կարևոր
1639 դիտում, 5 ժամ առաջ - 2025-07-15 12:11
Իրավական

Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը վերացնելու համար գրություն եմ ուղարկել դատախազին․ Արամ Վարդևանյան

Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը վերացնելու համար գրություն եմ ուղարկել դատախազին․ Արամ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է․

«Սամվել Կարապետյանի նկատմամբ աբսուրդային քրեական վարույթը նախաձեռնվել էր հունիսի 17-ին իր հարցազրույցում հնչած մեր Մայր Աթոռը պաշտպանելու և օրվա իշխանությունների իրականացվող առնվազն հակասահմանադրական ոտնձգությունները քննադատելու համար:

Հունիսի 18-ից մինչ օրս Սամվել Կարապետյանը կալանավորված է բացառապես այդ հարցազրույցի համար, այսինքն կալանավորված է առանց որևէ օրինական և իրավական հիմքի, բացառապես քաղաքական հետապնդման նպատակով: Քրեական վարույթն իրականացնող մարմինները պարտավոր են հունիսի 17-ի ներկայացված հարցազրույցը գնահատեն 2025 թվականի հուլիսի 4-ի և նույն թվականի հուլիսի 14-ի Սամվել Կարապետյանի կողմից ներկայացված հայտարարությունների շրջանակներում, որի պայմաններում ցանկացած ամենամեծ աբստրահված քննչական վարկածը չի կարող «դիմանալ» քննադատությանը և պարզապես օրենքին: Ավելին նման ակնհայտ անհիմն և ապօրինի կալանքը վերացնելու ոչ միայն լիազորությամբ, այլ նաև ստեղծված իրավիճակում այլևս պարտականությամբ օժտված է ՀՀ դատախազությունը և դրա վերաբերյալ համապատասխան գրություն եմ ուղարկել Գլխավոր դատախազին:

Հիշեցման կարգով հարցազրույցը որակվել էր իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ, որին նախորդել էր գործադիր իշխանության ղեկավարի հաշվեհարդարի խոստումը: Բոլորին այլևս ակնհայտ է, որ այդ հարցազրույցում բացակայում էր 1) հասարակությանն ուղղված կոչը, 2) բռնության որևէ հատկանիշ, 3) իշխանության զավթման որևէ հատկանիշ»: