կարևոր
5815 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-31 11:59
Տնտեսական

Միջին աշխատավարձի բարձրացումը չի փակում այն գնաճը, որն ունենք հիմա․ Թադևոս Ավետիսյան

Միջին աշխատավարձի բարձրացումը չի փակում այն գնաճը, որն ունենք հիմա․ Թադևոս Ավետիսյան

Ընդհանուր առմամբ առիթ ենք ունեցել  բազմաթիվ անգամ ասելու, որ այս տնտեսական ակտիվությունը, որ մենք ունենք 2022 թ․, պայմանավորված է արտաքին գործոնով։ Ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում է ստացվել, որ դրամական հոսքերը էապես ավելացել են դեպի մեր երկիր և իրականում աճել  է պահանջարկը ծառայությունների ոլորտում։ Այս մասին Երկիր Մեդիայի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

«Այս դրամական հոսքը չի դառնում ներդրումներ, օրինակ գյուղատնտեսության ոլորտը շարունակում է  անկում ապրել, իսկ արդյունաբերության 10 տոկոսի աճը պայմանավորված է հանքարդունաբերության ոլորտի հետ։ Սակայն ներկայիս իշխանությունները կապ չունեն, թե տնտեսական ակտիվության հետ, թե արդյունաբերության այդ որոշակի աճի հետ։ Ստացվում է, որ հիմնականում աճում է ֆինանսական ոլորտը, որը իրականացնում է միջնորդի գործառույթը։ Կարելի է տեսնել, որ բարձրացել է բանկերի շահույթը, բայց իրական հատվածում շահույթաբերության աճ չկա, ինչպես նաև չկա այս ամենի հետ կապված աշխատավարձի բարձրացում», - ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ տնտեսական ձախողումները նույնիսկ այս պարագայում են ակնհայտ, քանի որ մեր երկրում չեն դառնում ներդրումներ այդչափ արտաքին ֆինանսական հոսքերը․

«Այս 9 ամիսների ընթացքում էապես նվազել են օտարերկրյա ներդրումները, որը պայմանավորված է ֆինանսական հոսքերով։ Հիմա մենք ունենք 14 տոկոս տնտեսական ակտիվություն, իսկ հաջորդ տարի, երբ այս գործոնը այլևս չլինի կարող ենք ունենալ էական դժվարություններ։ Եթե այս տնտեսական ակտիվությունը կայուն բնույթ ունենար, ապա, այս իրավիճակում 6-7 տոկոսով չէին բարձրացնի թոշակները, նվազագույն աշխատավարձները, այլ  համարժեք կբարձրացնեին գնաճի հետ համահունչ։ Հաջորդ տարի չենք կարող ունենալ նման տնտեսական ակտիվություն, քանի որ այն գումարները, որ մտնում են մեր տնտեսություն, նույն կերպ էլ դուրս են գալիս, որոնք պայմանավորված են արտաքին գործոնների հետ կապված»։

Տնտեսագետը կարծում է, որ մենք, ըստ էության, դարձել  ենք ֆինանսական և առևտրի միջնորդ, կա գործոն, կա միջնորդություն, հետևաբար կա տնտեսական բարձր ակտիվություն․

«Ի՞նչ պետք է անել այս պարագայում․ պետությունը առնվազն պետք է պետական խթանիչ գործիքներով ստեղծեր կայուն ներդրման միջավայր, որ Հայաստան եկած ֆինանսական միջոցները դառնային ներդրում հատկապես՝ իրական հատվածում, որ աճեր մեր տնտեսական ներուժը, որը կայուն կերպով կապահովեր տնտեսական ակտիվությունը»։

Անդրադառնալով գնաճին ՀՅԴ-ական գործիչը նշեց, որ կա զանգվածային գնաճ, սակայն դրա հետ կապված չկա աշխատավարձի բարձրացում, թոշակի բարձրացում, նպաստների բարձրացում․

«Մտածում են միջին աշխատավարձի բարձրացնեն, սակայն դա չի փակում այն գնաճը, որն ունենք հիմա։ Սա բերում է աղքատության մակարդակի աճի։ Բոլոր նախադրյալները կան, որ մյուս տարի գրանցվի նույն ցուցանիշները։ Հայաստանի 60 տոկոսը համարվում է չափավոր աղքատ։ Դա պայմանավորված է մեր իշխանության հակասոցիալական քաղաքականությամբ, տալիս են անվերջ խոստումներ, որոնք չեն իրականացնում։ Եկել են իշխանության և մեր երկրում ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, որ մարդկանց օրականգը դարձել է գոյատևման խնդիր, այլ ոչ թե լավ ապրելու ընդվզումներ։ Ամեն օր արթնանալով սպասում ենք նոր խոչընդոտների»,- ավելացրեց տնտեսագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։