կարևոր
2890 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-25 23:48
Աշխարհ Քաղաքական

Մի խումբ դեմոկրատներ Բայդենին կոչ են արել բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ, հետո ստիպված են եղել բացատրություն տալ

Մի խումբ դեմոկրատներ Բայդենին կոչ են արել բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ, հետո ստիպված են եղել բացատրություն տալ

ԱՄՆ 30 դեմոկրատ կոնգրեսականներ նամակ են հղել նախագահ Ջո Բայդենին՝ խնդրելով ուղիղ բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի պատերազմի դիվանագիտական կարգավորման հասնելու համար։

«Ըստ գնահատականների՝ միջուկային զենքի կիրառման ռիսկն այժմ ավելի մեծ է, քան երբեւէ սառը պատերազմի ժամանակներից: Հաշվի առնելով միջուկային էսկալացիայի աղետալի հնարավորությունները եւ սխալ հաշվարկները, որոնք մեծանում են, որքան երկարում է այս պատերազմը։ Մենք համաձայն ենք ուղղակի ռազմական հակամարտությունից խուսափելու ձեր նպատակի հետ՝ որպես ազգային անվտանգության առաջնահերթություն:

Հաշվի առնելով այն ավերածությունները, որոնք այս պատերազմը ստեղծել է Ուկրաինայի եւ աշխարհի համար, ինչպես նաեւ աղետալի էսկալացիայի վտանգը, մենք նաեւ կարծում ենք, որ երկարատեւ հակամարտությունից խուսափելը բխում է Ուկրաինայի, Միացյալ Նահանգների եւ աշխարհի շահերից։ Այդ իսկ պատճառով մենք ձեզ կոչ ենք անում ռազմական եւ տնտեսական աջակցությունը, որը Միացյալ Նահանգները տրամադրել է Ուկրաինային, համադրել ակտիվ դիվանագիտական ճնշման հետ՝ կրկնապատկելով հրադադարի իրատեսական շրջանակներ գտնելու ջանքերը»,- ասվում է նամակում։

Նամակի հրապարակումից մի քանի ժամ անց խումբը հայտարարություն է տարածել՝ նախորդ հաղորդագրությունը պարզաբանելու համար։

«Նախագահ Բայդենին ուղղված այսօրվա նամակում մենք կոչ ենք արել վարչակազմին շարունակել ռազմական եւ տնտեսական աջակցությունը ուկրաինացիներին՝ միաժամանակ դիվանագիտական աջակցություն ցուցաբերելով Ուկրաինային, որպեսզի երաշխավորենք, որ մենք օգտակար գործընկերներ ենք Ուկրաինայի ժողովրդի համար ընդունելի լուծման հասնելու ջանքերում:

Մենք՝ որպես դեմոկրատներ, միասնական ենք մեր անկասկած հանձնառության մեջ՝ իր ժողովրդավարության եւ ազատության համար պայքարում Ուկրաինային աջակցելու հարցում՝ ռուսական անօրինական եւ աղաղակող ներխուժման պայմաններում, եւ նամակում այդ աջակցությունը փոխելու ոչ մի կոչ չկա»,- բացատրել են նրանք:

«Դիվանագիտությունը կարեւոր գործիք է, որը կարող է կյանքեր փրկել, բայց դա գործիքներից մեկն է։ Ինչպես մենք նաեւ հստակ նշել ենք մեր նամակում եւ կշարունակենք պարզաբանել։ Մենք սատարում ենք նախագահ Բայդենի եւ նրա վարչակազմի ջանքերին՝ ոչինչ չանել Ուկրաինայի հարցում առանց Ուկրաինայի»:

Նամակը հայտնվել է ընտրություններից ընդամենը երկու շաբաթ առաջ, քանի որ դեմոկրատները ամեն կերպ փորձում են տնտեսական ուղերձ գտնել, որն էլ իր արձագանքը կգտնի ընտրողների մոտ: Ուկրաինայի պատերազմն ուժեղ ազդեցություն է թողել ԱՄՆ տնտեսության եւ ամերիկացիների առօրյա կյանքի վրա, այդ թվում՝ վառելիքի գների բարձրացման պատճառով։