Փոխարժեքներ
15 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.47 |
EUR | ⚊ | € 449.96 |
RUB | ⚊ | ₽ 4.5602 |
GBP | ⚊ | £ 519.91 |
GEL | ⚊ | ₾ 142.03 |
Armlur.am գրում է. «Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը պաշտոնի նշանակվել է 2021 թվականին, մինչ այդ նա եղել է Գառնի համայնքի ղեկավարը։
Մինչեւ մարզպետ դառնալը նա ունեցել է համատեղ սեփականությամբ երկու հողամաս եւ բազմաբնակելի շենքում մեկ բնակարան միանձնյա սեփականությամբ, որը գտնվում է Նոր Նորքում և ձեռք է բերվել 2000 թվականին։ 2019 թվականին նա համատեղ սեփականությամբ ձեռք է բերել բնակարան Արաբկիր վարչական շրջանում։ Մարզպետ դառնալուց գրեթե 1 տարի անց նա ձեռք է բերել անհատական բնակելի տուն Գառնի համայնքում, որը, մեր տեղեկություններով, ժառանգություն է ստացել․ սակայն նշված մյուս անշարժ գույքերից ոչ մեկի ձեռքբերման եղանակը նշված չէ։
Սահակյանը նախորդ տարի, համաձայն 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի, ձեռք է բերել 14 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ Jeep մակնիշի մեքենա։
Նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 539 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 10 մլն դրամ։
Ահարոն Սահակյանը 15 մլն 73 հազար դրամ տարեկան եկամուտ է հայտարարագրել, որը աշխատանքի վարձատրություն է եղել Կոտայքի մարզպետի աշխատակազմից։
Սահակյանի ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 16 մլն 617 հազար դրամ, որից 12 մլն 617 հազար դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։
Կոտայքի մարզպետի կնոջ` Ռոզա Ասատրյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա աշխատում է 4 տարբեր տեղերում, սակայն մարզպետի հայտարարագրի համաձայն՝ կինն աշխատում է վարչապետի աշխատակազմում։
Հարց է առաջանում, թե ինչպես է Ռոզա Ասատրյանը միաժամանակ աշխատում վարչապետի աշխատակազմում, որտեղից ստացել է 1,1 մլն դրամ աշխատանքի վարձատրություն, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամում, որտեղից ստացել է 6,6 մլն դրամ աշխատանքի վարձատրություն, Գառնիի մանկապարտեզում, որտեղից վաստակել է 87 հազար դրամ,
«Ծաղկահովիտի առողջության կենտրոն» ՓԲԸ-ում, որտեղից ստացել է 1 մլն 21 հազար դրամ աշխատանքի վարձատրություն։
Մարզպետի կինը նաեւ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ է ստացել Գառնիի համայնքապետարանի աշխատակազմից՝ 1,7 մլն դրամ։
Հարց է առաջանում, թե ինչպես մեկ անձը կարող է մի քանի պետական հիմնարկում աշխատել։ Նույնիսկ եթե պայմանագրային հիմունքներով է ծառայություն մատուցում, միևնույնն է անհասկանալի է, թե ինչպես է համատեղում դրանք»։