կարևոր
4009 դիտում, 1 տարի առաջ - 2022-09-26 12:34
Քաղաքական

Իրան-Ադրբեջան հարաբերություններում կրոնաքաղաքական վերջին զարգացումների շուրջ

Իրան-Ադրբեջան հարաբերություններում կրոնաքաղաքական վերջին զարգացումների շուրջ

Ադրբեջանում իսլամական կրոնական և փիլիսոփայական միտքն այսօր ծանր ժամանակներ է ապրում. բարոյական և հոգևոր արժեքներին վերադառնալու փորձերն իրականացվում են գաղափարական լճացման պայմաններում։ Սա էլ իր հերթին բացասաբար է անդրադառնում Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների վրա: Իրանի և Ադրբեջանի Հանրապետության միջև համագործակցության համար տարատեսակ գործոններ կան: Արհեստածին Ադրբեջանի Հանրապետության պետական գիտակցության եզակիությունը շիայական մտածելակերպի (միավորող գործոն Իրանի հետ հարաբերությունների համատեքստում) և թյուրքական ազգային հիմքի համակցումն է։ Վերջինն էլ խոչընդոտներ է ստեղծում Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունների զարգացման համար: Հատկանշական է, որ երբեմն շիայականության շուրջ հակասություններն էլ ուղեկցվում են պետական մակարդակում փոխադարձ մեղադրանքներով, սպառնալիքներով և հասարակական լոկալ բախումներով: Ասվածի տիպիկ օրինակներից են 2022 թ. օգոստոսի 4-ին Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան վրա տեղի ունեցած հարձակմանը հաջորդած իրադարձությունները:

Օգոստոսի 4-ին Լոնդոնում գործող «Մահդիի սպասավորների միություն» կոչվող արմատական կրոնական խմբավորման մի խումբ անդամներ շիաների համար կարևոր մուհարամ ամսվա ծիսակատարությունների շրջանում հարձակվել էին Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան վրա: Դեսպանատան շենք մտնելուց հետո նրանք շենքի պատշգամբում բարձրացրել էին կրոնական դրոշներ, վնասել Հեյդար և Իլհամ Ալիևների դիմանկարները և պատռել Ադրբեջանի Հանրապետության դրոշը՝ բարձրաձայնելով Բաքվի իշխանությունների կողմից երկրի շիա մահմեդականների նկատմամբ իրականացվող հալածանքների մասին։ Հատկանշական է, որ կազմակերպությունն իր կայքում պնդում էր, թե ցանկանում է «քաղաքակրթական գերակայություն» հաստատել:

Խմբավորման անդամներն անդրադարձել էին ադրբեջանական կառավարության կողմից երկրում որոշ շիա մահմեդականների նկատմամբ հալածանքներին: Գաղտնիք չէ, որ ադրբեջանցիների ճնշող մեծամասնությունը շիա մահմեդականներ են, սակայն երկիրը հիմնականում աշխարհիկ պետություն է համարվում, ինչն էլ մտահոգությունների տեղիք է տալիս Իրանի համար, որը աշխարհում շիայականության գլխավոր պաշտպանն է: Պատահական չէ, որ շատ փորձագետներ դեսպանատան վրա հարձակման նախաձեռնությունը կապում են Իրանի հետ, որը բազմիցս զգուշացրել է Բաքվին շիա գործիչների նկատմամբ բռնաճնշումների հետևանքների առումով։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ դեսպանատան վրա հարձակված «Մահդիի սպասավորների միությունը» հակաիրանական կազմակերպություն է, և դրա առաջնորդ Յասեր ալ-Հաբիբը Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի անձնական թշնամին է: Հենց այդ պատճառով էլ նույն խմբավորումը դեռևս 2018 թ. հարձակվել էր Լոնդոնում Իրանի դեսպանատան վրա։

Որոշ փորձագետներ առաջ են քաշում այն վարկածը, որ դեսպանատան վրա հարձակումը ծրագրել էին հենց ադրբեջանական իշխանությունները՝ Իրանին մեղադրելու և երկրի ներսում հասարակական բողոքի ալիքը մեղմելու համար: Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում Ադրբեջանում ակտիվացել են շիա մահմեդականները՝ փորձելով միջազգային հանրությանը լսելի դարձնել կրոնաքաղաքական բռնաճնշումների և սահմանափակումների մասին, որոնք ադրբեջանական իշխանությունների կողմից կիրառվում են երկրի շիա հասարակության նկատմամբ: Շարժումը սոցցանցերում լայն քննարկման թեմա է դարձել հունիսի սկզբից, երբ Ադրբեջանի Հանրապետության շիաների ամենահայտնի առաջնորդ Թալեհ Բաղերզադեն բանտում հացադուլ հայտարարեց: Ադրբեջանում կարծում են, որ շարժումն իրանական գաղտնի ծառայությունների ծրագիրն է՝ ուղղված Ադրբեջանում աշխարհիկության խարխլմանը և իսլամական հեղափոխության արտահանմանը:

Վերոնշյալի համատեքստում Ադրբեջանն ու Թուրքիան իրենց հերթին ամեն կերպ փորձում են Թավրիզի և Ատրպատականի թյուրքախոսների շրջանում հակաիրանական տրամադրություններ սերմանել՝ ազդելով նրանց էթնիկական և կրոնական զգացումների վրա: Շատ դեպքերում այս պետությունները կեղծ տեղեկություններ են տարածում արցախյան հակամարտության հարցում Իրանի կառավարության դիրքորոշման վերաբերյալ։ Դրա ազդեցության տակ Իրանում գործող որոշ պանթյուրքիստական խմբեր երբեմն ակտիվանում են՝ լոկալ մակարդակում բախումներ հրահրելով ոստիկանական ուժերի և Իրանում բնակվող մյուս էթնիկ խմբերի միջև: Ասվածի համատեքստում պետք է նկատի ունենալ, որ այս խմբերը համեմատաբար փոքր թիվ են կազմում այն թյուրքախոսների համեմատ, որոնք հավատարմություն են պահպանում իրանական իշխանությունների նկատմամբ: Ասվածի ապացույցն է այն, որ օգոստոսյան դեպքերի ընթացքում մի խումբ ակտիվիստներ, որպես Ադրբեջանում շիա մահմեդականների նկատմամբ հալածանքների դեմ բողոքի նշան, իմամ Հոսեյնի դրոշներ էին տեղադրել Թավրիզում Ադրբեջանի Հանրապետության հյուպատոսարանի մոտ:

Կրոնական գործոնից զատ՝ իրանա-ադրբեջանական հարաբերությունների վրա բացասաբար է ազդել նաև Իսրայելի հետ Ադրբեջանի Հանրապետության մերձեցումը: Ընդհանուր առմամբ ադրբեջանա-իսրայելական երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված արտաքին քաղաքական վեկտորը հակասում է Թեհրանի դիրքորոշումներին, քանի որ, ի լրումն արաբա-իսրայելական պատմական հակասությունների, իրանա-ադրբեջանական հարաբերությունների վրա ազդում է Իրանի գլխավոր արտաքին թշնամի ԱՄՆ-ն:

Այս պահին, չնայած զգալի առաջընթացին և նույնիսկ ավելի մեծ ներուժին, անհնար է իրանա-ադրբեջանական հարաբերությունները բնորոշել որպես իսկապես բարիդրացիական։ Չնայած այն հանգամանքին, որ երկու պետություններն էլ իսլամի շիայական կրոնական ուղղության հետևորդներ են, ակնհայտ է, որ Ադրբեջանն ավելի ու ավելի է աշխարհիկանում՝ ակտիվորեն մասնակցելով համաշխարհային տնտեսությանը (հաճախ՝ Արևմուտքի ակտիվ աջակցությամբ), մինչդեռ Իրանը, ընդհակառակը, շղթայված է Թեհրանի արտաքին քաղաքականության վրա ազդող խնդիրներով: Դրանցից, իհարկե, պետք է առանձնացնել սահմանադրորեն ամրագրված շիայականության քաղաքականացված գաղափարախոսությունը, որը որոշ հետազոտողներ բնորոշում են որպես «Խոմեյնիի պանիսլամական նեոշիայականություն», ինչպես նաև իրանական միջուկային ծրագրի շուրջ ընթացող քննարկումները։

Ամփոփելով հարկ է նշել, որ իրանա-ադրբեջանական հարաբերությունները դարձել են տարածաշրջանային կայունության և համագործակցության կարևոր գործոն։ Սակայն այս փուլում ընդհանուր խնդիրների լուծման ակնկալիք չպետք է ունենալ, քանի որ դրանք կրում են բացառիկ խոր, համակարգային բնույթ։ Բաքուն և Թեհրանը, ինչպես վերը նշվեց, համագործակցության զգալի ներուժ ունեն։ Սակայն Իրանը և Ադրբեջանը դժվար թե կարողանան օգտագործել այս հիմքը բարիդրացիական հարաբերություններ հաստատելու համար՝ հաշվի առնելով այնպիսի զսպող գործոնների առկայությունը, ինչպիսիք են չլուծված տարածքային վեճը, Իրանի թյուրքախոսների շրջանում Թուրքիայի և Ադրբեջանի գաղափարական ազդեցությունը: Այս ամենին ավելանում են նաև «կողմնակի» կամ անուղղակի համալիր խնդիրներ՝ Իսրայելի նկատմամբ Իրանի և Ադրբեջանի վերաբերմունքի ակնհայտ տարբերություններ, արցախյան հակամարտություն և Հայաստանի հետ Իրանի սերտ հարաբերություններ, ինչպես նաև «կարմիր գծերի վերաբերյալ» Իրանի հայտարարություններ։ Այսպիսով՝ կարելի է եզրակացնել, որ իրանա-ադրբեջանական հարաբերությունների վերջնական կարգավորումը կախված է ոչ երկկողմանի բազմաթիվ գործոններից և, որպես հետևանք, ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային հարաբերություններում շահագրգիռ այլ դերակատարներից:

Լիանա Պետրոսյան
ԵՊՀ ի իրանագիտության ամբիոնի աշխատակից

«Դրօշակ» թիվ 9, 2022թ