Փոխարժեքներ
09 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
ԻՍԱ ԹԱԹԼԸՋԱՆ
Յասսը կղզու դատավարությունների արդյունքում, որոնք պատմության մեջ որպես ամոթի բիծ մնացին, Մենդերեսը, Զորլուն և Փոլաթքանը մահապատժի ենթարկվեցին։ Սակայն այս գործընթացի ընթացքում շատ ուրիշ մարդիկ էլ կամ մահացան, կամ էլ սպանվեցին ծեծի և խոշտանգումների հետևանքով։ Յասսը կղզու առաջին զոհը Դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր, գլխավոր բժիշկ Զաքար Թարվերն էր։ Նա պաշտոնազրկվեց, ծեծի և խոշտանգումների ենթարկվեց։ Հեղաշրջումից չորս ամիս անց Զաքար Թարվերի՝ կապտուկներով ծածկված մարմինը հանձնվեց ընտանիքին։ Մարդասպանների բժշկական եզրակացության մեջ գրված էր՝ «սրտի կաթված»։ Ահա Յասսը կղզու մոռացված զոհ Զաքար Թարվերի պատմությունը։
Ուղիղ 65 տարի է անցել 1960 թ․ մայիսի 27-ի հեղաշրջումից, որը թուրքական ժողովրդավարության պատմության ամոթալի բծերից մեկն է։ Յասսը կղզու դատարաններում դատվել է 592 մեղադրյալ։ Իրականացվել է օրենքի համար անպատվություն համարվող դատավարություն։ Յասսը կղզու դահիճները՝ դատախազ Ալթայ Օմեր Էգեսելը և դատավոր Սալիմ Բաշոլը, վճռականորեն տրամադրված էին ժողովրդի ձայներով ընտրված պետական գործիչներին կախաղան ուղարկելու հարցում։ Դահիճ ասելիս եթե մոռանանք Յասսը կղզու դաժան գնդապետ Թարըք Գյուրյային, անարդարություն կգործենք հարյուրավոր զոհերի նկատմամբ։ Սիրողական թատրոնի բեմ հիշեցնող լսումներում մահապատիժ է պահանջվել 288 մեղադրյալի համար, 15 մեղադրյալ դատապարտվել է մահվան, 31-ը՝ ցմահ ազատազրկման։ Օրենքի դահիճները կախաղան են հանել Ադնան Մենդերեսին, Հասան Փոլաթքանին և Ֆաթին Ռյուշտու Զորլուին։ Եվ հետո կան նաև Յասսը կղզու մոռացված զոհերը։ Առողջապահության նախարար Լյութֆու Քըրդարը այլևս չկարողացավ դիմանալ տանջանքներին և մահացավ սրտի կաթվածից՝ 71 տարեկան հասակում։ Ներքին գործերի նախարար Նամըք Գեդիքը մահացավ Ռազմական ակադեմիայում, նախքան կղզի տեղափոխվելը։ Դա գրանցվեց որպես «ինքնասպանություն»։ Ստամբուլի ոստիկանապետ Ֆարուք Օքթայի մահը նույնպես գրանցվեց որպես «սրտի կաթված»։ Նրա խցակիցները պնդում էին, որ նա մահացել է կտտանքներից։ Կոնիայի նահանգապետ Ջեմիլ Քելեշօղլուն չկարողացավ հաշտվել զինվորների կողմից ստացած ծեծի հետ և ինքնասպան եղավ՝ կտրելով դաստակի երակները։ Խցակիցների խոսքերով՝ Գլխավոր շտաբի պետ Նուրի Յամութը շատ էր տանջվել։ Նա մահացավ այն հիվանդանոցում, որտեղ նրան տեղափոխել էին։ Գազի Յիղիթբաշի, Յուսուֆ Սալման, Քենան Յըլմազ…
