այս փաստերը ցույց են տալիս, որ ժողովրդավարության մասին բարձրագոչ հայտարարությունների ներքո Հայաստանը սահում է դեպի «կրիմինալապետություն», որտեղ բռնությունը ոչ թե պատժվում է, այլ դառնում քաղաքական մշակույթի մաս։

Այս պայմաններում առաջիկա ֆորումը ոչ միայն քննարկման հարթակ է, այլեւ լրջագույն հարցադրում. ի՞նչ ժողովրդավարություն կարող է լինել անպատժելիության ու վախի մթնոլորտում»։