|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է ԵՄ ռազմավարական պահուստներից Ուկրաինային 3,7 միլիոն եվրոյի 447 վթարային գեներատոր ուղարկելու մասին՝ նշելով, որ երկրի էներգետիկ ենթակառուցվածքներին ռուսական հարվածների պատճառով 1 միլիոն ուկրաինացի գտնվում է առանց էլեկտրաէներգիայի, ջրի և ջեռուցման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Եվրոպական հանձնաժողովը։
Այդ գեներատորները կօգտագործվեն Ուկրաինայում հիվանդանոցներում, ապաստարաններում և կարևորագույն ծառայություններ տրամադրող կառույցներում էլեկտրաէներգիան վերականգնելու համար։
«Լեհաստանում տեղակայված rescEU ռազմավարական պահուստներից մոբիլիզացված գեներատորներն առավել տուժած համայնքներին կբաշխվեն Ուկրաինայի համայնքների և տարածքների զարգացման նախարարության կողմից՝ համագործակցելով Ուկրաինայի Կարմիր խաչի հետ», - ասվում է հայտարարության մեջ։
Եվրոպական հանձնաժողովը բացատրել է, որ այս որոշումը նպատակ ունի բավարարել անհապաղ կարիքները և հանդիսանում է ԵՄ-ի կողմից Ուկրաինայի էներգետիկ կայունությանը շարունակական աջակցության մի մասը։
Ըստ հայտարարության՝ Ռուսաստանի լայնածավալ հարձակումից ի վեր ԵՄ-ն Ուկրաինա է ուղարկել գրեթե 10 000 գեներատոր։
Նշվում է նաև, որ ձմռան նախաշեմին Եվրոպական հանձնաժողովը նաև ավարտեց Լիտվայի կողմից նվիրաբերված ամբողջական ջերմաէլեկտրակայանի տեղափոխումը: Սա քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի պատմության մեջ ամենամեծ համակարգված լոգիստիկ գործողությունն էր և հնարավորություն տվեց վերականգնել Ուկրաինայի էլեկտրացանցի կարևորագույն հզորությունները։
Բացի այդ, ըստ հայտարարության, ՌԴ-ի կողմից ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Եվրոպական հանձնաժողովն Ուկրաինայի քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար հատկացրել է ավելի քան 1,2 միլիարդ եվրոյի մարդասիրական օգնություն և ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի միջոցով մատակարարել է ավելի քան 160 000 տոննա օգնություն։
Բացի հումանիտար օգնությունից, Ուկրաինային տրամադրվել է առնվազն 3 միլիարդ եվրո՝ էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար: Ձմռան նախաշեմին Եվրահանձնաժողովը նաև մոբիլիզացրել է 927 միլիոն եվրո գազի արտակարգ գնումների համար։