կարևոր
1561 դիտում, 5 ժամ առաջ - 2025-07-19 13:51
Իրավական

Նժդեհ Իսկանդարյանի դեմ գործը ակնհայտորեն կրում է անձնական ու քաղաքական հետապնդման բնույթ. Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ

Նժդեհ Իսկանդարյանի դեմ գործը ակնհայտորեն կրում է անձնական ու քաղաքական հետապնդման բնույթ. Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ

Հուլիսի 12-ին Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից կազմակերպված հանրահավաքից առաջ, ինչպես նաև դրան հաջորդած օրերին, ՀՀ իրավապահ մարմինների կողմից մի շարք անձանց, այդ թվում՝ խորհրդի անդամների նկատմամբ, գործադրվել են բռնաճնշումներ և հնչեցվել են սպառնալիքներ։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդից հայտնում են՝ նման ճնշումների վերջին օրինակն այն էր, որ երեկ ՀՀ Քննչական կոմիտե է հրավիրվել Արցախի պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանը։

«Նպատակ է դրվել վերաբացել մի քրեական գործ, որը նախկինում արդեն փակվել էր։ Մեր համոզմամբ՝ այս գործընթացը ակնհայտորեն կրում է անձնական ու քաղաքական հետապնդման բնույթ և ուղղակիորեն պայմանավորված է հուլիսի 12-ի հանրահավաքին պետնախարարի ակտիվ ներգրավվածությամբ։

Ավելին, ինչպես տեղյակ եք, հանրահավաքից օրեր անց ՀՀ գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքի նկատմամբ ԼՂՀ կառավարության սեփականության իրավունքը։ Դրանից անմիջապես հետո առաջին պետական պաշտոնյան, ով հայտնվեց ճնշումների և քրեական հետապնդման թիրախում, դարձավ հենց Արցախի պետական նախարարը։

Պարոն Իսկանդարյանը պատահական կերպով չէ դարձել առաջին թիրախը։ Նա այն եզակի պաշտոնյաներից է, ով ոչ միայն ներկա էր հանրահավաքին, այլև իր աջակցությունն ու ակտիվ մասնակցությունն է շարունակաբար ցուցաբերել նաև դրան նախորդած ու հաջորդած բոլոր գործընթացներին։ Այս ամբողջ ընթացքում նա իրականացրել է ակտիվ հանրային գործունեություն։

Ստեղծված իրավիճակը խիստ մտահոգիչ է և ունի բոլոր հատկանիշները՝ որակվելու որպես քաղաքական հետապնդում։ Սա հարված է ոչ միայն մեկ պաշտոնյայի, այլև Արցախի պետական ինստիտուտների ու Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հեղինակությանն ու կենսունակությանը։

Խորհուրդը խստորեն դատապարտում է Հայաստանի կառավարության և իրավապահ համակարգի կողմից իրականացվող բռնաճնշումները Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար պայքարող անձանց ու ինստիտուտների դեմ։

Խորհուրդը մնում է հավատարիմ իր սկզբունքներին ու դիրքորոշումներին և հանդես է գալիս Արցախի ինստիտուտների պահպանման ու մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության դիրքերից»։