կարևոր
2050 դիտում, 11 ամիս առաջ - 2023-05-18 11:39
Քաղաքական

Փաշինյանի անմեղսունակ ելույթը՝ Ռեյկյավիկում․ «Հրապարակ»

Փաշինյանի անմեղսունակ ելույթը՝ Ռեյկյավիկում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. 

Երեկ Փաշինյանն ու իր կառավարությունը փայլատակեցին իրենց ողջ անմեղսունակությամբ` միաժամանակ Երեւանում եւ Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում, որտեղ գումարվել է Եվրոպայի Խորհրդի հերթական գագաթնաժողովը: Նախ, ՀՀ ԱԱԾ-ն երեկ կեսօրից առաջ մի հայտարարություն տարածեց՝ արտագրելով Իտալիայի Կալաբրիայի նահանգի Ֆինանսական ոստիկանության (Guardia de Finanza) նախօրեի` մայիսի 16-ի մամլո հայտարարությունը՝ Էկվադորից Հայաստան ներկրվող բանանի բեռնարկղերում հայտնաբերված շուրջ 3 տոննա կոկաինի մասին, եւ հայտարարելով, թե մայիսի 13-ին էլ ՀՀ ԱԱԾ-ն է Էկվադորից բանանի հետ Հայաստան «ներմուծված» 1 տոննա կոկաին հայտնաբերել։ Սակայն դրա մասին, չգիտես ինչու, չի հաղորդվել, եւ կոկաինն էլ «գտնվում է ՀՀ ԱԱԾ-ում»: ԱԱԾ-ի հաղորդագրությունն առավել ուշագրավ էր նրանով, որ դրանից տպավորություն էր ստեղծվում, թե կոկաին Հայաստան «ներմուծում» է ԱԱԾ-ն:

ԱԱԾ-ն դա ենթագիտակցորեն խոստովանել էր նախ հենց «ներմուծում» տերմինն օգտագործելով: Ներմուծումը, ինչպես արտահանումը, օրինական գործընթացների անվանում է եւ վերաբերում է միայն օրինական ճանապարհով երկիր ներկրվող, արտահանվող ապրանքներին, թմրանյութը չի կարող «ներմուծվել», այն կարող է միայն մաքսանենգ ճանապարհով երկրի սահմանը հատել: Եվ եթե ԱԱԾ-ն նման հսկայական քանակի` 1 տոննա կոկաին էր հայտնաբերել, ինչո՞ւ էր լռում, երբ սովորաբար մի քանի գրամ թմրանյութ հայտնաբերելիս մի ժամանոց ռեպորտաժ են հեռարձակում բոլոր հեռուստաալիքներով: Եվ վերջապես, ինչո՞ւ են այդ 1 տոննա կոկաինը պահել եւ չեն ոչնչացնում: Հույս ունեն՝ միջազգային աճուրդով վաճառել, շահո՞ւյթ ստանալ:

Նույնն էլ կատարվեց Ռեյկյավիկում, որտեղ երեւի 1-2 րոպե տեւողությամբ ելույթ է ունեցել Նիկոլ Փաշինյանը: Ամբողջ ելույթն ընդամենը 8 պարբերություն է, 13 նախադասություն, բայց անմեղսունակության առումով երեւի գերազանցում է Փաշինյանի բոլոր ռեկորդները: Սկսած այնտեղից, թե ինչ հիմարություններ է ասել Հայաստանում ժողովրդավարության եւ արցախյան հակամարտության միջեւ իբր գոյություն ունեցած կորելացիոն կապի մասին, այն մասին, թե ինչպես Ալիեւը 2020-ին 44-օրյա պատերազմ սանձազերծեց՝ ոչ թե Արցախի տարածքներ գրավելու, այլ Փաշինյանին Հայաստանում իշխանությունից հեռացնելու համար, ինչպես Հայաստանն իբր կորցնում էր պետականությունը, եթե 2021-ի խորհրդարանական ընտրությունները չլինեին, եւ էլի հիմարություններ: Սակայն այդ ամենը խամրում է այն ֆոնին, որ Փաշինյանը հայտարարել է, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քառ. կմ տարածքի վրա: Փոխարենը հայտարարելու, որ ճանաչում է Հայկական ՍՍՀ-ի եւ Ադրբեջանական ՍՍՀ-ի միջեւ եղած խորհրդային ժամանակների սահմանը եւ Ադրբեջանի իրավազորությունը Խորհրդային Ադրբեջանի տարածքի նկատմամբ, բացառությամբ դրա կազմից ավելի վաղ անջատված ԼՂԻՄ-ի, հայտարարել է, թե ճանաչում է Ադրբեջանի իրավազորությունն ամբողջ տարածքի նկատմամբ: Որքա՜ն տխմար կարելի է լինել` մնում է այդ հարցը տանք: Իհարկե, Փաշինյանի հայտարարությունը գործնականում ոչինչ չի նշանակում եւ ոչինչ չի փոխում, քանի դեռ որեւէ միջազգային փաստաթուղթ չկա` չի ստորագրվել: Սակայն սա այն անմեղսունակ հայտարարությունը չէ, որ Փաշինյանն անպատիժ կերպով անի, եւ դա նրան ներվի:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում