կարևոր
982 դիտում, 5 ժամ առաջ - 2025-07-15 10:02
Հասարակություն

Ահաբեկում են մարդկանց, որ ներկայացնեն հայտարարագիր, բայց չի ստացվում. «Փաստ»

Ահաբեկում են մարդկանց, որ ներկայացնեն հայտարարագիր, բայց չի ստացվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչև այս տարվա նոյեմբերի մեկը քաղաքացիները պետք է ներկայացնեն իրենց եկամուտների հայտարարագիրը։ Օրերս «Փաստը» գրավոր հարցում էր ուղարկել ՊԵԿ՝ պարզելու համար, թե հարցման պատասխանի օրվա դրությամբ քանի հայտարարագիր է արդեն իսկ ներկայացվել։ Կոմիտեից ստացված պատասխանի համաձայն, «այս տարվա հուլիսի 10-ի դրությամբ, 2024 թ. հաշվետու տարվա համար հայտարարագիր է ներկայացրել 82636 ֆիզիկական անձ»: Սա նշանակում է, որ քաղաքացիների մոտավորապես 90 տոկոսն այս պահին բոյկոտում է հայտարարագրման համակարգը:

Դեռ ամիսներ առաջ «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը, ղեկավար Նաիրի Սարգսյանի գլխավորությամբ, ակտիվ պայքար սկսեց ֆիզիկական անձանց եկամուտների պարտադիր հայտարարագրման պրոցեսի դեմ։ Թերթը դիմեց նրան՝ պարզելու, թե ինչի՞ մասին է վկայում հայտարարագիր ներկայացրած անձանց այսքան փոքր թիվը, երբ գործընթացի վերջնաժամկետին մնացել է երեք ամսից մի քիչ ավելի ժամանակ։

Սարգսյանը նշեց, որ մինչև հայտարարագրման գործընթացի վերջնաժամկետն ընկած ժամանակահատվածը, այն է՝ առաջիկա երեքուկես ամսում շատ քիչ բան կարող է փոփոխվել։ «Պետական ամբողջ ապարատը լծված է հայտարարագրման գործընթացին և ահաբեկում է մարդկանց, որպեսզի ներկայացնեն հայտարարագիր, բայց չի ստացվում։ 82636-ն ընդամենը պետական ահաբեկման արդյունք է։ Այն դեռևս մեր կանխատեսումների շրջանակում է։ Կանխատեսել ենք, որ մինչև նոյեմբերի 1-ը հայտարարատուների թիվը կազմելու է մինչև 150 000, ընդ որում՝ դա էլ երևի հազիվ հասցնեն ապահովել։ Հաշվի ենք առել, որ պետական ապարատում և իշխանությանը փոխկապակցված բիզնեսներում ներգրավված աշխատակազմերը պարտադրողաբար հայտարարագրեր են ներկայացնում։ Մեր մյուս քաղաքացիները հետևել են մեր հորդորին, և որևէ մեկը չի պատրաստվում ներկայացնել հայտարարագիր»,-«Փաստի» հետ զրույցում նշեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։