Փոխարժեքներ
24 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.62 |
EUR | ⚊ | € 447.28 |
RUB | ⚊ | ₽ 4.9287 |
GBP | ⚊ | £ 524.83 |
GEL | ⚊ | ₾ 141.59 |
Թուրք գրող, հրապարակախոս, գրքերի և ֆիլմի հեղինակ, քաղաքական գործիչ, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (Halkların Demokratik Partisi / HDP) հիմնադիրներից Քադիր Աքընն այս օրերին գտնվում է Հայաստանում։ Հուլիսի 1-ին նախատեսվում է նրա հեղինակած «Մերժում» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը Երևանում։ Քադիր Աքընը հայաստանյան այցի շրջանակներում այցելեց նաև Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն։ Օգտվելով առիթից՝ նրա հետ զրուցեցինք իր կատարած աշխատանքների և առաջիկա անելիքների մասին․
-Մի փոքր պատմեք Ձեր մասին։
–Ես Քադիր Աքընն եմ, գիտական ուսումնասիրությունների, գրքերի, ֆիլմի հեղինակ։ Միևնույն ժամանակ քաղաքական գործիչ եմ։ Սոցիալիստական հայացքներ ունեմ։ Շատ երիտասարդ տարիքից ընդգրկվել եմ սոցիալիստական պայքարի մեջ։ 6 տարի բանտ եմ նստել Քենան Էվրենի (թուրք ռազմական և պետական գործիչ-Ակունքի խմբ․) սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջումից հետո։ Հետագայում էլ զանազան ձախակողմյան թերթերում աշխատել եմ որպես խմբագիր և պաշտոններ եմ ունեցել տարբեր ձախ կուսակցություններում։ Իրականում, գիտական ուսումնասիրություններս վերաբերում են Թուրքիայի ձախական շարժման պատմությանը, մասնավորապես՝ ձախակողմյան, սոցիալիստական շրջանակներին Թուրքիայում։
Սոցիալիստական, ձախակողմյան հայացքները կրող քաղաքական գործիչներն իրենց պատմության սկիզբն են համարում 1920 թ․ Մոսկվայում հիմնված Թուրքիայի Կոմունիստական կուսակցության գործունեության մեկնարկը։ Իմ կատարած ուսումնասիրությունները վերաբերում են ըստ էության 1900-ականների սկզբներին ժնևում և Թիֆլիսում հիմնված Հնչակյան և ՀՅԴ կուսակցությունների սոցիալիստական հայացքներին։ Նրանք Երկրորդ ինտերնացիոնալում դարձել են կուսակցություն։ Ես ուսումնասիրություններիս ընթացքում այդ պատմական փաստերը խորհրդանշական կերպով ներկայացրել եմ 1915 թ․ հունիսի 15-ին Ստամբուլի Սուլթան Բայազետ հրապարակում կախաղան հանված Փարամազի (Մատթեոս Սարգսյան-Ակունքի խմբ․) և նրա 19 ընկերների պատմության առանցքում։
Ձգտել եմ դուրս գալ պաշտոնական պատմագրության գծած շովինիստական շրջանակից և պատմությունը ներկայացնել ավելի ինտերնացիոնալիստական դիտանկյունից։ Այսինքն՝ փորձել եմ մի պարադիգմայի փոփոխություն կատարել, ըստ որի՝ այս տարածքներում թուրք և մուսուլման ծագում ունեցող սոցիալիստներից շատ ավելի առաջ եղել են հայկական, հունական, հրեական արմատներով սոցիալիստներ։ Այսպես, օրինակ, Սալոնիկում գործել է Սալոնիկի սոցիալիստական բանվորական դաշնակցությունը, որը հիմնել էին այստեղի հրեա հեղափոխականները։ Դա կարևոր ազդեցություն ունեցավ Թուրքիայում։ Փարամազին նվիրված գրքիցս հետո հրատարակեցի նաև «Գաղտնի պատմության հետքերով» (“Saklı Tarihin İzinde”) ավելի համապարփակ աշխատությունը։ Այդ գրքերում ներկայացրել եմ վերոնշյալ 2 կուսակցությունների պատմությունը և ձախակողմյան հայացքներ դավանող մյուս կուսակցությունները։
