Փոխարժեքներ
12 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանը պարզաբանումներ է ներկայացրել Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ:
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ կոպտորեն խախտվել են արդար դատաքննության երաշխիքները, մասնավորապես՝ կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքը: Թե՛ նախաքննական մարմինները, թե’ դատարանն անտեսել են պաշտպանական կողմի ներկայացրած բոլոր միջնորդությունները՝ իրականացնելով միակողմանի և կանխորոշված ելքով քննություն։ Ավելին, դատավորները մերժել են Ռուբեն Վարդանյանին տրամադրել լիարժեք հասանելիություն գործի նյութերին՝ միաժամանակ գործին կցելով կեղծված փաստաթղթեր։
Խախտվել են նաև ընդդատության երաշխիքները․ գործը փոխանցվել է ռազմական տրիբունալին, չնայած այն հանգամանքին, որ Ռուբեն Վարդանյանը քաղաքացիական անձ է և երբևէ որևէ առնչություն չի ունեցել իրավապահ կամ անվտանգային կառույցների հետ։ «Արդյունքում ստեղծվել է հիմնովին անարդար դատավարական իրավիճակ, որտեղ պաշտպանվող կողմը զրկված է մեղադրանքները վիճարկելու կամ իր անմեղությունն ապացուցելու իրատեսական որևէ հնարավորությունից։ Նման պայմաններում արդար դատաքննության հասկացությունն ինքնին վերածվում է ձևականության՝ զուրկ որևէ բովանդակությունից», -ընդգծել է Սահակյանը։
Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպիտ խախտումները ներկայացնող փաստաթղթին հնարավոր է ծանոթանալ այս հղումով:
Այս փաստաթուղթը ներկայացնում է մանրամասն հաշվետվություն 2023 թվականի սեպտեմբերից առ այսօր ապօրինի կալանավորված քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Ադրբեջանի նախաքննական և դատական մարմինների կողմից իրականացված մարդու իրավունքների կոպտագույն խախտումների մասին։ Ստորև ներկայացված փաստական տվյալները վկայում են արդար դատաքննության նրա իրավունքի համատարած և համակարգային ոտնահարման մասին։
Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը, ինչպես նաև Բաքվի ռազմական դատարանում ընթացող դատավարության ընթացքը բացահայտում են ինչպես միջազգային իրավունքի նորմերի, այնպես էլ Ադրբեջանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի (ԱՀ ՔԴՕ) կոպիտ խախտումներ։
Այս խախտումների համակցված ազդեցությունը վկայում է արդարադատության ակնհայտ բացակայության մասին և ընդգծում է, որ ադրբեջանական իշխանությունները դիտավորյալ և համակարգված ձևով անտեսում են պատշաճ դատաքննության պահանջը, ինչն անվիճելի է դարձնում այն, որ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված վարույթն ունի քաղաքական դրդապատճառներ։
Ձերբակալման ժամանակ Ռուբեն Վարդանյանին չեն տեղեկացրել իր նկատմամբ առաջադրված մեղադրանքի բովանդակության և հիմքերի մասին, ինչպես նաև չեն տրամադրել իր իրավունքների վերաբերյալ պաշտոնական փաստաթղթեր՝ խախտելով դատավարական երաշխիքները, մասնավորապես՝ արդյունավետ պաշտպանության պատրաստվելու հնարավորություն ունենալու նրա իրավունքը։
Բացի այդ, մեղադրանք առաջադրելուց հետո նրան չի տրամադրվել գրավոր ծանուցում՝ հակառակ ադրբեջանական օրենսդրությամբ սահմանված պահանջի։
Խախտումները հստակ փաստագրված են քրեական գործի նյութերում․
Ավելին, 2024 թ․ դեկտեմբերի 5-ի նոր մեղադրանքների մասին որոշումը Վարդանյանին չի հանձնվել օրենքով սահմանված 48 ժամվա ընթացքում և ներկայացվել է միայն 2025 թ. մարտի 7-ին ու միայն պաշտպանական կողմի նախաձեռնությամբ պաշտոնական միջնորդություն ներկայացնելուց հետո։
ԱՀ ՔԴՕ 28.4 հոդվածի համաձայն, նախաքննական մարմիններն ու դատարանը պարտավոր են քննարկել պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները և դիտարկել ընթացակարգային խախտումների վերաբերյալ բոլոր բողոքները։
