կարևոր
1261 դիտում, 4 ժամ առաջ - 2025-09-03 11:08
Քաղաքական

Գյումրին պետք է վերականգնի իր տնտեսական դերակատարությունը․ սա ազգային արժանապատվության խնդիր է․ Մհեր Մելքոնյան

Գյումրին պետք է վերականգնի իր տնտեսական դերակատարությունը․ սա ազգային արժանապատվության խնդիր է․ Մհեր Մելքոնյան

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է․

«Հայաստանը կանգնած է զարգացման համակարգային վերանայման անհրաժեշտության առջև։ Մարզերի համաչափ զարգացումը այլևս ընտրություն չէ. այն հրամայական է՝ պետական անվտանգություն, ժողովրդագրական կայունություն և ազգային ուժեղ պետություն կառուցելու ճանապարհին։

Միակենտրոն քաղաքական կառավարման մոդելը, երբ բոլոր կենսունակ և իշխանական կենտրոնները կուտակված են մայրաքաղաքում, սպառնում է պետության կառուցվածքային ամբողջականությանը։ Այս համատեքստում Գյումրին՝ որպես Հայաստանի երկրորդ քաղաք, այլևս չի կարող դիտարկվել միայն պատմական ու մշակութային ժառանգություն կրող տարածք։ Գյումրին այլևս չի կարող շարունակել մնալ շրջանցված քաղաքական, տնտեսական և կրթական գործընթացներից։ Այն պետք է վերածվի գործառնական, ռազմավարական և ինստիտուցիոնալ կարևոր կենտրոնի։

Գյումրու ներկա վիճակը քաղաքական փաստ է։ Քաղաքը դեռ ամբողջությամբ չի վերականգնվել 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո։ Այդ վիճակը արդարացնող ոչ մի տնտեսական կամ իրավական հիմնավորում այլևս չի կարող ընդունելի լինել։

Կառավարությունը պարտավոր է վերջնականապես լուծել երկրաշարժից անօթևան մնացած բոլոր գյումրեցիների բնակարանային խնդիրը։

Սա քաղաքական պահանջ է։

Այս խնդիրը պետք է՝

-Փակվի ամբողջությամբ՝ առանց «մաս-մաս լուծումների» և անորոշ ժամանակացույցերի,

-Անմիջապես դրվի օրակարգում՝ որպես արտակարգ պետական պարտավորություն,

-Հստակեցվի բյուջետային և ծրագրային մակարդակով՝ առանց այլևս հետաձգելու։

Երկրաշարժից 37 տարի անց մարդկանց ապրելակերպը ժամանակավոր շինություններում ոչ միայն անարդարություն է, այլև՝ պետական սոցիալական քաղաքականության ձախողում։ Այս մարդկանց խնդիրը լռությամբ անտեսելը խաթարում է ողջ պետության վստահելիությունը։

Սա պարզապես սոցիալական հարց չէ. սա ազգային արժանապատվության խնդիր է։

Գյումրին պետք է վերականգնի իր տնտեսական դերակատարությունը։

1980-ականներին Գյումրին արդյունաբերական ու ինժեներական խոշոր քաղաք էր՝ ողջ ԽՍՀՄ-ում ճանաչված։ Սակայն ներկա քաղաքական իրավիճակը ոչ միայն չվերականգնեց այս ներուժը, այլ այն մղեց մոռացության։ Մինչդեռ Գյումրին կարող է և պետք է դառնա տնտեսական վերակենդանացման առաջատար հարթակ։

Այդ նպատակով անհրաժեշտ է՝

-Վերագործարկել արդյունաբերական գործառույթները՝ պետական պատվերների, արտահանման աջակցության և տեղային ծրագրերի միջոցով։

-Գյումրին պետք է ունենա հատուկ ներդրումային կարգավիճակ՝ ներառյալ հարկային արտոնություններ, բյուրոկրատական ընթացակարգերի պարզեցում, ենթակառուցվածքային առաջնահերթ նախագծեր։

-Զարգացնել ՏՏ, բարձր տեխնոլոգիաների, կրթության և ծառայությունների ոլորտները՝ կապելով դրանք Գյումրու մարդկային կապիտալի հետ։

-Ակտիվացնել միջազգային գործընկերների հետ համագործակցությունը՝ քաղաքը դարձնելով ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին ներդրումների հարթակ։

-Զբոսաշրջության, մշակութային ձեռնարկությունների և ձեռնարկատիրական նախագծերի խրախուսում։

Գյումրին պետք է ունենա ծանրակշիռ, լիարժեք տեղական բյուջե։

Տեղական ինքնակառավարումը ձևական է, երբ չկա ֆինանսական անկախություն։

Գյումրին պետք է ունենա ծանրակշիռ, ծրագրային և վերահսկելի բյուջե՝ համարժեք իր բնակչությանը, ենթակառուցվածքային խնդիրներին և զարգացման ռազմավարական նպատակներին։ Քաղաքը, որն իրականում հավակնում է լինել քաղաքական ու տնտեսական բևեռ, պետք է ունենա ֆինանսական լիարժեքություն։ Այսօր Գյումրու բյուջեն ըստ էության միայն գոյատևման միջոց է, այլ ոչ թե զարգացման գործիք։

Պետական բյուջետային քաղաքականությունը պետք է վերանայվի՝ Գյումրու համար սահմանելով՝

-ռազմավարական նշանակության բյուջե, որը կծառայի քաղաքաշինական, կրթական, առողջապահական, սոցիալական և մշակութային վերազինման նպատակներին,

-բյուջետային ձևավորման նոր մոդել, որը կբացի տեղական եկամուտների հավաքագրման և ինքնուրույն տնօրինման լայն հնարավորություններ,

-ծրագրային ֆինանսավորման հստակ մեխանիզմներ՝ համաձայն երկարաժամկետ զարգացման պլանի։

-Գյումրին պետք է կարողանա տնօրինել ներդրումների, զարգացման ծրագրերի, սոցիալական և կրթական քաղաքականության իրականացման ռեսուրսները՝ առանց կենտրոնական հաստատություններից կախվածության։

Երկրորդ քաղաք ունենալը ենթադրում է ոչ թե կարգավիճակ ըստ անվան, այլ՝ գործիքակազմ ըստ բովանդակության։ Տեղական կառավարում առանց իրական ֆինանսական գործիքակազմի վերածվում է ձևական կառույցի։

Գյումրին՝ որպես ինստիտուցիոնալ քաղաքական կենտրոն

Գյումրու վերարժևորման վերջին, բայց առանցքային կետը նրա՝ որպես քաղաքական կենտրոնի հզորացումն է։ Մենք պետք է դուրս գանք այն մտածողությունից, որ միայն Երևանն է կարող որոշումներ կայացնել։

-Ազգային ժողովի և կառավարության նիստերի պարբերական անցկացում Գյումրիում պետք է դառնա օրինաչափություն։

-Պետական գերատեսչությունների մասնաճյուղերը պետք է ունենան իրական գործառույթներ և լիազորություններ։

-Քաղաքացիական և մասնագիտական համայնքները պետք է ներգրավվեն քաղաքական վերլուծության, օրենսդրական մասնակցության և հանրային վերահսկողության գործընթացներին՝ հենց Գյումրուց։

-Գյումրին պետք է դիտարկվի որպես հյուսիսային ռազմավարական հենակետ՝ քաղաքական և անվտանգային իմաստով։

Այսօր Գյումրին կանգնած է ոչ միայն պատմական վերականգնման անհրաժեշտության, այլև՝ ազգային պետականաշինության ռազմավարական կենտրոն դառնալու շեմին»։