կարևոր
3073 դիտում, 4 ժամ առաջ - 2025-07-15 11:58
Քաղաքական

Զատուլինը՝ ԱՄՆ դեսպանի հայտարարության և Երևանի ու Բաքվի հետ սրացման մասին

Զատուլինը՝ ԱՄՆ դեսպանի հայտարարության և Երևանի ու Բաքվի հետ սրացման մասին

Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունների սրացումը կարող է պատահական չլինել, այն կարող է լինել Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վարձակալության մասին հայտարարությունների տրամաբանության մեջ։

Այս մասին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հայտարարել է RTVI-ին տված հարցազրույցում։

Բարաքը, խոսելով «32 կիլոմետր ճանապարհի պատճառով» Հայաստանի և Ադրբեջանի միջև ձգձգվող վեճի մասին, տեսականորեն հնարավոր է համարել սցենարը, որի դեպքում ԱՄՆ-ն կարող է երկարաժամկետ վարձակալության պայմաններով իր վերահսկողության տակ վերցնել ճանապարհահատվածը: Ընդ որում, նա որևէ վերապահում չի արել այն մասին, որ խոսքը Սյունիքի մարզի՝ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի մասին է:

Զատուլինի խոսքով՝ դեսպանի խոսքերը կարող են ոչ թե բլեֆ լինել, այլ իրական ծրագիր։

«Կարծում եմ՝ դա միանգամայն իրական հեռանկար է։ Եվ նույնիսկ կարծում եմ, որ բոլոր վերջին սրացումները ռուս-հայկական և դեռ ռուս-ադրբեջանական հարաբերություններում կապված են հենց նրա հետ, որ Ադրբեջանի, Հայաստանի կողմից արհեստականորեն լարվածությունն ավելացել է, որպեսզի Մոսկվային չհարցնեն Զանգեզուրի միջանցքի մասին»,-ասաց խորհրդարանականը։