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ևս պահանջում է, որ որոշումների կայացման ընթացակարգերը հետևեն մրցակցային դատավարության և կողմերի հավասարության սկզբունքներին և ներառեն բավարար երաշխիքներ պաշտպանվող կողմի իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար։
Հիմնարար այս երաշխիքները Ռուբեն Վարդանյանի դեպքում ակնհայտ ձևով անտեսվել են։ Մասնավորապես․
Չնայած Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ու Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի մասնակից պետություն է, Ռուբեն Վարդանյանի գործով դատական ընթացակարգերն աչքի են ընկնում շարունակական խախտումներով։
Ռուբեն Վարդանյանի դեպքում այդ հարցերից ոչ մեկը չի քննարկվել։ Լսումն անցկացվել է այնպիսի պայմաններում, որ պաշտպանությանը չի տրվել բավարար ժամանակ գործի նյութերին ծանոթանալու համար, չի տրամադրվել համապատասխան թարգմանություն, և նույնիսկ հարց չի ուղղվել, թե արդյո՞ք պաշտպանական կողմը պատրաստվում է ներկայացնել միջնորդություններ կամ հայտարարություններ։ Ավելին, ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի համաձայն, նախնական լսումների արդյունքում կայացված որոշումը պետք է տրամադրվի մեղադրյալին և պաշտպանական խմբին երեք օրվա ընթացքում։ Բայց Վարդանյանի դեպքում այս որոշումը տրամադրվել է ժամկետների խախտմամբ և աղավաղված թարգմանությամբ՝ ևս մեկ անգամ ապացուցելով այս բոլոր խախտումների համակարգային բնույթը։ Ուստի դատարանը չի ապահովել ընթացակարգային իր պարտավորությունները, որոնք հաստատված են դատական այս փուլի համար՝ Ռուբեն Վարդանյանին զրկելով պատշաճ պաշտպանվելու հնարավորությունից դատական այս առանցքային փուլում, երբ դրվում են հետագա քննության հիմքերը։ Նախնական լսումների փուլում ընթացակարգային խախտումներն աղավաղում են հետագա ամբողջ գործընթացը։
2025 թ․ հունվարի 27-ի նիստին հաջորդած որոշումը Ռուբեն Վարդանյանին տրամադրվել է էական ուշացումով (մասնավորապես՝ փետրվարի 5-ին, մինչդեռ քր․դատ․ օր-ի 300.4 հոդվածը պահանջում է, որ այն ներկայացվի երեք օրվա ընթացքում։
Բաքվի ռազմական դատարանը հրաժարվել է հետաձգել 2025 թ․ հունվարի 27-ի նիստը, և ստիպել է անցնել նյութերի քննության փուլին՝ նախապես չապահովելով բավարար ժամանակ և պայմաններ պաշտպանությանը պատրաստվելու համար։ Ռուբեն Վարդանյանի և նրա փաստաբանի բազմաթիվ միջնորդությունները մերժվել կամ անտեսվել են, այդ թվում՝
Այս միջնորդությունները ոչ միայն կամայական ձևով մերժվել են, այլև դրանց ներկայացման փաստը դատական նիստերի պաշտոնական արձանագրություններում չի էլ նշվել։
Ավելին, դատավարական հիմնարար երաշխիքների հետագա խախտմամբ՝ ո՛չ Ռուբեն Վարդանյանին, ո՛չ նրա փաստաբանին չեն տրամադրվել դատական նիստերիարձանագրություններ՝ սահմանափակելով լսումների ընթացքին արդյունավետ հետևելու և հետագա միջնորդությունները, բողոքները կամ առարկությունները պատրաստելու նրանցկարողությունը։
Ռուբեն Վարդանյանի միջնորդությունը, որով դատարանից պահանջվում էր ապահովել, որ նախնական կալանքի կրման վայրի ղեկավարությունը նրան տրամադրի նոտարական ծառայություններից օգտվելու հնարավորություն քաղաքացիական հայց ներկայացնելու լիազորագիր կազմելու համար, մերժվել է այն հիմնավորմամբ, թե նման խնդրանքները «դատարանի իրավասության մեջ չեն մտնում»։
Քանի որ Ռուբեն Վարդանյանի այս և մյուս բոլոր միջնորդությունները կոպտորեն և անհիմն կերպով անտեսվել են, նա և նրա պաշտպանը ներկայացրել են դատական կազմի ինքնաբացարկիմիջնորդություն, որը ևս մերժվել է։
Ռուբեն Վարդանյանի կողմից ներկայացված 20-ից ավելի միջնորդությունները դատարանը չի դիտարկել։ Մինչ դատական կազմը պնդում էր, թե այդ միջնորդությունները «հաշվի են առնվել», դատական նիստերի պաշտոնական արձանագրություններում այդ մասին ոչինչ չի նշվում, ինչը ցույց է տալիս, որ դատարանի պնդումների ու փաստաթղթավորված դատավարության միջև առկա է ակնհայտ անհամապատասխանություն։ Հատկանշական է, որ պաշտպանական կողմի՝ 2025 թ․հունվարի 27-ի դատական նիստի արձանագրությունը ստանալու դիմումն անտեսվել է, ինչը ընդգծում է դատարանի՝ դատավարական արձանագրությունը շտկելու ցանկության բացակայությունը։
Չնայած համակարգային դատավարական խախտումներին և Ռուբեն Վարդանյանի իրավունքների խախտման վերաբերյալ համոզիչ ապացույցների առկայությանը, դատական կազմիինքնաբացարկի մասին մոտ 10 միջնորդություն կա’մ մերժվել է, կա’մ ամբողջությամբ անտեսվել։Դատարանը բազմիցս որպես մերժման հիմք է նշել «դատական կազմի շահագրգռված լինելու ապացույցների բացակայությունը»՝ բացատրություն, որը չունի փաստական կամ իրավական հիմք։ Որոշ միջնորդություններ, օրինակ՝ 2025 թ․ մարտի 11-ի ինքնաբացարկի միջնորդությունը, ընդհանրապես չեն քննարկվել։
Գործի նյութերը պարունակում են դատավարական արձանագրություններ, որոնցում կան էական խախտումներ։ Իրավական գործող չափանիշների համաձայն, այդպիսի սխալների դեպքում տվյալ փաստաթղթերը դառնում են անվավեր։ Մասնավորապես, մի քանի արձանագրություններ, այդթվում՝ 2024 թ․ հոկտեմբերի 30-ի և 2024 թ․ դեկտեմբերի 5-ի հարցաքննությանարձանագրություններում բացակայում են թե՛ մեղադրյալի, թե՛ պաշտպանի ստորագրությունները։
2025 թ․ փետրվարի 6-ի դատական նիստի պաշտոնական արձանագրությունը կեղծ ձևով պնդում է, թե Ռուբեն Վարդանյանի և նրա պաշտպանի կողմից ներկայացված բոլոր 8 միջնորդություններըքննարկվել են 2025 թ. հունվարի 27-ին կայացած նախնական դատական նիստի ժամանակ։Իրականում, այդ միջնորդություններից միայն երկուսն են քննարկվել։ Այս սխալ ներկայացումըուղղակիորեն հակասում է ինչպես դատարանի կողմից նախնական դատական նիստի որոշմանը, այնպես էլ 2025 թ. հունվարի 27-ի արձանագրային որոշման քաղվածքին։
Դատավարական արձանագրությունների մանիպուլյացիան դրանով չի ավարտվել։ Օրինակ, դատարանը չի քննարկել կամ չի արձագանքել Ռուբեն Վարդանյանի և նրա պաշտպանի կողմից 2025 թ․ ապրիլի 22-ին կայացած նիստի արձանագրության վերաբերյալ ներկայացված գրավոր մեկնաբանություններին և առարկություններին։
Դատավարության յուրաքանչյուր փուլում միջազգային հանրության ներկայացուցիչներին համակարգված կերպով թույլ չի տրվել մուտք գործել դատարանի դահլիճ։ Դատավարությանը ներկա են եղել բացառապես կառավարամետ լրատվամիջոցներ, որոնք գործում են Ադրբեջանի իշխանությունների վերահսկողության տակ։ Սա թույլ չի տվել ապահովել դատաքննության անկախ դիտարկում և անկախ հսկողություն։
Եղել են դեպքեր, երբ պետության հետ կապված լրատվամիջոցները սխալ են ներկայացրել կամ ընտրողաբար են հաղորդել Ռուբեն Վարդանյանի և նրա փաստաբանի հայտարարությունների իրական բովանդակությունը, մասնավորապես՝ ինքնաբացարկի և այլ միջնորդությունների վերաբերյալ։ Այս ընտրողաբար և աղավաղված ներկայացումը շարունակել է էլ ավելի խաթարել դատավարության թափանցիկությունը։
Հրապարակային լսումների սկզբունքի խախտումն ավելի է ընդգծվել դատարանի կողմից գործի դասակարգման նկատմամբ հակասական մոտեցմամբ։ Չնայած դատավարությունը պաշտոնապես հայտարարվել էր բաց հանրության համար, դատարանը բազմիցս վկայակոչել է որոշակի նյութերի ենթադրյալ գաղտնիությունը և գործի նյութերում «գաղտնի» ապացույցների առկայությունը, մասնավորապես՝ 2025 թ․ մարտի 19-ին փաստաբանի հարցմանը տրված գրավոր պատասխանում: Նման պնդումներն օգտագործվել են որպես պատրվակ անկախ դիտորդներին բացառելու և դատավարությունը միջազգային վերահսկողությունից զերծ պահելու համար, ինչն ակնհայտորեն հակասում է հրապարակային դատաքննության իրավունքին։
2025 թ. փետրվարի 19-ի դրությամբ պաշտպանության կողմի ներկայացրած օրինական հետևյալ պահանջները չեն բավարարվել, ինչն անհնար է դարձրել դատարանում արդյունավետ պաշտպանություն ապահովելը.
Հարցումներ՝ ուղղված նախնական կալանքի կրման հաստատությանը, որոնք անտեսվել են.
Ռուբեն Վարդանյանի գործում հայտնաբերված քրեական դատավարության օրենսգրքի խախտումները պարզապես ձևականություններ չեն. դրանք ուղղակիորեն ազդում են նրա արդար դատաքննության հիմնարար իրավունքի վրա, որը երաշխավորված է ինչպես ադրբեջանական օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային իրավական չափանիշներով:
Գործի նյութերին հասանելիություն չտրամադրելը, ծավալուն փաստաթղթերին ծանոթանալու համար տրամադրված խիստ սահմանափակ ժամանակը և պաշտպանության միջնորդությունները քննարկելու համակարգված մերժումն անհնար են դարձրել Ռուբեն Վարդանյանի համար արդյունավետ պաշտպանություն իրականացնելը: Այս խախտումները միասին ստեղծել են մի իրավական միջավայր, որտեղ նա փաստացի զրկված է իր դեմ առաջադրված մեղադրանքները վիճարկելու կամ արդարացնող ապացույցներ ներկայացնելու իմաստալից որևէ հնարավորությունից: Դատավարության մրցակցային բնույթը լիովին խաթարված է։
Միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, Ֆրանսիայի Սենատը, ինչպես նաև մի շարք ՀԿ-ներ և փորձագետներ Ռուբեն Վարդանյանին ճանաչել են որպես քաղբանտարկյալ և կոչ են արել ազատ արձակել նրան: Նրա կալանավորումը և դատավարությունը դիտվում են որպես Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ իրականացվող ավելի լայն արշավի մաս:
Դատավարական երաշխիքների և արդար դատաքննության իրավունքի նկատմամբ հարգանքը հայեցողական հարց չէ. այն իրավունքի գերակայության հիմնարար տարր է և պետության կողմից մարդու իրավունքների նկատմամբ հանձնառության հիմնական ցուցիչ: Այս գործում միջազգային ուշադրությունն ու միջամտությունը հրատապ են ոչ միայն Ռուբեն Վարդանյանի համար արդարադատություն ապահովելու, այլև միջազգային իրավական կարգի ամբողջականությունը պահպանելու և անօրինական կերպով կալանավորված այլ հայերի պաշտպանությունն ապահովելու համար։
Դատավարական վերը նշված խախտումների ամբողջությունը միանշանակ ցույց է տալիս, որ Ռուբեն Վարդանյանին չի տրամադրվել իրավասու, անկախ և անաչառ դատարանի առջև պաշտպանվելու արդար հնարավորություն։ Նրան զրկել են գործի կարևոր նյութերին ծանոթանալու հնարավորությունից, դատավարական հիմնարար իրավունքներից և մեկուսացրել միջազգային դիտարկումից ու աջակցությունից։
Այս մոտեցումը կոպիտ ձևով խախտում է ինչպես Ադրբեջանի ներքին օրենսդրությունը, այնպես էլ արդար դատաքննության չափանիշները։ Այն խաթարում է արդարադատության գաղափարը և ցույց է տալիս, որ դատավարությունը քաղաքական շարժառիթով իրականացվող վարույթ է, որը զուրկ է որևէ լեգիտիմությունից։
Հետևաբար, մենք կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին և համաշխարհային առաջնորդներին անհապաղ ուշադրություն դարձնել այս գործին և ճնշում գործադրել Ադրբեջանի Հանրապետության վրա, որպեսզի այն կատարի միջազգային իր պարտավորությունները, մասնավորապես՝ ապահովի արդար դատաքննության իրավունքը, որն ամրագրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և միջազգային համապատասխան այլ փաստաթղթերով։