Ցանկը շարունակվում է անվերջ։ Այս մարդիկ Յասսը կղզու նահատակներից մի քանիսն են… Այս հոդվածում ես ուզում եմ խոսել Յասսը կղզու առաջին զոհի՝ գլխավոր բժիշկ Զաքար Թարվերի մասին, ով Դեմոկրատական կուսակցության հայ պատգամավորներից մեկն էր։
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎԵՑ ԵՐԶՆԿԱՅԻ ՄԻ ԳՅՈՒՂՈՒՄ
Զաքար Թարվերի իրական անունը Ռուբեն Զաքար Զաքարյան էր։ Նա Զաքար Թարվեր անունը վերցրել է, երբ ընդունվել է ազգանվան մասին օրենքն։ Նա ծնվել է Երզնկայի Քեմալիե շրջանի հայկական մի գյուղում՝ 1894 թ․։ Նրա մայրը՝ Եվգինեն, 16 տարեկան էր, երբ նա ծնվեց։ Նրա հայրը՝ Օհան Զաքարյանը, շրջկենտրոնում վարագույրների խանութ էր աշխատում։
Երբ Օհանը տեսնում էր բժիշկներին, որոնք գալիս էին իր վարագույրների խանութ, ասում էր. «Եթե որդի ունենամ, ամեն ինչ կանեմ, որ նա բժիշկ դառնա»։ Եվ հենց այդպես էլ եղավ։ Զաքարը, ով նախակրթարան է սովորել Բաքըրքյոյում, միջնակարգ դպրոցն ավարտել է Բահչեջիքի ամերիկյան քոլեջում, իսկ համալսարանական կրթությունը՝ Ստամբուլի բժշկական ֆակուլտետում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա, որպես բժիշկ, ծառայել է օսմանյան բանակում։ Զաքարի նպատակն էր մասնագիտանալ ռադիոլոգիայի մեջ։ Նա մեկնել է Ֆրանսիա և աշխատել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարի Կյուրիի մոտ՝ որպես վերջինիս օգնական։ Մասնակցել է բազմաթիվ կոնֆերանսների ԱՄՆ-ում։ Այնուհետև վերադարձել է Թուրքիա և արժեքավոր ներդրում ունեցել բժշկական գիտության զարգացման գործում։ Նա է Ստամբուլ բերել առաջին ռենտգենի սարքը։ Հայտնի է, որ Սիրավուշ Հեգնիայի հետ ամուսնացած Թարվերը ունեցել է Գրիգոր Օհան անունով զավակ։ Երկար տարիներ աշխատել է Յեդիքուլեի Սուրբ Փիրկիչ հիվանդանոցում։ 1948-1955 թթ․ նշանակվել է գլխավոր բժիշկ։ Բազմաթիվ նորարարություններ է մտցրել հիվանդանոցում, հրատարակել է ամսագիր և գրել հոդվածներ։
ԻՆՉՈՒ՞ ԷՐ ՆԱ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ՄԵՆԴԵՐԵՍԻՆ
Զաքար Թանվերը գիտեր թուրքերեն, հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն և ռուսերեն։ Նա ուներ մեծ գրադարան և անընդհատ կատարելագործվում էր։ (Նրա գրքերի մի մասը, որոնք նրա մահից հետո ընկան օգտագործված գրքեր վաճառող մեկի ձեռքը, վաճառվեցին, մի մասն էլ նվիրաբերվեցին Հայոց պատրիարքարանին։) Նա 48 տարեկանում կրկին զորակոչվեց բանակ։
Իր զինվորական ծառայությունը կատարեց որպես պահեստազորային սպա Սվասում՝ 1942-43 թթ․։ Այդ տարիներն այն շրջանն էին, երբ ԺՀԿ-ն դժվարություններ ունեցավ Ունեցվածքի հարկի պատճառով։ Նրանցից, ովքեր չէին կարողանում վճարել հարկը, գանձվում էին բարձր տուգանքներ, և այդպիսիք աքսորվում էին Աշկալե։
Խոսակցություններ էին պտտվում Սիրքեջիում փոքրամասնությունների համար ստեղծված աշխատանքային ճամբարների մասին։ Զաքար Թանվերը մինչև հոգու խորքը զգում էր ԺՀԿ-ի ճնշումը։ Ահա թե ինչու էր նա ցանկանում մտնել քաղաքականություն և խորհրդարանի ամբիոնից բարձրաձայնել նրանց կրած դժվարությունների մասին։ Ահա թե ինչու էր նա նախընտրում Դեմոկրատական կուսակցությունը։ Սկզբում նա դարձավ Ստամբուլի քաղաքապետարանի խորհրդի անդամ։ 1954 թ․ նա ընտրվեց Դեմոկրատական կուսակցության պատգամավոր։ Հայ համայնքի աջակցությունը վայելող Թարվերը ստացավ 331 հազար ձայն։ Նա բավականին ակտիվ էր խորհրդարանում և պաշտոնավարել է Առողջապահության հանձնաժողովներում։ Իր խորհրդարանական ելույթներում նա ուշադրություն էր գրավում իր միավորող կողմով՝ պաշտպանելով Թուրքիան։ Այսօրվա լեզվով ասած՝ նա Թուրքիայից էր, նա ազգային էր, նա տեղացի էր։ Նա նրանցից մեկն էր, ովքեր 1955 թ․ վերապրեցին սեպտեմբերի 6-7-ի սադրանքը։ Նա Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից արտասանել է հետևյալ պատմական ելույթը.
«Ես անձամբ ականատես եմ մեր վարչապետի համակրանքին այս աղետի ենթարկված փոքրամասնության նկատմամբ։ Նույնիսկ կարող եմ ապացույցներ բերել։ Դարեր շարունակ Թուրքիայում ապրող հայ փոքրամասնության կողմից մատուցված ծառայությունները հանրահայտ են։ Ես կարծում եմ, որ երկրի շահերից է բխում այս հարթակից արտահայտել փոքրամասնությունների այս անկեղծ զգացմունքները՝ կապված վերջին վանդալիզմի ցույցերի հետ, որոնք մեզ կամաչեցնեն ընկերների և թշնամիների առաջ։ Թող Աստված պահպանի այս երկիրը»։
ՍՊԱՆՎԵԼ Է ԾԵԾԻ և ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
Դեմոկրատական կուսակցության Ստամբուլի պատգամավոր Զաքար Թարվերը ձերբակալվել է 592 հոգու հետ միասին 1960 թ․ մայիսի 27-ին՝ վաղ առավոտյան։ Նրան տարել են Յասսը կղզի մի նավով, որի պատուհանները ծածկված էին թերթերով։ Ծեծերը սկսվել են, երբ նա իջել է նավից։ Նրա թույլ մարմինը այլևս չէր կարողանում դիմանալ կտտանքների, ծեծի, խոշտանգումների և հոգեբանական ճնշման օրերին։ Նա մահացել է հեղաշրջումից մոտ 3.5 ամիս անց։ Զաքար Թարվերի ազգականը նկարագրում է այդ օրերին նրա ապրումները. «Սեպտեմբերի 19-ին նրա ընտանիքը լուր ստացավ, որ Զաքար Թարվերը մահացել է։ Նրա մարմինը տարան Գյուլհանեի դատաբժշկական կենտրոն։ Զաքար բեյի ամբողջ մարմինը կապտած էր։ Ակնհայտորեն շատ էին ծեծել նրան։ Մենք մտածեցինք. «Ի՞նչեր են արել ընդհանրապես Մենդերեսին, ո՞վ գիտի, թե այս գյավուրի գլխին ինչեր արած կլինեն»։ Նա չէր կարող դիմանալ, որովհետև ծեր էր… Արդեն զգայուն մարդ էր։ Թերթերը թաքցրեցինք նրա մորից, որպեսզի չկարդա որդու մահվան լուրը։ Ասացինք. «Զինվորականները արգելել են թերթերը»։ Երբ նա հետագայում լսեց դա՝ շատ վշտացավ և շատ տառապեց»։
Երրորդ նախագահ Ջելալ Բայարի թոռը՝ Էմինե Գյուրսոյ Նասքալըն, նկարագրում է Յասսը կղզում տեղի ունեցածը․ «Ես 10 տարեկան էի։ Տնային կալանքի տակ էի Իզմիրում՝ մորս, տատիկիս և քույրերիս հետ։ Հեղաշրջումից հետո մենք չէինք կարող կապ հաստատել որևէ մեկի հետ մինչև դատավարությունների սկսվելը, ուստի ես չկարողացա մասնակցել Զաքար բեյի հուղարկավորությանը։ Ասում էին, որ Զաքար բեյին Յասսը կղզի տանելիս, երբ նա պատրաստվում էր նավ նստել կամ իջնել, հրել և գետին է տապալել հերթապահ սպան, գլխին հարվածել և ծեծի է ենթարկել նրան։ Այս դեպքը նրա մահվան պատճառ է դարձել։ Նա ուղեղի արյունազեղում է ունեցել և տեղափոխվել հիվանդանոց։ Սա լսել եմ մորիցս։ Հարցրեցի մորս. «Ինչպե՞ս կարող ենք ապացուցել դա, ունե՞նք արդյոք վկաներ, որոնք կարող են դա պատմել»։ Զաքար բեյի հետ Յասսը կղզի տարվածները այդ տարիներին այսպես են պատմել դեպքը։ Այլ կերպ ասած՝ այնտեղ բոլորն են վկա։ Նույն խմբի անդամներն են այդ ամենը տեսել և պատմել»։
Ստամբուլի սիրված պատգամավոր Զաքար Թարվերի մահվան մասին լուրը մեծ իրարանցում առաջացրեց։ Հազարավոր մարդիկ մասնակցեցին Բեյօղլուի Երեք Խորան հայկական եկեղեցում տեղի ունեցած հուղարկավորության արարողությանը։ Հուղարկավորությանը ներկա էին ոչ միայն հայերը, այլև ամբողջ Ստամբուլը։ Նա լուռ թաղվեց Բալըքլիի հունական գերեզմանատանը։ Հուղարկավորության ժամանակ հրմշտոց էր, և ուղարկված ծաղկեպսակները ընկան մարդկանց վրա։ Այս շքեղ հուղարկավորությունը, որը համարվում էր հեղաշրջման լուռ արձագանք, հաջորդ օրը նույնիսկ թերթերում չհրապարակվեց։
ԻՆՉՊԵՍ «ՋՈՒՄՀՈՒՐԻԵԹԸ» ՀԱՅՏԱՐԱՐԵՑ ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻՑ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ
«Ջումհուրիեթ» թերթը, որը մայիսի 27-ի հեղաշրջմանն աջակցել էր առաջին իսկ օրվանից, իր 1960 թ․ սեպտեմբերի 20-ի համարում հաղորդել էր խոշտանգումներից մեռնելու մասին՝ «Նախկին պատգամավոր Զաքար Թարվերը մահացել է սրտի կաթվածից» վերնագրով։ Թերթը շարունակել է իր սև քարոզչությունը հետևյալ նախադասություններով․ մամուլի խոսնակը հայտնել է, որ Յասսը կղզում գտնվող մյուս նախկին պատգամավորների առողջական վիճակը շատ լավ է։
«15 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՅՈՒՐ ՉԻ ԵՂԵԼ»
