կարևոր
3433 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-25 11:18
Արցախ Քաղաքական

2 տարի առաջ առանց կրակոցի թշնամուն հանձնվեց անառիկ Քարվաճառը

2 տարի առաջ առանց կրակոցի թշնամուն հանձնվեց անառիկ Քարվաճառը

1993 թ. ապրիլի 5-ին ամբողջ հայ ազգը ցնծում էր. հայկական զինված ուժերը դուրս էին եկել Օմարի լեռնանցք` այդպիսով ավարտին հասցնելով Արցախի միջնաբերդ Քարվաճառի ազատագրումը: Քարվաճառի ազատագրումը կենսական անհրաժեշտություն էր Արցախի հյուսիսի անվտանգությունն ապահովելու համար: Թշնամուն Քարվաճառից դուրս շպրտելու և ադրբեջանական կրակակետերը լռեցնելու գործողությունը ընթացավ  մարտի 27-ից ապրիլի 2-ը:

Քարվաճառի հաղթական ռազմական գործողությունը ղեկավարում էին Գուրգեն Դալիբալթայանը, Հրաչ Անդրեասյանը (Արևմտյան ուղղություն), Յուրի Խաչատուրովը (Լաչինի ուղղություն) և Մոնթե Մելքոնյանը (Մարտակերտի ուղղություն):

Քարվաճառի ազատագրումից հետո սկսվեց հայերի վերադարձը, վերակառուցումը, վերաբնակեցումը.  Արցախի միջնաբերդը սկսել էր շնչել: Սփյուռքը, բազմաթիվ գործարարներ զբաղվում էին շրջանի տնտեսական զարգացմամբ: Այսպես՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը միայն Քարվաճառում և Քաշաթաղում` Արցախը Հայաստանին կապող կենսական տարածքներում, ամենաշատ ներդրումներն էր կատարել՝ ենթակառուցվածքների, հասարակական շինությունների կառուցման, սոցիալական ապահովության, առողջապահության, կրթության, պատմամշակութային արժեքների պահպանության, արվեստի եւ սպորտի բնագավառներում և այլն, բայց...

Ազատագրումից 27 տարի անց հայ ազգն այլևս չէր ցնծում. Քարվաճառը դավաճանվել էր: Երկու տարի առաջ այս օրը` 2020 թ. նոյեմբերի 25-ին` ռազմական գործողությունների դադարից 15 օր անց, Արցախի միջնաբերդը դավաճանաբար հանձնվեց թշնամուն` առանց որևէ կրակոցի, հանձնվեց` համաձայն նոյեմբերի 9-ին ստորագրված դավաճանական փաստաթղթի:

Կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանը դեռ պատերազմի ժամանակ` հոկտեմբերի վերջին, ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկ էր ստացել (նոյեմբերի 9-ի նման հակահայկական փաստաթուղթ, բայց ավելի մեղմ), սակայն մերժել էր. ըստ այդ առաջարկի` Քարվաճառն ու Քաշաթաղը մնում էին Արցախի ՊԲ վերահսկողության տակ: 

Երբ հայտնի դարձավ Քարվաճառի հանձնման մասին, Արցախի հյուսիսային, հյուսիսարևմտյան շրջանը դարձյալ դատապարտվեց հայաթափման: Սկսվեց շրջանից գաղթը. շրջանը լքելու համար հատկացված սեղմ ժամկետները չէին բավականացնում բնակչությանը, որ` հանեն իրենց շարժական ու անշարժ գույքը, անասուններին, մշակութային նմուշները: Հայրենազրկված բնակչության մի մասը հարկադրված այրում էր այն ամենը, ինչ չէր կարողանում հանել Քարվաճառից, որպեսզի այն չվայելի թշնամին:

Քարվաճառը տասնամյակներ պահող զորամասերը պայթեցվեցին. զինվորները նոյեմբերի 24-ին վերջին անգամ նկարվում էին Քարվաճառում՝ որպես հուշ երբեմնի անառիկ Քարվաճառը անառիկ պահող զինվորներից:

Այսօր արդեն Քարվաճառում վխտում են թշնամիները, թունելներ փորում, ճանապարհներ կառուցում (այսպես կոչված՝ ապագա «միջանցքի» համար), և որ ամենագլխավորն է՝ սպառնում են Հայաստանի տարածքային ամբողջականությանը. օկուպացված Քարվաճառից թշնամին հարձակումներ է իրականացնում Վայոց ձորի, Գեղարքունիքի վրա, ահաբեկում հայ խաղաղ բնակչությանը, գերեվարում և սպանում զինվորներին:

Քարվաճառի կորստի վերքը երբեք չի սպիանա, Հայաստանն ամեն օր կզգա Քարվաճառի հանձնման հետևանքները, կզգա մինչև այն պահը, երբ այնտեղ դարձյալ կծածանվի Հայաստանի դրոշը, և Քարվաճառը մեզ կողջունի «Քարվաճառը հայոց միջնաբերդն է» ցուցանակով: