կարևոր
2959 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-09 14:08
Քաղաքական

ԱՄՆ Կոնգրեսում Արցախի շրջափակման դեմ բանաձևի նախագիծ է ներկայացվել

ԱՄՆ Կոնգրեսում Արցախի շրջափակման դեմ բանաձևի նախագիծ է ներկայացվել

Բանաձևի ընդունվելու դեպքում Ներկայացուցիչների պալատը ԱՄՆ վարչակազմին հինգ գործնական քայլ կառաջարկի Արցախում հումանիտար ճգնաժամի վատթարացումը կանխելու համար:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում երկկուսակցական կոալիցիան՝ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի գլխավորությամբ, երեկ Արցախի շրջափակման դեմ բանաձևի նախագիծ է ներկայացրել, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Հաղորդագրության համաձայն՝ բանաձևը նպատակ ունի մեծացնել ԱՄՆ-ի ճնշումը Ադրբեջանի նկատմամբ, որպեսզի Բաքուն վերջ տա Արցախի երկու ամիս շարունակվող շրջափակմանը:

Օրինագիծը հեղինակել են Կալիֆոռնիայից ընտրված դեմոկրատ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնի և Բրեդ Շերմանը։ Օրինագծի սկզբնական աջակիցների թիվը Ներկայացուցիչների պալատում արդեն հասնում է 65-ի։ Աջակիցների թվում կան ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատ օրենսդիրներ:

Նախագծի հեղինակներն շեշտում են Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոնը գործընկերներին ուղղված նամակում գրել է, որ Ալիևի ռեժիմը կանխամտածված քայլեր է ձեռնարկում բնիկ հայերին Արցախից հեռացնելու համար և նրանց զրկելու իրենց նախնիների երկրում ազատ, ժողովրդավարական և արժանապատիվ ապրելու հնարավորությունից։

«Այս ամենը էթնիկ զտումների ակնհայտ նշան է, որը մենք չենք կարող անտեսել… Միացյալ Նահանգները պետք է անհապաղ գործի և օգտագործի բոլոր հասանելի դիվանագիտական գործիքները միջանցքը վերաբացելու համար, քանի դեռ հումանիտար ճգնաժամը չի դարձել աղետալի», -գրել է Ֆրենկ Փալոնը։

Բրեդ Շերմանն էլ իր հերթին գրել է, որ Միացյալ Նահանգները պետք է գործի և միանշանակ դատապարտի այս մահացու շրջափակումը։

«Եկեք պարզ ասենք, թե ինչ է սա՝ Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ հայ բնակչությանը իրենց տներից դուրս մղելու փորձ՝ անհնարին դարձնելով կյանքը Արցախում։ Մարտավարությունը շրջափակումն է, արդյունքը՝ բնակիչների զրկանքը, նպատակը՝ էթնիկ զտումը»,–գրել է նա։

Բանաձևի ընդունվելու դեպքում Ներկայացուցիչների պալատը ԱՄՆ վարչակազմին հինգ գործնական քայլ կառաջարկի Արցախում հումանիտար ճգնաժամի վատթարացումը կանխելու համար:

Հաղորդագրության համաձայն, առաջարկվող քայլերն են՝

-դիմել միջազգային դատարաններին Ադրբեջանի ռազմական հանցագործությունները հետաքննելու համար,
-համագործակցել միջազգային գործընկերների, ներառյալ Արցախի իշխանությունների հետ, Լաչինի միջանցքում միջազգային դիտորդների տեղակայումն ապահովման համար,
-անհապաղ դադարեցնել ԱՄՆ ցանկացած ռազմական կամ անվտանգության աջակցություն Ադրբեջանին
-կիրառել Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղումը, պատժամիջոցներ կիրառել Արցախի շրջափակման և մարդու իրավունքների այլ խախտումների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ,
-ադրբեջանական ագրեսիայից տուժող արցախահայերին ամերիկյան կայուն մարդասիրական օգնության և զարգացման երկարաժամկետ աջակցության հզոր ծրագիր մշակել: