կարևոր
6481 դիտում, 11 ամիս առաջ - 2023-04-28 13:35
Հասարակություն

Հնդիկ Ռաջը հայերենը սովորել է, որ իր երեխաներին հասկանա

Ամերիկան ոչ մի բան է Հայաստանի համեմատ՝ վստահ է 4 տարի առաջ Հնդկաստանից Հայաստան եկած, գործ գտած, ընտանիք կազմած ու Երեւանում էլ հաստատված 42-ամյա տղամարդը:

Հայերենը սովորել եմ, որ երեխեքիս հասկանամ՝ կատակով ասում է Ռաջը: Հնդկաստանից  Հայաստան է եկել, ընտանիք կազմել հայ աղջկա հետ: Երկու զավակ ունեն՝ մեկն ավելի թուխ մաշկով, մյուսը՝ սպիտակ:

«Ես շատ եմ սիրում ստեղի ժողովուրդը, շատ: Ամենալավ կինը ունեմ ես, ամենալավ երեխեքը ունեմ՝ Աստվածի նման… ուրիշ բան չկա»,-ասում է Ռաջը:

Ամերիկան ոչ մի բան է Հայաստանի համեմատ, վստահ ասում է  42-ամյա հնդիկ տղամարդը, որը Հայաստանում աշխատանքի է անցել ավտոլվացման կետում՝ մեքենաներ է լվանում: Ամբողջ աշխարհի մեջ սենց տեղ չկա՝ ասում է: Այս համոզումն ընկերոջն էլ էր փորձել ներշնչել, որը Հայաստան էր եկել «շատ դոլար» աշխատելու համար: Ասել էր՝ շատ դոլար չկա, շատ դրամ կա, միայն թե պետք է աշխատի, որ լինի: Ընկերն ուսերը թոթվել էր ու հեռացել:

«Ասում եմ, ապե՛ր, դրամ ա գալու ստեղ, բայց աշխատի՛, դրամ, էն էլ շատ… նորմալ գործ ա, ասել եմ, մի՛ գնա, իմ հետ արի, ես գործ կտամ, երկու գործ կանեմ… չի հասկանում: Ես հասկացել եմ, դրա համար մնացել եմ»,-բացատրում է Ռաջը:

Աշխատանք գտնելու նպատակով միայն անցյալ տարի Հայաստան է եկել ավելի քան 3000 հնդիկ: Նրանք հաճախ խմբերով են ապրում, որպեսզի էժան լինի եւ աշխատում այն ոլորտներում, որտեղ հայերը նախընտրում են չաշխատել:

«Հայկական աշխատուժը մրցունակությունը սկսել է կորցնել, որովհետեւ արդեն չի աշխատում այն  ռիթմով, որով գործատուներն ակնկալում են: Մի մասն առավոտ շուտ աշխատանքի գնալ, կանոնավոր աշխատել չի սիրում, մի մասը շատ բարձր վարձատրություն է ուզում, այն էլ 1-2 օրում՝ տեւական աշխատանքի չի ձգտում: Այդ պատճառով էլ արդեն բավականին սկսել է նվազել հայի աշխատուժին դիմելու կարիքը»,-ասում է Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Հնդիկները նաեւ արագ հայերեն են սովորում կամ էլ նրանց իմացածի մակարդակը բավարար է լինում աշխատանքը կատարելու համար, որովհետեւ այնպիսի աշխատանք չեն կատարում, որը մարդկանց հետ անընդհատ շփում է պահանջում: Հնդիկների համար Հայաստանը հարմար տեղ է աշխատանք գտնելու համար, որովհետեւ իրենց  երկրում, հատկապես գյուղերում, ստանում են ամսական 20-30 դոլար աշխատավարձ, այն էլ՝ եթե այդ աշխատանքը կա: Իսկ Հայաստանում 15 անգամ ավելին վաստակելու հնարավորություն կա:

«Միայն մի խնդիր կա, որից մեր գործատուները բողոքում են, այն է, որ պետական մարմիններում ձեւակերպումները շատ երկար են տեւում՝ 2-3 ամիս: Այսինքն, դրսից աշխատող հրավիրելու դեպքում 2-3 ամիս պետք է սպասել, մինչեւ նախարարությունը եւ միգրացիոն ծառայությունն այդ ձեւակերպումներն անեն եւ թույլտվությունը տրամադրեն: Ստացվում է, որ կա՛մ այդ մարդուն գործատուն պիտի պահի այնքան ժամանակ, մինչեւ աշխատանքի անցնի, կամ էլ պիտի սկսի աշխատեցնել առանց ձեւակերպելու, մինչեւ ձեւակերպելու թույլտվությունը լինի»,-ասում է Գագիկ Մակարյանը:

Հնդիկների մեծ մասը նաև, աշխատելուն զուգահեռ, սովորում է տարբեր բուհերում:  

Նրանք, սակայն, երբեմն Հայաստանն ընդունում են որպես ցատկահարթակ՝ եվրոպական երկրներ տեղափոխվելու համար:

«Եթե ուղիղ եվրոպական երկիր թափանցել չեն կարող, որովհետև բիզնեսի պատմություն չունեն, եկամուտ չունեն, իսկ վիզաներ ստանալու համար այդպիսի  պահանջներ կան, իրենք այդ պակասը լրացնում են Հայաստանում, հետո հեռանում: Հայաստանում կա կատարյալ հնարավորություն՝ «մեկ պատուհան»-ի սկզբունքով 15 րոպեում ընկերություն  գրանցել պետռեգիստրում անվճար, ստանալ վկայական, հարկային կոդ և միանգամից ձեռնարկատիրական գործունեություն սկսել: Իրենք դա անում են, իրենց համար կենսագրություն են ստեղծում, դառնում են ձեռնարկատեր, գրանցվում են մի քանի ընկերներով, փոքր գումարներով բիզնես են հիմնադրում,  հետո դիմում են՝ վիզաներ են ստանում, գնում եվրոպական երկրներ»,- ասաց Գագիկ Մակարյանը:

Գագիկ Մակարյանի խոսքով՝ մեր երկրում մշտական բնակություն հաստատող հնդիկների թիվը, որպես կանոն, մի քանի հազար է: Ռաջը նրանցից է. եկել է, մի քանի ամիս մնացել, տեսել՝ եղանակը լավ, ջուրը լավ, գործ կա ու որոշել է մնալ:

Ռուբինյանց փողոցի վրա գտնվող ավտոլվացման կետում մշտական հաճախորդներ ունի՝ դիմացի ամբողջ շենքը ճանաչում է, եթե մի օր գործի չի գալիս, ասում են՝ Ռաջն ո՞ւր է, հուսանք առողջ է:

Աննա Բալյան