կարևոր
3676 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-16 22:25
Աշխարհ Հասարակություն

Հայկական թանգարանը կրկին բացվել է Երուսաղեմի Հին քաղաքում

Հայկական թանգարանը կրկին բացվել է Երուսաղեմի Հին քաղաքում

Հարյուր տարի անց այն բանից, երբ ընդունվել են մեծ թվով երեխաներ, որոնց ծնողները սպանվել են Հայոց ցեղասպանության ժամանակ, Երուսաղեմի Հայկական թաղամասի 19-րդ դարի որբանոցը կրկին բացել է իր դռները՝ որպես թանգարան, որը փաստում է համայնքի հարուստ, թեեւ ցավալի պատմությունը, գրում է AP-ն:

Մարտիկյան թանգարանը ցուցադրում է հայկական մշակույթը եւ պատմում սուրբ քաղաքի հետ համայնքի դարավոր կապի մասին: Միեւնույն ժամանակ, այն 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը համարվող, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օսմանյան թուրքերի կողմից սպանված մոտավորապես 1,5 միլիոն հայերի հիշատակին նվիրված հուշահամալիր է։

Տնօրեն Ցոխիկ Կարակաշյանը նշել է, որ թանգարանը կոչված է հայության կյանքի ուղեցույց ծառայել։

Թանգարանը վերաբացվել է 2022 թվականի վերջին՝ ավելի քան հինգ տարվա վերանորոգումից հետո։ Մինչ այս շենքը, որը սկզբում 1850-ականներին կառուցված ուխտավորների տուն-ինտերնատ էր, ծառայել է որպես վանք, որբանոց՝ ցեղասպանությունից փրկված երեխաների համար, ճեմարան եւ, վերջապես, փոքրիկ թանգարան եւ գրադարան:

Երուսաղեմում ապրում է մոտ 6000 հայ, որոնցից շատերը ցեղասպանությունից փախած մարդկանց ժառանգներ են։ Շատերը բնակվում են պատմական Հին քաղաքի գլխավոր թաղամասերից մեկում, որը հիմնականում 12-րդ դարի հայկական Սուրբ Հակոբի տաճարին կից համալիր է:

Բայց հայերի կապը սուրբ քաղաքի հետ գալիս է դարերի խորքից՝ ուշ Հռոմեական կայսրության ժամանակ վանականներից ու ուխտավորներից մինչեւ Երուսաղեմի հայ թագուհիները։

Թանգարանի կենտրոնական տարրը արեւով լցված բակում 5-րդ կամ 6-րդ դարերի նրբագեղ խճանկարն է՝ զարդարված հազվագյուտ թռչուններով եւ խաղողի որթերով, որը հայտնաբերվել է 1894 թվականին՝ հին հայկական վանական համալիրում: Այն ունի հայերեն մակագրություն՝ նվիրված «բոլոր հայերի հիշատակին եւ փրկությանը, որոնց անունները Տերը գիտի»։

Տասնամյակներ շարունակ խճանկարը մնացել է Հին քաղաքի Դամասկոսի դարպասի մոտ գտնվող փոքրիկ թանգարանում: 2019 թվականին Իսրայելի հնությունների վարչությունը եւ Հայոց պատրիարքարանը կատարել են խճանկարային հատակի ապամոնտաժման եւ քաղաքով մեկ նոր վերանորոգված թանգարան տեղափոխելու տքնաջան աշխատանք:

«Խաչքարեր» անունով հայտնի փորագրված քարե խաչերից մինչեւ պատկերազարդ սալիկներ եւ քահանայական զգեստներ՝ թանգարանը ցուցադրում է հայկական նյութական արվեստը, ինչպես նաեւ հիացմունքով պատմում է հայկական գոյատեւման պատմությունը: Մինչ Երուսաղեմը ձեռքից ձեռք էր անցնում՝ կայսրությունների առաջացմանն ու անկմանը զուգընթաց, հայերը գոյատեւում էին:

«Գոյատեւել նշանակում է աննկատ մնալ»,- ասում է թանգարանի էքսկուրսավար Արեգ Կախքեջյանը: «Մենք գոյատեւեցինք, քանի որ մարդիկ գիտեին, թե ով ենք մենք, եւ այսօր մենք պատրաստ ենք ցույց տալ ձեզ եւ պատմել պատմության ու ժառանգության, մշակույթի մասին, ինչպես նաեւ ցույց տալ, թե ինչպես ենք մենք զարգանում եւ արդիականանում ժամանակին համընթաց»: