կարևոր
1570 դիտում, 2 ժամ առաջ - 2025-06-17 23:12
Քաղաքական

Փաշինյանի հարձակումները եկեղեցու վրա կարող են քաղաքացիական պատերազմ հրահրել Հայաստանում. Հարութ Սասունյան

Փաշինյանի հարձակումները եկեղեցու վրա կարող են քաղաքացիական պատերազմ հրահրել Հայաստանում. Հարութ Սասունյան

2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրություններից առաջ իր վարկանիշի կտրուկ անկման պայմաններում վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիրախավորում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Նա սխալմամբ ենթադրում է, որ կարող է ստանալ հանրության աջակցությունը՝ անտեսելով այն փաստը, որ հայերի մեծ մասը՝ թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքում, հավատարիմ է մնում Հայ առաքելական եկեղեցուն։

Անցյալ շաբաթ Փաշինյանը հայտարարեց, որ մտադիր է կաթողիկոս Գարեգին Երկրորդին փոխարինել ավելի հլուհնազանդ հոգևորականով՝ որպես արդարացում բերելովհոգևորականության կուսակրոնությունը: Վարչապետը սաստկացրեց իր հարձակումը Կաթողիկոսի և Հայոց եկեղեցու վրա՝ սադրիչ ֆեյսբուքյան գրառումների միջոցով: Ահա դրանցից մի քանիսը.

1. Նա կոչ արեց իր հետևորդներին գնալ և «ազատել» Կաթողիկոսարանը ու ընտրել նոր Կաթողիկոս. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս, ում բարեվարքությունը կաթողիկոսական ընտրություններից առաջ ստուգված և հաստատված կլինի։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդներին կոչ եմ անում համախմբվել Վեհարանը սիրով և քրիստոնեաբար ազատելու և որևէ իրապես սրբազան հոգևորականի Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ»։

2. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին վերադարձվելու է Հիսուս Քրիստոսին և հայ ժողովրդին: Կտրիճ Ներսիսյանը [անպատշաճ կերպով դիմելով Գարեգին Երկրորդին իր աշխարհիկ անունով] պետք է ազատի վեհարանը»:

3. Նա առաջարկեց «գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանն ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու համար՝ ստեղծելով «Համակարգող խումբ»՝ նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կառավարելու համար»։ Փաշինյանը «Համակարգող խմբի» ապագա անդամների որակավորումը նկարագրեց հետևյալ կերպ.

ա) «Իրենց ամբողջ հոգով հավատում են մեր կենդանի տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին»,

բ) «Գոնե մեկ անգամ սկզբից մինչև վերջ կարդացել են Աստվածաշունչը»,

գ) «Վերջին հինգ տարում գոնե մեկ անգամ պահել են Մեծ պահքը»,

դ) «Ամեն օր աղոթում են»,

ե) «Համակարգող խմբի անդամ կարող են լինել թե տղամարդիկ, թե կանայք, թե աշխարհիկ մարդիկ, թե հոգևորականներ։ Կուսակրոն հոգևորականների դեպքում պարտադիր է, որ նրանք խախտած չլինեն կուսակրոնության ուխտը»։ Փաշինյանը հավելեց. «Համակարգող խմբի առաջին 10 անդամների ընտրության պատասխանատվությունը կվերցնեմ ինձ վրա՝ վերը նշված չափանիշների շուրջ ունեցած զրույցների գնահատմամբ։ Հետագայում Խումբը ինքը կորոշի ընդլայնման ընթացակարգերը, իր կառուցվածքը և այլ հնարավոր հարցեր»։ Նա հրավիրեց խմբին միանալ ցանկացողներին իրենց անունը, հեռախոսահամարը և մասնագիտությունը ուղարկել իր էլեկտրոնային փոստի հասցեին՝ [email protected]»։

Միևնույն ժամանակ, վարչապետի կենակից Աննա Հակոբյանը, որը հայ հոգևորականներին անամոթաբար անվանել էր «երկրի գլխավոր մանկապիղծներ» և «սև սքեմ հագնող մոլագար այլասերվածներ», զարմանալի բացահայտում արեց՝ հաջորդ երկու տարին Չինաստան տեղափոխվելու և Պեկինի «Նորմալ» համալսարանում չինական փիլիսոփայություն ուսանելու համար: Այս մասին անցյալ շաբաթ հայտարարեց Հակոբյանի կողմից հիմնադրված «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը, որտեղ այժմ նա աշխատում է որպես գործադիր տնօրեն՝ նախկինում խորհրդի նախագահ լինելուց հետո: Հայտնի չէ՝ արդյոք նա երկու տարով թողնելու է իր չորս երեխաներին:

Հակոբյանին հաճախ սխալմամբ անվանում են վարչապետ Փաշինյանի «կին» և Հայաստանի «Առաջին տիկին»։ Նա ո՛չ նրա կինն է (քանի որ նրանք ամուսնացած չեն), ո՛չ էլ Առաջին տիկինը, քանի որ այդ տիտղոսը նախատեսված է նախագահի կնոջ համար։ Այնուամենայնիվ, Հակոբյանը որպես Առաջին տիկին ճանապարհորդում է աշխարհով մեկ՝ հայ հարկատուների հաշվին և նրան ուղեկցում են կառավարության թիկնապահները՝ մինչ Հայաստանը ներկայացնում է  միջազգային հանդիպումներում և համաժողովներում։

Ցույց տալու համար, որ Փաշինյանը խախտում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, դիտարկենք 17-րդ և 18-րդ հոդվածները: 17-րդ հոդվածը նախատեսում է եկեղեցու և պետության տարանջատում. «Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից»: Մարդկանց մեծ մասը սխալ է մեկնաբանում այս դրույթը՝ կարծելով, որ հոգևորականներն իրավունք չունեն մասնակցելու քաղաքական գործերին: Սա ճիշտ չէ: Որպես Հայաստանի քաղաքացիներ՝ հոգևորականները վայելում են նույն իրավունքներն ու պարտականությունները, ինչ երկրի մյուս բոլոր քաղաքացիները, ինչպիսիք են քվեարկությունը և քաղաքական գործերին մասնակցելը: Պետությունը կարող է միջամտել միայն այն դեպքում, եթե օրենքները խախտվում են:

Սահմանադրության 18-րդ հոդվածը Հայ Առաքելական Եկեղեցուն շնորհում է հատուկ կարգավիճակ. «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»։

Ոչ ոք չպետք է զարմանա, եթե վարչապետը որոշի հաջորդ տարի Սահմանադրության վերանայված տարբերակից հեռացնել 17-րդ և 18-րդ հոդվածները։

Իր հետևորդներին կոչ անելով «միավորվել» Էջմիածնի շուրջ և «ազատել» Կաթողիկոսարանը Գարեգին Երկրորդից՝ Փաշինյանը ռիսկի է դիմում քաղաքացիական պատերազմ հրահրելու։ Եկեղեցու միլիոնավոր հավատացյալները զգալիորեն գերազանցում են նրա կողմնակիցներին։ Եթե կաթողիկոսը կոչ անի հայ ժողովրդին գալ Էջմիածին և պաշտպանել կաթողիկոսարանը, կարող են բախումներ հրահրվել սուրբ հողում։

Գրեթե բոլոր թեմերը՝ թե՛ հայրենիքում, թե՛ արտերկրում, գրավոր հայտարարություններ են տարածել՝ դատապարտելով Փաշինյանի միջամտությունը եկեղեցու ներքին գործերին: Այս վեճի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար Գարեգին Երկրորդը նախատեսում է մոտ ապագայում գումարել «Ազգային եկեղեցական ժողով»՝ Հայ Առաքելական եկեղեցու բարձրագույն մարմինը, որը կազմված է Ամենայն հայոց կաթողիկոսից, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսից, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի պատրիարքներից, աշխարհի տարբեր ծայրերից ժամանած եպիսկոպոսներից և եկեղեցու առաջնորդներից, Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհրդի անդամներից և բոլոր թեմերից պատվիրակություններից:

Թիրախավորելով Կաթողիկոսին, հավանության արժանանալով Ադրբեջանի Շեյխ ալ-Իսլամի և ադրբեջանական լրատվամիջոցների կողմից, Փաշինյանը, կարծես, անտեղյակ է այն վնասից, որը նա հասցնում է իր սեփական ժողովրդականությանը 2026 թվականի ընտրություններում և ամրապնդում Գարեգին Երկրորդի հանրային աջակցությունը: Հայ ժողովրդի մեծ մասը, առերեսվելով տապալված քաղաքական գործչի և իրենց հոգևոր առաջնորդի միջև դիմակայությանը, բնականաբար կկանգնի Նորին Սրբության կողքին: Հանրությունը կպահանջի ոչ թե Կաթողիկոսի, այլ վարչապետի հրաժարականը։

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի