կարևոր
3079 դիտում, 14 ժամ առաջ - 2025-07-11 21:36
Քաղաքական

Ծայրահեղ վտանգավոր վիճակ է. Հայաստանը ոտքի տակ կորչելու է. Գառնիկ Դանիելյան

Ծայրահեղ վտանգավոր վիճակ է. Հայաստանը ոտքի տակ կորչելու է. Գառնիկ Դանիելյան

Աբու Դաբիում 5 ժամ տևած բանակցություններից հետո Երևանն ու Բաքուն նույնաբովանդակ հաղորդագրությունով տեղեկացրեցին՝ կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման օրակարգի տարբեր հարցեր։

Ե՛վ Երևանը, և՛ Բաքուն շեշտել են՝ ամենաարդյունավետ ձևաչափը համարում են երկկողմ բանակցությունները, և պայմանավորվել են շարունակել երկխոսությունը:

Նշենք, որ տարածված այս հաղորդագրությունից առաջ Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ որոշակի մանրամասներ էր հայտնել ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը՝ ընդգծելով. «Սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը»։

Թե ինչպե՞ս է հնարավոր խոսել ինքնիշխանության մասին, երբ Հայաստանի տարածքի վերահսկողությունը ՀՀ կառավարությունը համաձայնում է հանձնել՝ արտապատվիրակել ուրիշին, 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քննարկեցինք ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ։

«Սյունիքից ճանապարհի վերահսկողություն տալ արտասահմանյան ընկերության, նշանակում է, որ դու՝ որպես պետություն, այլևս այդ տարածքի տերը չես։ Ինչպե՞ս ես ինքնիշխանություն պահպանում, երբ պետության տարածքի մի մասն արտապատվիրակում ես։ Դու չես հսկում քո պետության տարածքի այդ հատվածը, դա անում են այլ երկրի ուժեր, կազմակերպություններ։ Ասվածն ուղղակի աբսուրդ է։ Սրանով Հայաստանի տարածքի այդ հատվածը նվիրում են Ադրբեջանին և Թուրքիային։

Գեղցու շուստրիությամբ մարդկանց ականջներից լապշա է կախում, թե բա՝ ի՞նչ միջանցք, բայց իրականում նման լուծումը հենց հանգեցնելու է միջանցքի տրամադրման։ Սա ծայրահեղ վտանգավոր վիճակ է Հայաստանի համար։ Հայաստանը ոտքի տակ կորչելու է»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։

Նա ընդգծում է՝ Փաշինյանի ստորագրածը չի լինելու Խաղաղության պայմանագիր, լինելու է ադրբեջանական պահանջների բավարարման համաձայնություն։

«Հո պատահակա՞ն չէ, որ ադրբեջանական կողմը հայտնում է, թե արդեն վերջնականացման փուլում է ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակեցնելու հարցը»,- ասաց նա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։