կարևոր
5080 դիտում, 1 շաբաթ առաջ - 2025-05-30 17:23
Առանց Կատեգորիա

Սերգեյ Վարդանյան. պայծառ մարդու, գիտնականի հիշատակին

Սերգեյ Վարդանյան. պայծառ մարդու, գիտնականի հիշատակին

Այսօր՝ մայիսի 30-ին, կյանքին հրաժեշտ տվեց արձակագիր, ազգագրագետ, բանահավաք, բանագետ, համշենագետ, հրապարակախոս, ՀԳՄ անդամ Սերգեյ Վարդանյանը։

Կյանքը և գործը՝ համառոտ

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 9-ին Երևանում։ 1969 թվականին ավարտել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 դպրոցը, 1974 թվականին՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։

Աշխատել է նույն համալսարանի հոգեբանության ամբիոնում, այնուհետև՝ «Պիոներ կանչ» («Կանչ») թերթի, «Պիոներ» («Աղբյուր»), «Սովետական արվեստ», «Մշակույթ» ամսագրերի խմբագրություններում, Հայ ճարտարապետության թանգարան-ինստիտուտում, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում, 1991-2002 թվականներին եղել է ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի փոխնախագահը։

2009 թվականից գիտաշխատող էր ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում։ 1978 թ. մամուլի միջոցով նախաձեռնել է պատանեկան բանահավաքչական շարժում, որին մասնակցել են Խորհրդային Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի, Նախիջևանի, Աբխազիայի և Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի հայկական դպրոցների աշակերտները։ Նրանց հավաքած բանահյուսական նյութերով լույս է ընծայել «Հրեղեն ձին» (1981) և «Թագավորի երազները» (2003) ժողովածուները, որոնցից ընտրված հեքիաթները «Փրկված հեքիաթներ» վերնագրով լույս են տեսել Երևանում անգլերեն («The salvaged tales», 2007) և գերմաներեն («Gerettete Marchen», 2009)։

Նրա «Հայոց մայրաքաղաքները» գիրքը (1985) նոր նյութերով հարստացված «Հայաստանի մայրաքաղաքները» վերնագրով վերահրատարակվել է 1995 թվականին և արժանացել «Թեքեյան» մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» մրցանակին։

Համշենի և համշենագիտության նվիրյալը

Մեծանուն ազգագրագետը Համշենի պատմության, համշենահայ բանահյուսության, բարբառի, նիստուկացի, սովորույթների ու մշակույթի եզակի ուսումնասիրողներից էր, ով նշված թեմաներով տասնամյակների ընթացքում հրատարակել է հարյուրավոր գիտական, գրապարակախոսական հոդվածներ, ակնարկներ ու հուշագրություններ, մենագրություններ ու այլևայլ արժեքավոր գործեր:

1992 թվականից եղել է Հայաստանի «Համշեն» հայրենակցական-բարեգործական ՀԿ նախագահի տեղակալը, 2004-2018 թթ. հասարակական հիմունքներով եղել է նույն ՀԿ-ի  «Ձայն համշենական» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրը։ Հավելենք, որ ամսաթերթի 1000 օրինակ տպաքանակը անվճար բաժանվում էր հայրենիքում և սփյուռքում, հատկապես՝ Սև ծովի առափնյա հայաշատ շրջաններում (Աբխազիա, ՌԴ Կրասնոդարի երկրամաս և այլն)։

2009 թվականին համշենագիտությունը հարստացավ Սերգեյ Վարդանյանի «Կրոնափոխ համշենահայերի բարբառը, բանահյուսությունը և երգարվեստը (նյութեր և ուսումնասիրություններ)» վերտառությամբ բացառիկ արժեք ներկայացնող ուսումնասիրությունը:

Ավելի քան մեկ տասնամյակ անց՝ 2022 թ., նվիրյալ գիտնականը հրապարակի վրա հանեց իր նոր գիրքը՝ «Բանահյուսական պատումի միջավայրը (Կրոնափոխ համշենահայերի մի զվարճապատումի տարբերակները»), (Եր., ՀԱԻ հրատ., 2022, 351 էջ) վերտառությամբ:

Եզակի ուսումնասիրության մեջ ներկայացված են նաև հավաքված նյութերի բնագրերն ու թարգմանությունները, որտեղ, բացի մեծ տարածաշրջաններ ու վայրեր ընդգրկող շրջագայությունների ժամանակ նյութերի մեկտեղումից ու հետազոտությունից, ուսումնասիրվել են նաև հատորի ավելի քան չորս տասնյակ էջերը զբաղեցնող արխիվային նյութեր (11 միավոր), դասական ու ժամանակակից գրքեր և ժողովածուներ (271 միավոր), հայերեն պարբերականներ (198 միավոր), ռուսերեն, սլովակերեն, ֆրանսերեն, իսպաներեն, անգլերեն, գերմաներեն, ադրբեջաներեն, թուրքերեն գրքեր և պարբերականներ, հունարեն հոդված, թուքերեն երեք խտասկավառակ (153 միավոր):

Իր Համշենի գյուղեր, հարավային Ռուսաստան, Աբխազիա, Միջին Ասիա և այլուր կատարած ճամփորդությունների ժամանակ Սերգեյ Վարդանյանը ոչ միայն հավաքում, փրկում և գիտական ուսումնասիրության էր ենթարկում համշենահայերի հոգևոր ժառանգությունը, այլ նաև դարձել էր համշենահայերի իսկական բարեկամն ու հարազատը, խնդիրների բարձրաձայնողն ու հազարավոր ընտանիքների սպասված հյուրը:

Կասկած չունենք, որ առաջիկայում հանրությանը կներկայացվի Սերգեյ Վարդանյանի գիտական պատկառելի վաստակը ներկայացնող ուսումնասիրությունը, միգուցե՝ ուսումնասիրությունները: 

Մեծանուն գիտնականը ողջ կյանքում ծառայեց իր պաշտելի հայրենիքին՝ Հայաստանին, իր սիրելի հայ ժողովրդին: Հայաստան, որը նրա պատկերացումներում մեծ էր ու չէր ավարտվում Արաքսի ափին, հայ ժողովուրդ, որի անբաժան մասն էր նաև ձուլման զոհ դարձած, բայց և Համշենի ժայռերից կառչած, հայի աղաղակը այդ ծերպերում անթեղած համշենահայությունը:

Սերգեյ Վարդանյանի լուսավոր հետագիծը միշտ փայլելու է հայ ազգագրության անդաստաններում, նրա թողած գիտական, բանահավաքչական պատկառելի ժառանգությունը անփոխարինելի շտեմարան է դառնալու ուսումնասիրողների համար:

Մեծանուն գիտնականի հիշատակին նվիրված այս ակնարկն ուզում եմ ավարտել մի պատմությամբ: Ուսանող ժամանակ մի օր, երբ «Ձայն համշենական» ամսաթերթի հերթական համարն էի վերցնում Սերգեյ Վարդանյանից, ակամայից հարցրի՝ ինչի՞ համար է այսքան չարչարվում Համշենի պատմության ու համշենագիտության համար: Նա մի քանի վայրկյան լռեց ու ասաց. «Վահե, լսիր ուշադիր. եթե 100 տարի անց էլ ծնվի մեկը, ով կարդա այս ամենը, հասկանա եղելությունը, լծվի գործի ու իրագործի մեր երազանքը, ես ինձ իմ նպատակին հասած կհամարեմ, հասկացա՞ր»: Ես ամոթից գլուխ կախեցի, հրաժեշտ տվեցի ու արագ հեռացա:

Այո, Սերգեյ Վարդանյանի գործը դարերի համար է…  

 

Վահե Սարգսյան

Yerkir.am-ի խմբագիր