Փոխարժեքներ
01 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.47 |
EUR | ⚊ | € 450.83 |
RUB | ⚊ | ₽ 4.8983 |
GBP | ⚊ | £ 526.8 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Թուրքիան Bayraktar հարվածային անօդաչու թռչող սարքեր է տեղակայում Հյուսիսային Կիպրոսում՝ Իսրայելին հետևելու համար: Իսկ մինչ այդ իսրայելական օդուժը սպառնալից կախվում էր կիպրական ջրերում երկրաբանահետախուզական և հորատման աշխատանքներ իրականացնող թուրքական նավերի վրա, թուրքական ռազմանավն էլ քշում էր իսրայելական գիտական նավը: Միջերկրական ծովի արևելյան չեզոք ջրերում նոր մերձավորարևելյան հակամարտություն է ծնվում գազի հանքավայրերի պատճառով. ըստ yerkir.am-ի` գրում է «Վզգլյադ»-ը:
Կիպրոսի Հանրապետության իշխանությունները կղզու հյուսիսային՝ Թուրքիայի կողմից բռնազավթված հատվածում ԱԹՍ-ներ տեղադրելը համարում են տարածաշրջանն ապակայունացնող քայլ: Իսրայելը դեռ չի արձագանքել:
Թուրքիան պնդում է, որ ածխաջրածինների հետախուզությունն ու արդյունահանումն իրականացնում է կա՛մ իր տարածքում, կա՛մ Հյուսիսային Կիպրոսի: Մինչդեռ Կիպրոսի Հանրապետությունը, Հունաստանը, Եվրամիությունը և միջազգային հանրությունը համարում են, որ կղզու ափատարածքը բացառապես Կիպրոսի Հանրապետության տնտեսական տարածքն է: Քանի որ աշխարհում ոչ ոք, բացի Թուրքիայից, չի ճանաչում Հյուսիսային Կիպրոսը, սեփական ափային տարածք ունենալու՝ նրա իրավունքը մնում է օդում կախված:
Հիշեցնենք, որ ամռանը Հունաստանն էր սպառնացել Թուրքիային՝ սանկցիաներ կիրառել ԵՄ-ի կողմից: Ի պատասխան, Անկարան Եվրամիության՝ Միջերկրական ծովում սահմաններ որոշելու իրավունքն էր կասկածի տակ առել: Կիպրոսի առափնյա տարածքում երկաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու՝ Թուրքիայի գործունեությունը քննադատել էր նաև ԱՄՆ-ը:
Իսկ ի՞նչ չեն կիսել թուրքերն ու իսրայելցիները: «Կիպրոսն ու Իսրայելը փաստաթղթավորված սահմանազատում են իրականացրել, բայց քանի որ Թուրքիան չի ճանաչում Կիպրոսը, չի ճանաչում նաև իսրայելական գոտիները: Այստեղից էլ այս փոխադարձ սպառնալիքները, իսկ վերջին շրջանում նաև հետախուզական և հորատման աշխատանքներ իրականացնող նավերի նկատմամբ ազդեցության փորձերը»,- «Վզգլադ»-ին ասել է ՌԳԱ համաշխարհային էկոնոմիկայի և միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաևսկին:
Միջերկրական ծովում նավթի և գազի՝ դեռևս վերջնականապես չհաստատված, սակայն բավական լուրջ ծավալների համար պայքարը սկսվել է վերջերս: 2012-ին Կիպրոսի և Հունաստանի ափերի մոտ հայտնաբերվեց խորջրյա գազային հանքավայր, որը ստացավ «Աֆրոդիտե» անվանումը, և որի պաշարները գնահատվում են 140 մլրդ խոր. մ: Իսրայելը Լիբանանի հետ իր սահմանային ջրերում հայտնաբերել է 300 մլրդ խոր. մ ծավալով գազի հանքավայր՝ «Թամար»-ը, որը 2013-ից շահագործում է ԱՄՆ-ի հետ համատեղ: Սակայն այդ շրջանում ամենախոշորը համարվում է «Լևիաֆան» հանքավայրը, որը գտնվում է իսրայելական Հայֆա քաղաքից 135 կմ հեռու, և ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ այնտեղ կա 3,4 տրլն խոր. մ բնական գազ ու 1,7 մլրդ բարել նավթ: Կան նաև այլ հանքավայրեր, ընդ որում՝ Թուրքիան արդյունահանման իր գոտիները համաձայնեցրել է Եգիպտոսի հետ, նաև՝ բանակցություններ վարել Ալժիրի հետ: «Տարածաշրջանում բավականին բարդ ՝ ազդեցության գոտիների բաժանման իրավիճակ է»,- նշել է Նադեին-Ռաևսկին:
Ինչ վերաբերում է տարածքին, որտեղ տեղի են ունենում թուրք-իսրայելական միջադեպերը, այն լիբանանյան և սիրիական ջրերում է՝ հարավից իսրայելական գոտու անմիջական հարևանությամբ: Եվ միջադեպերի պատճառը Թուրքիայի՝ առավելագույնն ունենալու նկրտումներն են. Անկարան ցանկանում է ձեռք գցել ինչքան հնարավոր է շատ, քանի որ հանքավայրերը համատարած չեն, «բծերով» են տեղաբաշխված, իսկ Անկարային միջազգային իրավունքն այնքան էլ չի հուզում: