Փոխարժեքներ
20 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.81 |
EUR | ⚊ | € 441.42 |
RUB | ⚊ | ₽ 4.9089 |
GBP | ⚊ | £ 516.03 |
GEL | ⚊ | ₾ 141.22 |
«Մանթաշյան» գործարարների միության համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանը գրում է.
«ՀԵՑ-ի «ազգայնացման» կոչերը, հուսով եմ էմոցիաներն անցնելուց հետո իրավական պետության բնորոշ գործընթացներով կգնան, քանի որ այլ պարագայում Հայաստանը երկարաժամկետ հայտնվելու է ավտորիտար, բիզնես անելու համար ոչ գրավիչ ու արտաքին ներդրումների կողմից մերժված երկրների ցուցակում։
Մասնավոր կապիտալի «ազգայնացման» պրոցեսով մենք մի անգամ անցել ենք, մոտ 100 տարի առաջ, երբ բոլշևիկները համատարած «ազգայնացրեցին» բոլոր հայաստանյան ընկերությունների, գործարարների, ֆերմաների կարողությունները։ Այն ժամանակ այլ տերմին էին օգտագործում՝ «կուլակաթափություն», «սոցիալիստական սեփականության վերականգնում», «բուրժուազիայի գույքի բռնագրավում», «հարստության վերադարձ ժողովրդին» և այլն։
Բոլշևիկյան տերմինաբանությունը գաղափարական էր ու ելնում էր սոցիալիստական գաղափարախոսությունից։ Ուղղված էր պրոպագանդիստական արդարացմանը։ Իրականում ազգայնացումը հաճախ կատարվում էր բռնի, չկարգավորված և ոչ իրավական ճանապարհով։ Սակայն այն ներկայացվում էր որպես սոցիալական արդարություն, դասակարգային հաղթանակ և տնտեսական վերածննդի միջոց, որպեսզի գրավիչ լինի կարողություն չունեցող լայն զանգվածների մոտ։
Բոլշևիկներից հետո ազգայնացման պրոցեսներ աշխարհում շատ են եղել, հիմնականում սոցիալիստական կամ ավտորիտար համակարգերում։ Հիմնականում չէ, միշտ։
Օրինակ Վենեսուելայում (Չավեսի և Մադուրոյի վարչակարգեր, 2000–ականներից սկսած), երբ ազգայնացվեցին Նավթի, էլեկտրաէներգիայի, ցեմենտի, սննդամթերքի ոլորտները։ Վենեսուելայի ազգայնացման քաղաքականությունը, որն ուղղված էր «սոցիալական արդարության հաստատմանը», իրականում վերացրեց տնտեսական նախաձեռնությունը, ոչնչացրեց մասնավոր սեկտորը և փակեց երկիրը արտաքին կապիտալի առջև։ Վենեսուելայում ազգայնացման երկարատև արդյունքը եղավ մեկուսացումն ու Լատինական Ամերիկայի ամենաաղքատ երկրների ցանկում հայտնվելը։
Ազգայնացման նմանատիպ օրինակներ վերջերս եղել են նաև Զիմբաբվեում, Բոլիվիայում, Մեքսիկայում, Իրանում (հեղափոխությունից հետո), Կուբայում, Ռուսաստանում և այլն։ Չմանրամասնեմ շատ, քանի որ հետևանքները հիմնականում նույնն են՝ պետությունները խախտել են կամ սահմանափակել սեփականության իրավունքը՝ հանուն «ազգային շահի», «սոցիալական արդարության» կամ «քաղաքական վերահսկողության»։ Որոշ դեպքերում փոխհատուցում տրամադրվել է, բայց շատ հաճախ՝ ոչ։ Այս գործելաոճը հսկայական վնասում է հասցնում ներդրումային միջավայրին և տնտեսության վստահելիությանը։
«Ազգայնացման» անվան տակ մասնավոր սեփականության խլումը կամ իրավունքների ոտնահարումն ունենում է մի շարք բացասական հետևանքներ, օրինակ։
1. Իրավական անորոշություն և սեփականության իրավունքի խաթարում։
Երբ պետությունը խլում է գույք առանց պատշաճ դատական կամ իրավական գործընթացի, դա ազդանշան է, որ ներդրողի իրավունքները չեն պաշտպանվում։
2. Հավատը տնտեսության նկատմամբ նվազում է։
Ազգայնացումները հաճախ ասոցացվում են տնտեսական պոպուլիզմի, քաղաքական մանիպուլացիաների կամ ճնշման գործիքների հետ։
3. Նվազում է երկարաժամկետ ներդրումների հավանականությունը։
Ոչ մի երկարաժամկետ ներդրում չի արվում այնտեղ, որտեղ վաղը կարող են օրենքները փոխվել կամ գույքը բռնագանձել։
4. Աճում է կապիտալի արտահոսքը
Տեղական գործարարներն իրենց միջոցները դուրս են բերում՝ տեղափոխելով դեպի կայուն իրավական համակարգեր ունեցող երկրներ։
5. Աճում է երկրի պարտատոմսերի վճարվելիք տոկոսը
Երբ ազգայնացման ռիսկը բարձր է, այդ երկրի պարտատոմսերն ու ներդրումային նախագծերի համար նույն ներդրողին այդ երկրում պետք է շատ ավելի բարձր շահույթ առաջարկել, որ նա ընդհանրապես մտածի ներդրման մասին։
Ազգայնացման մի բացասական հետևանքն էլ կա։ Քանի որ պետությունները միշտ մասնավոր ոլորտից համեմատաբար ավելի վատ մենեջերներ են, ազգայնացման արդյունքում այդ ընկերություններում լճացում ու դեգրադացիա է գնում, իսկ կառավարումն ու սպասարկումը ընկերությանն ու երկրին դարձնում է ոչ մրցունակ ու հետադիմական։
Մենք գոնե դա պետք է լավ հիշենք, քանի որ մոտ 30 տարի առաջ մերժեցինք սոցիալիստական կարգերն ու անցանք մասնավոր կապիտալին ու մասնավոր սեփականությանը, բայց հիմա նորից հակառակին անցնելու կոչեր են հնչում։ Ով կմտածեր, որ սոցիալիզմն ու ավտորիտարիզմը մերժելուց 30 տարի անց նորից հետ գնալու կոչեր ու պրոցեսներ կգնան»։