կարևոր
3031 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-03 16:48
Քաղաքական

Յանուն հայրենական, պետական ու ազգային արժէքների յանձնառու պաշտպանութեան…

Յանուն հայրենական, պետական ու ազգային արժէքների յանձնառու պաշտպանութեան…

Այսօր եւ վաղն կայացող «Հայ Դատն այսօր» խորհրդաժողովը 14-րդն է, որն ինչպէս միշտ կազմակերպւել է Հայ Դատի Թեհրանի յանձնախմբի (նաեւ ճանաչւած որպէս «ՀՈՒՍԿ» հաստատութիւն) կողմից։

14-րդ խորհրդաժողովը տեղի է ունենում աւելի քան քառամեայ ինչ-որ տեղ պարտադրեալ դադարից յետոյ՝ պայմանաւորւած ինչպէս Հայաստանի ներքաղաքական նոր իրավիճակով եւ Արցախի շուրջ անվտանգային խնդիրների առաջացմամբ, այնպէս էլ ԿՈՎԻԴ-ի բերումով ստեղծւած սահմանափակմամբ:

Եթէ սկզբնական շրջանում առաջին մէկ-երկու խորհրդաժողովներն կայանում էին աւելի սեղմ եւ հիմնականում տեղական ուժերի ու զեկուցաբերների մասնակցութեամբ, ապա յաջորդող խորհրդաժողովներն թէ՛ աշխարհագրութեան, եւ թէ՛ մասնակից-դասախօսների առումով առաւել քան երբեւէ ընդլայնւեցին, որոնց արդիւնքում էլ բնականաբար խորհրդաժողովները քանակական ու որակական մեծ աճ արձանագրեցին։

Ահաւասիկ՝ տեղական ուժերից բացի, 3-րդ խորհրդաժողովից սկսեալ մասնակիցների պատկառելի թիւ ապահովւեց հայաստանեան, ինչպէսեւ՝ սփիւռքեան ակադեմական, գիտական, քաղաքական եւ դիւանագիտական շրջանակների ներգրաւմամբ։

Եւ այդպէս էլ իրանահայ համայնքի մշտապէս ազգային, քաղաքական եւ առհասարակ Հայ Դատով ու Հայոց Պահանջատիրութեամբ հետաքրքրւող բծախնդիր լսարանը լաւագոյն առիթներն ու հնարաւորութիւնն է ունեցել ծանօթանալ-ունկնդրել վերոգրեալ մասնագիտական խաւի ամենատարբեր ներկայացուցիչների խիստ հետաքրքրական ու միաժամանակ բազմակողմանի կարծիքներին ու հայեացքներին, որոնք էլ բնականաբար հրամցւում էին լսարանին՝ քննարկումների (յաճախ էլ թէժ) բովից անցնելով։

Իսկ շատերը կը յիշեն «Հայ Դատն այսօր»-ի 4-րդ խորհրդաժողովը, 2006 թ.-ին, որին եւ մասնակցել է Պոլսում հրատարակւող «ԱԿՕՍ» շաբաթաթերթի խիզախ ու ազնիւ, հայրենասէր ու միեւնոյն հայի արդար Պահանջատիրութեան սիրոյն նահատակւած՝ Հրանտ Դինքը։ Եւ իրաւամբ այդ խորհրդաժողովն էլ յիշւում է մինչ օրս , որպէս անկեղծ, անաչառ ու միաժամանակ կարծիքների առողջ բախման ու արգասաբեր քննարկումների իւրօրինակ մի շտեմարան…:

«Հայ Դատն այսօր» հերթական խորհրդաժողովներին, բացի ակադեմական, քաղաքական շրջանակի ներկայացուցիչներից, ոչ միայն որպէս զուտ մասնակից, այլեւ հէնց որպէս զեկուցաբերներ, լայն քննարկումների են մասնակցել Թեհրանում ՀՀ-ի գրեթէ բոլոր դեսպան-դիւանագէտները, Արցախի թէ՛ պետական, եւ թէ՛ քաղաքական ներկայացուցիչներ, ինչպէսեւ՝ համայնքի հոգեւոր առաջնորդութիւնը, որոնք ինքնին խորհրդաժողովներին քիչ-շատ համազգային տեսք են հաղորդել։

Որպէս կարեւոր ձեռքբերում՝ «ՀՈՒՍԿ» հաստատութիւնը նոյն «Հայ Դատն այսօր խորհրդաժողովների ծիրում, կազմակերպել է նմանօրինակ թեմաներով պարսիկ լսարանի ու քաղաքագիտական շրջանակների մասնակցութեամբ խորհրդաժողովներ, որոնք գնալով կոփւել ու նոյն շրջանակի մօտ առհասարակ հայկական արդիական հիմնահարցերը արծարծել, տարածել ու դրական ու հայանպաստ հակումների են յանգեցրել։

Եւ ահա այս՝ 14-րդ խորհրդաժողովը եւս գալիս է համալրելու- շարունակելու նախորդների առջեւ դրւած նոյն, բայց արդիական մերօրեայ նպատակակէտերը, որոնցով էլ այսօր թէ’ հայ մարդը եւ թէ՛ հային մշտապէս բարեկամ համարող պարսիկ լսարանն ու քաղաքական էլիտան ոչ միայն հետաքրքրւած, այլեւ ներգրաււած է ու միջամուխ, մանաւանդ պայմանաւորւած տարածաշրջանի աշխարհաքաղաքական նոր մարտահրաւէրներով՝ թէ՛ Հայաստանի, եւ թէ՛ Իրանի համար:

Եւ վերջապէս չենք կարող չընդգծել, որ 14-րդ խորհրդաժողովը կարեւորւում եւ ուշագրաւ է նրանով, որ կայանում է ընդհանրապէս հայի ու Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի բացառիկ զգայուն ու ծանրակշիռ իրավիճակների պայմաններում։

Եւ այդ բերումով իսկ, 14-րդ խորհրդաժողովը ինքնըստինքեան առանձնայատուկ է լինելու ձեւով ու բովանդակութեամբ, որով էլ մէկ անգամ եւս ապացուցւելու է, որ հինաւուրց ու ամենահայաստանամերձ իրանահայ համայնքը բնաւ անտարբեր չէ իր հայրենական, ազգային ու պետական ազգապահպան արժէքների բարձրաձայնման ու պաշտպանման յանձնառութեան գործում:

 

Դերենիկ Մելիքեան

Պատմական Գիտութիւնների թեկնածու