կարևոր
5053 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-06 18:25
Քաղաքական

Մեկ էլ մի օր, հոպ, կարթնանանք կտեսնենք, որ Ղարաբաղի հարցը լուծվել է․․․ Արցախն արդեն չկա, հերթը հասել է Սյունիքին, Սևանին ու Երևանին․ Արթուր Խաչատրյան

2018 թվականի օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանը ելույթ ունենալով Հանրապետության Հրապարակում հրավիրված հանրահավաքին հայտարարում է․ «Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդն է, և ես ուզում եմ ասել հետևյալը. եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ինքս կհատավամ և կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որևէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ կամ որևէ գործողություն կանեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ և կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, և դուք կորոշեք՝ մենք գնո՞ւմ ենք այդ տարբերակով կարգավորման, թե չենք գնում: Կորոշեք, որ գնում ենք՝ ուրեմն կգնանք, կորոշեք, որ չենք գնում՝ ուրեմն չենք գնա: Դուք եք բարձրագույն իշխանությունը և որոշողը, և սրանում որևէ կասկած չի կարող լինել»։ Այս մասին ԱԺ ամբիոնից հիշեցրեց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«2018-ի հոկտեմբերի 24-ին, այստեղ, այս դահլիճում, այս ամբիոնից Նիկոլ Փաշինյանն ասում է․ «Ժողովրդի կարծիքն է էն վճռական գործոնը, որը պետք է որոշի՝ Ղարաբաղի հարցի լուծման այս կամ այն տարբերակը մեզ ձեռնտու է, թե ձեռնտու չէ: Ղարաբաղի հարցի թաքուն լուծում, թաքուն տարբերակ, որ մեկ էլ մի օր, հոպ, արթնանանք տենանք Ղարաբաղի հարցը լուծվել է և տենց մնացել ենք մենք կամ հանրությունը․․․ էդպիսի բան չի կարող լինել ուղղակի»»,- կրկին հիշեցրեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ ժողովրդի վճռորոշ իրավունքի մասին Փաշինյանը  բազմաթիվ անգամներ է կրկնել։ Այսօր եկել է հենց այն վճռական պահը, երբ ժողովուրդը պետք է պահանջի ներկայացնել, թե ո՞րն է Արցախի հարցում ՀՀ իշխանությունների քաղաքականությունը, ի՞նչ ուղղությամբ են նրանք տանում Արցախի հարցի կարգավորումը․

«Իսկ այսօրվա իշխանությունների պահվածքից պարզորոշ երևում է, որ նրանք ունեն չակերտավոր լուծում։ Եվ այդ լուծումն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն է։ Եթե ընտրություններից առաջ նրանք խոսում էին Արցախի Հանրապետության մասին, անջատում հանուն փրկության մասին, Արցախի դե-օկուպացիայի մասին, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, ապա այսօր նրանց բառապաշարից ընդհանրապես անհետացել է «Արցախի Հանրապետություն» արտահայտությունը։ Ինքնորոշման իրավունքի փոխարեն խոսում են ինչ որ ընդհանրական իրավունքների մասին, իսկ անվտանգության ապահովելու Հայաստանի հանձնառությունը փոխարինել են խաղաղապահներին անընդհատ վկայակոչելով և նրանց աշխատանքից դժգոհություն հայտնելով։ Նրանք արդեն կարգավիճակից չեն խոսում։ Եթե մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը խոսում էր «կարգավիճակի նշաձողը մի փոքր իջեցնելու» մասին, հիմա արդեն կարգավիճակի հարցն ընդհանրապես չի արծարծվում։ «Կարգավիճակը բխեցնում ենք անվտանգությունից» կամ նմանատիպ ինչ որ անհասկանալի ձևակերպում, որը նշանակում է, որ եթե խաղաղապահները կամ ադրբեջանցիք երաշխավորեն Արցախի հայերի անվտանգությունը և, դիցուկ, աշխատանքի իրավունքը, ուրեմն վերջ, Արցախի հարցը լուծված է»,- ասաց նա։

ՀՅԴ-ական գործիչը շեշտեց, եթե դա է այսօրվա իշխանությունների մոտեցումը, թող նրանք քաջություն ունենան, իրենց մոտեցումները ներկայացնեն ժողովրդին, ինչպես որ խոստացել էին։ «Այլապես, սիրելի ժողովուրդ, մեկ էլ մի օր, հոպ, կարթնանանք կտեսնենք, որ Ղարաբաղի հարցը լուծվել․․․․ Արցախն արդեն չկա, հերթը հասել է Սյունիքին, Սևանին ու Երևանին․․․»,- ավելացրեց պատգամավորը։