1908 թ․ երիտթուրքական հեղափոխությունից հետո, երբ Աբդուլ Համիդը գահընկեց արվեց, վերաբացվեց օսմանյան խորհրդարանը։ Այս խորհրդանում կային հայ, հույն, բուլղար և այլ ազգությունների պատգամավորներ։ Նրանցից 3-ն էին Համբարձում Բոյաջյանը՝ Կիլիկիայի պատգամավոր, Կոմսը (Վահան Փափազյան-Ակունքի խմբ․)՝ Վանի պատգամավոր, Հովհաննես (Վարդգես) Սերենգյուլյանը՝ Էրզրումի (Կարին-Ակունքի խմբ․) պատգամավոր։ Այս հայ պատգամավորներից 2-ը և մի բուլղարացի պատգամավոր Սալոնիկից` Վլահով անունով, խորհրդարան էին մտել Միություն և առաջադիմություն կուսակցության ընտրացուցակով։ Վերջիններս և Հնչակյան կուսակցության ընտրացուցակով խորհրդարանում ընդգրկված Համբարձում Բոյաջյանը (Մեծն Մուրադը-Ակունքի խմբ․) այստեղ ներառվում են «Բանվորական իրավունքների պաշտպանության» կամ «Ձախ հայացքներ ունեցող պատգամավորների» խմբում։ Հենց իրենք էին այդ խումբը ձևավորել, որը զբաղվում էր կանանց, բանվորների իրավունքների պահպանման, մամուլի և խոսքի ազատության հարցերով։ Այդպիսով՝ նրանք փորձել են պաշտպանել օսմանյան ազգի իրավունքները։ «Գաղտնի պատմության հետքերով» գրքի վրա աշխատելիս մտել եմ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արխիվներ և վերոհիշյալ 4 պատգամավորների ելույթներն ուսումնասիրելով՝ դրանք ընդգրկել եմ իմ աշխատության մեջ։
– Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում հայությանն առնչվող ուրիշ ի՞նչ ուսումնասիրություններ կամ աշխատանքներ եք կատարել։
-Ձախական կամ սոցիալիստական հոսանքների պատմության վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելիս նկատեցի, որ հայերը դեռ թուրքերից շատ առաջ փորձել են պաշտպանել սոցիալիստների իրավունքները, և սկսեցի հետաքրքրվել այդ հարցով և ուսումնասիրել այն։ Երբ այդ փաստը փորձեցի ապացուցել թուրք սոցիալիստներին, նրանք միանգամից չընդունեցին այն, քանի որ, ըստ իս, ունեն պրոթուրքական հայացքներ։ Թուրք սոցիալիստները չեն նկատել կամ անտեսել են հայ սոցիալիստներին, որովհետև նրանք հայազգի են եղել։ Այնինչ, ինչպես նշեցի, խորհրդարանում վերոհիշյալ 4 պատգամավորներից 3 հայերը պայքարել են բոլոր օսմանցիների սոցիալական իրավունքների համար։ Նրանք պաշտպանել են արդարությունը, կանանց իրավունքները և ընդդիմացել օտար կապիտալին։ Ես փորձեցի այնպես անել, որ այդ պատմական փաստը նկատվի։ Ըստ էության, Հայկական հարցի առնչությամբ ոչ թե անմիջական, այլ միջնորդավորված կերպով նոր թեզով հանդես եկա։
– Ապագային միտված ի՞նչ նոր նախագծեր ունեք։
-Ինչպես նշեցի, օսմանյան խորհրդարան ընդգրկված այդ 4 սոցիալիստ պատգամավորներն ամենաշատն են օգտվել խորհրդարանային ամբիոնից։ Մինչև իսկ ժամանակաշրջանի որոշ թուրք պատգամավորներ իրենց դժգոհությունն էին արտահայտում դրա վերաբերյալ՝ ասելով, թե «Մենք այլևս չենք ուզում «սոցիալիստ» բառը լսել այստեղ»։ ԹԱՄԺ-ի արխիվում, օրինակ, պահպանվում է Վահան Փափազյանի՝ օսմանյան կրթական համակարգի մասին մի ելույթ, որը չափազանց ուշագրավ է։ Այն մինչև իսկ օսմաներենից տառադարձվել և վերածվել է ժամանակակից թուրքերենի։ Ես մանրամասն ուսումնասիրություններ եմ կատարել այդ արխիվում և հազարավոր էջեր պատճենահանել։ Վահան Փափազյանն այն մտավորականն էր, ով համապարփակ և մանրամասն ելույթ է ունեցել օսմանյան կրթական համակարգի վերաբերյալ։ Մեկ ժամից ավելի տևած այդ ելույթը կլանված լսել են օսմանյան խորհրդարանի թուրք, մուսուլման և այլազգի պատգամավորները և խնդրել չընդհատել այն։ Ցանկանում եմ այդ ելույթները հրապարակել, լուսաբանել դրանք, ապա մի վավերագրական ֆիլմ պատրաստել այդ թեմայով։
– Շուտով Երևանում ցուցադրվելու է Ձեր փաստագրական ֆիլմը։ Մեր ընթերցողներին մի փոքր պատմեք այդ ֆիլմի մասին։
-Այո՛, հուլիսի 1-ին, ժամը 19։30-ին Հայկական կրթական բարեսիրական հաստատությունը Կինոյի տանը (հասցե՝ Վարդանանց 18/2-Ակունքի խմբ․) կցուցադրի իմ հեղինակած «Մերժում» (“Red”) ֆիլմը։ Ֆիլմը թուրքերեն է, սակայն՝ արևելահայերեն ենթագրերով։ Տևողությունը 55 րոպե է։ Այն առաջին անգամ է ցուցադրվելու Հայաստանում։ Մինչ այդ ցուցադրություններ են կազմակերպվել Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Լիբանանում և իհարկե Թուրքիայում։ Ֆիլմում ներկայացվում են 1915 թ․ առաջ Օսմանյան պետության հանդիպած խնդիրները և 1915 թ․ հունիսի 15-ին Ստամբուլի Սուլթան Բայազետ հրապարակում կախաղան հանված 20 հնչակյան գործիչների մահապատժի պատմությունը։
– Ֆիլմն ի՞նչ արձագանքներ ստացավ Թուրքիայում՝ ցուցադրություններից հետո։
– Ֆիլմը ցուցադրվել է Թուրքիայի բազմաթիվ քաղաքներում՝ Ստամբուլում, Անկարայում, Ադանայում, Քոջաելիում և այլուր, սակայն հիմնականում հանդիսատեսները ընտրված անձինք էին, որոնք ըստ էության սոցիալիստական, ձախական հայացքների տեր էին։ Ահա թե ինչու, այն դրական արձագանք է ստացել։ Արդեն իսկ ֆիլմը պատրաստել էի գիտնականների, մտավորականների և հատկապես ձախ հայացքներ կրող անձանց համար։ Բայց և այնպես, դեռ Թուրքիայում կան ձախակողմյաններ, որոնք թուրք շովինիստական հայացքներ ունեն և դրական չեն վերաբերվում իմ ֆիլմին և գրքերին։ Սակայն ինտերնացիոնալիստները դրական վերաբերմունք ունեն օսմանահպատակ հայ սոցիալիստների նկատմամբ և համարում են, որ պետք է արժանին մատուցել նրանց։ Արդեն իսկ իմ նպատակն էր թուրք ձախերին ցույց տալ, որ իրենցից առաջ, իրենց պատմությունից առաջ հայերն են եղել, հատկապես որ նրանք անտեսում են հայերի գործունեությունը միայն այն բանի համար, որ հայ են։
– Ցանկանու՞մ եք որևէ բան հավելել։
-Իմ բոլոր ջանքերն ուղղված են թուրք և հայ ժողովուրդների միջև բարեկամության հաստատմանը։ Ուրախ կլինեմ, եթե կարողանամ իմ նպաստն ունենալ այդ գործում։
Զրուցեց և թարգմանեց Մելինե Անումյանը