կարևոր
787 դիտում, 6 ժամ առաջ - 2025-07-15 19:50
Քաղաքական

Մասիվի նոր նշանակված թաղապետը թաթախված է կոռուպցիայի մեջ. Արթուր Չախոյան

Մասիվի նոր նշանակված թաղապետը թաթախված է կոռուպցիայի մեջ. Արթուր Չախոյան

Մասիվի նոր նշանակված թաղապետը, թաթախված է կոռուպցիայի մեջ։ Այս մասին գրել է բլոգեր Արթուր Չախոյանը։

«Մասնավորապես՝ հենց ինքը անձամբ զբաղվում է համայնքային հողի վրա ապօրինի կառուցված ինքնակամ շինությունների հովանավորչությամբ։

Հիմա՝ ավելի մանրամասն…

«Ակտիվ քաղաքացի» հավելվածով՝ «Ապօրինի շինարարություն» բաժնում, բացել էի համար SID44081 հայտը, որով քաղաքապետարանին տեղեկացրել էի, որ համայնքային հողի վրա ավտոտնակ են կառուցել։ Մասիվի թաղապետարանի աշխատակիցները եկել էին, քանդել տանիքը, բայց բետոնե հատակը չէին քանդել։ Դրա փոխարեն՝ պարզապես հողով էին ծածկել, որ նկարեն՝ իբր թե ապամոնտաժել են։

Թաղապետի աշխատանքային շրջայցի ընթացքում, ես նրան տեղեկացրի այս մասին։ Ասացի, որ բետոնե հատակը հողով են ծածկել՝ հետագայում ավտոտնակը վերակառուցելու նպատակով։ Թաղապետն ասաց,  թե իբր այդ առավոտ ԻՆՔԸ ԱՆՁԱՄԲ է եկել, ստուգել և նման բան չկա՝ հողի տակ բետոն չկա։

Քանի որ այդ տարածքը մոտ էր և չէի ցանկանում սխալվել, անմիջապես գնացի, ստուգեցի և պարզվեց՝ թաղապետը սուտ է ասում։ Վերադարձա, և արդեն տեսանյութում Ձեր տեսած խոսակցությունը սկսվեց, որը տեսաձայնագրել եմ՝ որպես փաստ։ Տեսանյութում թաղապետին առաջարկում եմ միասին գնալ և տեղում ցույց տամ, որ բետոնը չեն քանդել։

Ի պատասխան՝ թաղապետը պատասխանում է․ «Տեսել եմ, էսօր առավոտը եկել նայել եմ»։

Այսինքն՝ բացառվում է տարբերակը, թե նրան խաբել են կամ սխալ զեկուցել են։ Քանի որ հենց ինքը պնդում է, որ ԻՆՔԸ ԱՆՁԱՄԲ է ստուգել։ Իսկ փաստերը հստակ են. բետոնը չեն քանդել, պարզապես հողով են ծածկել՝ ապօրինի ավտոտնակի կառուցումը հետագայում շարունակելու նպատակով։

Ի դեպ, նշեմ՝ տեսանյութի երկրորդ մասում ինձ հետ խոսող անձը թաղապետարանի աշխատակիցն է, ով արդեն «առանձնացրել» էր ավտոտնակի և կանաչ գոտին, արդարացնելով թաղապետարանի սպօրինությունը։

Հիմա, ժողովուրդ ջան, դուք ասեք՝ եթե թաղապետը ապօրինի կոռուպցիոն գործարքների հովանավորչությամբ չի զբաղվում, ապա ինչո՞ւ է նա սուտ խոսում»,- հրապարակած տեսանյութին կից գրել է ակտիվիստը: