կարևոր
3253 դիտում, 11 ամիս առաջ - 2023-05-13 15:13
Քաղաքական

Միջնորդական հակամարտությունն ընթանում է, իսկ դա ենթադրում է ստատուս քվոյի երկարաձգում

Միջնորդական հակամարտությունն ընթանում է, իսկ դա ենթադրում է ստատուս քվոյի երկարաձգում

«Ազդակ» թերթի խմբագիր, վերլուծաբան Շահան Գանտահարյանը, մեկնաբանելով երեկվանից ադրբեջանական զինված ուժերի հարձակումները Վարդենիսի Սոթք գյուղի հայկական դիրքերի վրա և իրավիճակի ազդեցությունը կայանալիք բանակցությունների վրա, նշում է. «Ադրբեջանը վաղուց է դրսևորում նման վարքագիծ։ Բանակցային գործընթացի ողջ ընթացքում յուրաքանչյուր հանդիպումից առաջ Բաքուն կրակում էր՝ ճնշում գործադրելու նպատակով։ Հակարիի կամրջի վրա անցակետ տեղադրելուց հետո Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։ Հիմա անցել են հայաստանյան սահմանի ուղղությամբ սանդրանքների, ցանկանում են արագացնել սահմանազատման-սահմանագծման օրակարգը»։

Արլինգթոնյան բանակցություններից ի՞նչ եզրահանգումներ կարող ենք անել, ո՞րն է այս բանակցությունների օրակարգի տարբերությունը նախորդներից հարցին՝ վերլուծաբանը կարևորում է. «Արլինգթոնյան բանակցությունների առումով կան աշխարհաքաղաքական տարըթերցումներ, ինչը խոսում է տարածաշրջանում երաշխավորության սուր մրցապայքարի մասին։ Ամերիկյան լավատեսությունը չի կիսում Մոսկվան եւ պնդում է, որ բացի եռակող փաստաթղթերից չկա որեւէ պայմանավորվածություն։ Մի քանի հանգամանք կարող ենք առանձնացնել արլինգթոնյան բանակցություններից. նախ այն, որ Մոսկվայից առաջ անցան ամերիկացիները, խոսում է Մոսկվայի նախապատրաստությունների մասին, եւ հանկարծ կողմերը հրավիրվեցին Վաշինգտոն։ Երկրորդ, որ բանակցությունները մի քանի օր տեւեցին, ինչը խոսում է ԱՄՆ ներգրավվածության աստիճանաչափի մասին: Երրորդ՝ արտգործնախարարների մակարդակով էր, ինչը ենթադրում է, որ նախապատրաստվում են առաջին դեմքերի հանդիպմանը։ Ընդհանուր առմամբ, հստակ ուղերձ կա, որ ԱՄՆ պիտի շարունակի աջակցել եւ մասնակցել գործընթացին: Այս մասին պարզ տեքստով հայտարարեց պաշտոնական Վաշինգտոնը»։

Արցախի հարցով վաշինգտոնյան բանակցություններում հատկապես ի՞նչն առանձնացվեց և, արդյոք, իրատեսակա՞ն է Ստեփանակերտ-Բաքու միջազգային բանակցային մեխանիզմի ստեղծումը, Գանտահարյանը նկատում է. «Մինսկի խմբի եռանախագահությունը շարունակում է գործել տարբեր ձևաչափերով։ Թե՛ Վաշինգտոնը, թե՛ ՌԴ-ն շարունակում են միջնորդել: Միջնորդում է նաեւ Բրյուսելը, որը որոշակի առումով փոխարինել է Փարիզին, չնայած նախագահ Մակրոնն աշխատում է վերադարձնել Փարիզը։ Սա նշանակում է, որ ԵԱՀԿ-ի շրջանակը ներգրավված է, չկա լուծարման որոշում: Իսկ դա նշանակում է նաև հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքներ, ընդ որում, ինքնորոշման իրավունք։ Դեռևս չկա աշխարհաքաղաքական կոնսենսուս հարցի կարգավորման վերաբերյալ: Միջնորդական հակամարտությունն ընթանում է, իսկ դա ենթադրում է ստատուս քվոյի երկարաձգում: Ստեփանակերտ-Բաքու բանակցային ձևաչափի գործարկումը նախ ենթադրում է Արցախի ժողովրդի ընտրած ղեկավարության ճանաչում, պաշտոնական Ստեփանակերտի ճանաչում, Արցախի հանրապետության ներկայացուցիչները ընտրվել են Արցախի ինքնորոշված ժողովրդի կողմից։ Այս փաստը, կարծում եմ, կարևոր նշանակություն ունի։ Այս ձևաչափի արծարծմանը զուգակցվում է միջազգային մեխանիզմների ներդրումը։ Իբրեւ ձևաչափ սա ենթադրում է միջնորդական առկայությամբ բանակցություններ։ Հրամայական է օրակարգը։ Դրա համար ազգերի ինքնորոշման իրավունքի միջազգային իրավադրույթը հրամայական է»:

Ո՞րն է ամերիկյան և ռուսական բանակցային մոդելների տարբերությունը, Շ. Գանտահարյանը նշում է. «Ռուսական մոտեցումի առանձնահատկությունը կարգավիճակի խնդրի հետաձգումն է։ Սրանով էլ կբացատրվի ամբողջ հանգույցը։ Ռուս խաղաղապահների առաքելության ժամկետը կարևոր հանգուցակետ է։ Պարզ է, որ Մոսկվան առաջադրում է առաքելության պայմանագրի վերանորոգումը, իսկ հավաքական Արևմուտքը՝ հակառակը։ Ադրբեջանը, խախտելով նոյեմբերյան համաձայնությունները եւ շրջապատելով Արցախը, ըստ էության, խաղաթուղթ է տրամադրում Արեւմուտքին, որը կարող է ասել, որ ռուսական խաղաղապահությունը չի արդյունավորվում եւ անհրաժեշտ են այլ մեխանիզմներ»։

Առաջիկայում բրյուսելյան բանակցությունների ակնկալիքների վերաբերյալ, վերլուծաբանը կարծում է. «Բրյուսելը եւս մեկ հանգրվան է բանակցային գործընթացում ընդգծելու, որ Մոսկվան միայնակ չպիտի իրականացնի միջնորդությունն ու երաշխավորությունը։ Բրյուսելը համակարգված է Վաշինգտոնի կողմից։ Չեմ կարծում, որ որևէ բեկումնային պահ կլինի այնտեղ։ Կլինի լրացում վաշինգտոնյան հայտարարություններին, գուցե ընդգծում՝ միջազգային գործիքակազմի ներդրման անհրաժեշտության վերաբերյալ»։

Գայանե Գևորգյան

artsakhtert.am