Ինձ համար դյուրին չեղավ մայիսի 27-ի առաջին զոհի՝ Զաքար Թարվերի մասին նյութ պատրաստելը։ Նա Թուրքիայում ապրող ազգականներ չուներ։ Ես զանգահարեցի «Ակօս» թերթի խմբագրատուն, Հայկական պատրիարքարան, Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոց և «Ժամանակ» օրաթերթի խմբագրություն։ Նրանք ևս ասացին, որ Զաքար Թարվերը ազգականներ չունի։ Ես իմացա, որ նրա քույրը՝ Անահիտ Դիլսիզյանը, մահացել է Սուրբ Փիրկիչ հիվանդանոցում՝ 2012 թ․։ Գնացի Բալըքլըի հայկական գերեզմանատուն, որտեղ 1960 թ․ թաղվել է Թարվերը։ Պաշտոնյաները օգնեցին ինձ գտնել գերեզմանը։ Այն գտնվում է Հրանտ Դինքի գերեզմանի անմիջապես հետևում։ Գերեզմանաքարի վրա կա նաև Զաքար Թարվերի կիսանդրին։ Մաքրեցինք խոտածածկույթը և լուսանկարվեցինք։ Որոշ ժամանակ զրուցեցինք հայկական գերեզմանատան պաշտոնյաների հետ։ Նա 15 տարի ոչ մի այցելու չի ունեցել։ Պաշտոնյան զանգահարեց հայկական համայնքի մի քանի մարդկանց, բայց մենք չկարողացանք կապ հաստատել նրա հարազատների կամ հին ընկերների հետ։
«ՄԻԱՅՆ ԷՐԴՈՂԱՆԸ ՀԻՇԵՑ ԻՄ ԵՂԲՈՐԸ»
Այդ ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2011 թ․ փոքրամասնությունների հիմնադրամների ներկայացուցիչներին տված իֆթարի ժամանակ հիշատակել էր Յասսը կղզու զոհ Զաքար Թարվերին։ Վերջինիս միակ ազգականը, որը ապրում էր Թուրքիայում՝ քույրը, Անահատ Դիլսիզյանը, իր վերջին օրերն անցկացնում էր հիվանդանոցում, որտեղ նրա եղբայրը գլխավոր բժիշկ էր։ Դիլսիզյանը, ով մոտենում է 90 տարեկանին, միշտ լռել է իր եղբոր մասի, ինչպես նաև իր ազգանվան մասին։ Դիլսիզյանը, ով չկարողացավ զսպել արցունքները, երբ Էրդողանը հիշեց Զաքար Թարվերին, «Վաթան» թերթի լրագրողին պատմեց հետևյալը. «Մի օր նրանք հանկարծակի ներխուժեցին մեր տուն և տարան եղբորս։ Ամբողջ ընտանիքը և հայ համայնքը ցնցված էր։ Օրեր անցան, և մենք նրանից լուր չստացանք։ Իրականում վարչապետ Մենդերեսը, նախարարները, Դեմոկրատական կուսակցության բոլոր անդամները տարվեցին Յասսը կղզի, և ամեն ինչ գլխիվայր շրջվեց։ Եղբորս մահվան լուրը եկավ սեպտեմբերի 19-ին։ Մենք ամիսներ շարունակ չէինք կարողանում մորս պատմել դրա մասին։ Աճյունն ուղարկեցին Յասսը կղզուց, ես գնացի Գյուլհանեի դատաբժշկական դիահերձարան։ Ես երբեք չեմ մոռանա այդ տեսարանը․ եղբորս ակնոցները կոտրված էին, նրա մարմինը մանուշակագույն էր։ Ակնհայտորեն շատ էին ծեծել նրան։ Նա արդեն նուրբ մարդ էր, նրա մարմինը չէր կարող դիմանալ դաժանությանը։ Նրանք նույն բանն արեցին եղբորս հետ, ինչ՝ Մենդերեսի։ Վարչապետը երեկվա իր ելույթում հիշեց եղբորս մասին։ Անցել է 51 տարի։ Կարդացի ելույթը թերթում։ Վարչապետի կողմից եղբորս հիշատակումն ինձ ուրախացրեց։ Վարչապետը նորարարություններ է բերում։ Փոքրամասնությունների համար նրա ձեռնարկած քայլերը մեզ ուրախացնում են։ Մենք լավ ենք զգում։ Սկսվում է հուսատու ժամանակաշրջան»։
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը