կարևոր
3595 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-29 13:50
Իրավական

Վաշտի կացարանում հրդեհից զոհված 15 զինծառայողից 10-ի դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ ջերմային այրվածքներն առաջացել են նրանց կենդանության օրոք.փաստաբան

Վաշտի կացարանում հրդեհից զոհված 15 զինծառայողից 10-ի դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ ջերմային այրվածքներն առաջացել են նրանց կենդանության օրոք.փաստաբան

Ազատ գյուղի զորամասում տեղակայված վաշտի կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողներից 10-ի դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունների համաձայն՝ զինծառայողների մահը վրա է հասել ածխածնի մոնոքսիդով՝ շմոլ գազ և այրվածքային շոկից։ Եզրակացությամբ արձանագրվել է, որ ջերմային այրվածնքներն առաջացել են կենդանության օրոք, բարձր ջերմային գործոնի՝ բոցի ներգործության հետևանքով այրվածքները և շմոլ գազով թունավորումն առողջությանը պատճառել են ծանր վնաս, ինչը հանգեցրել է զինծառայողների մահվանը։ Ստացված եզրակացություններով՝ 10 զինծառայողների մոտ թմրանյութեր և հոգեմետ նյութեր չեն հայտնաբերվել։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը։

Ստացված եզրակացությունները՝ գործում առկա փաստական հանգամանքները, տուժող կողմի գնահատմամբ, հակասության մեջ է գտնվում, ավելի շատ հարցեր են առաջացրել, քան՝ պատասխաններ, պետք է պարզել, թե ինչ շմոլ գազի մասին է խոսքը, գազն ինչպես է հայտնվել ննջասենյակում, ինչպես է ստացվել, որ ողջ մնացած զինծառայողները չեն թունավորվել շմոլ գազով, եթե գտնվել են այդ տարածքում։

«Ավելին, եթե պաշտոնական վարկածով պնդում է արվում, որ հրդեհը բռնկվել է բենզինի օգտագործումից առաջացած բոցից, հարց է առաջանում, թե ինչ շմոլ գազի մասին է խոսքը, շմոլ գազը երբվանից է առաջացել, ինչ հանգամանքներում, ինչ միջոցների կիրառման արդյունքում և հրդեհից առաջ ինչ իրավիճակ է տիրել այդ տարածքում։ Ավելին, եթե եզրակացություններով պնդում է արվում, որ զինծառայողները ջերմային այրվածքները ստացել են կենդանության օրոք, ապա ինչպես բացատրել, որ նրանք չեն փորձել հնարավոր և անհնար միջոցներ ձեռնարկել՝ այդ տարածքից դուրս գալու համար, գտնվել են իրենց մահճակալների վրա»,- նշեց Նորիկյանը՝ հավելելով, որ տուժող կողմը չի բացառում դիակների դատաբժշկական կրկնակի փորձաքննություն իրականացնելու հնարավորությունը՝ միևնույն ժամանակ սպասելով նշանակված հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական, շինարարատեխնիկական համալիր փորձաքննության եզրակացությունը, որը ստանալուց հետո մյուս ապացույցների հետ վերլուծելուց հետո տուժող կողմը հանդես կգա դիակների դատաբժշկական կրկնակի փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությամբ։