կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-15 20:07
Առանց Կատեգորիա

Պռոշյանի ընտրությունների ''ժանգը''

Պռոշյանի ընտրությունների ''ժանգը''
Պռոշյան գյուղում, 67 ձայնի տարբերությամբ, նոր գյուղապետ ընտրվեց ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը: Պռոշյանը հանրապետության այն եզակի համայնքներից էր, որի ղեկավարը ներկայացնում էր ընդդիմությունը: Այդ փոքրիկ բաստիոններից մեկը ու, թերևս, ամենաներկայանալին ևս «հանձնվեց» իշխանությանը: Այն, ինչին ընտրությունների նախօրեին փորձեց կոպիտ միջամտություններով հասնել մարզպետ Կովալենկո Շահգալդյանը և ձախողվեց, նրա կուսակցությունը` ՀՀԿ-ն, հաջողեցրեց բազմիցս փորձված ու իրեն կատարելապես արդարացրած շատ ավելի «քաղաքակիրթ»` ընտրություններ կոչվող զոռբայության միջոցով: Դրանց տարբերությունն այն էր, որ վերջինիս դեպքում մեծ աղմուկ չի լինում, ընտրություններն արտաքուստ ընթանում են հանգիստ ու բնականոն, իսկ ընտրախախտումները, որոնք, ըստ տեղեկությունների, նաև այս ընտրությունները չեն շրջանցել, ինչպես միշտ, մնում են անապացուցելի:


Խնդիրն այն չէ, թե ինչպիսի մարդ է նորընտիր համայնքապետ Արթուր Մուրադյանը և ինչպիսի գյուղապետ է լինելու պռոշյանցիների համար: Այդ ամենը կերևա առաջիկայում: Այլ այն, որ իշխող կուսակցությունը այս համայնքի պարագայում ևս հաստատեց անխտիր բոլոր ընտրություններում տոտալ հաղթելու իր մարմաջը: Սա, անշուշտ, ունեցած պոտենցիալը ներկայացնելու կամ վերահաստատելու ձգտում չէ: Որովհետև ո'չ հասարակության, ո'չ էլ հենց ՀՀԿ-ի համար սա հաղթանակ չէ, համենայն դեպս արդար հաղթանակ չէ: ՀՀԿ-ն նման է դոպինգ ընդունած մարզիկին, ով մրթահարթակ էր դուրս եկել ազնիվ սկզբունքներով պայքարի ակնկալիք ունեցող մրցակիցների հետ: Նման մարզիկը երբեք չի կարող հոգու խորքում չամաչել նրանից, որ գավաթը շահել է իրապես անազնիվ ճանապարհով: Դրա համար էլ այս հաղթանակը ՀՀԿ-ին չի ուրախացնում, պռոշյանցիներին չի ուրախացնում ու, առհասարակ, այս երկրում ընտրություններ կոչվող զոռբայության հետ թեկուզ մեկ անգամ առնչություն ունեցած մարդուն չի կարող ուրախացնել: Որովհետև, ի տարբերություն սպորտաշխարհի, այստեղ բոլորը հենց սկզբից գիտեն, որ այդ մարզիկը մրցահարթակ էր ելել խթանիչներ օգտագործած:


Եթե անգամ առաջնորդվենք այն սկզբունքով, թե հաղթողին չեն դատում, միևնույն է, առկախված է մնում շատ հասարակ թվացող մի հարցի պատասխան` իշխանության ինչի՞ն է պետք հաղթել բոլոր ընտրություններում: Արդյո՞ք ուժեղ իշխանությունը բոլոր ընտրություններում հաղթող իշխանությունն է: Ըստ ամենայնի` ՀՀԿ-ն առաջնորդվում է այս սկզբունքով, բայց դա ոչ թե ուժեղ, այլ կոմպլեքսավորված, վախեցած ու ճահճացող իշխանության գործելակերպ է:


Դեռ 2010թ. նոյեմբերին այն ժամանակվա ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն իր բլոգում մի գրառում էր տեղադրել, որն հհկաստեղծ այս համակարգի ռենտգեն-ախտորոշում կարելի է համարել. «Որոշակի ժամանակից սկսած` մեր քաղաքական կյանքում ի հայտ եկան լճացման երևույթներ, վտանգ է առաջացել, որ կայունությունը կարող է վերածվել արգելափակման գործոնի: Իսկ այդօրինակ լճացումը կործանարար է ինչպես իշխող կուսակցության, այնպես էլ ընդդիմադիր ուժերի համար: Եթե ընդդիմությունը ոչ մի հնարավորություն չունի հաղթելու արդար պայքարում, այն նահանջում է և դառնում մարգինալացված: Բայց եթե իշխող կուսակցությունը ոչ մի հնարավարություն չունի ինչ որ տեղ պարտվելու, ապա այն ուղղակի «ժանգոտում է» և, ի վերջո, դեգրադացվում, ինչպես ցանկացած կենդանի օրգանիզմ, որը հայտնվում է անշարժ վիճակում»,- ասել էր Մեդվեդևը:

 

Ռուսաստանի քաղաքական վերնախավի յուրաքանչյուր քայլին ակնդետ հետևող ու նմանակող այս իշխանությունը, սակայն, Մեդվեդևի այս տեսակետին ալանջալուր չեղավ, թեև ուղերձը հասել էր նաև նրան: Դրանից ընդամենը մեկ ամիս անց 2010-ի վերջին, ՀՀԿ-ի 20-ամյակին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Այսօր ես տեսնում եմ մեկ այլ վտանգ: Չափազանց կայուն վիճակը կարող է բերել կարծրացման, դինամիկայի թուլացման. կանգնած ջրերը որպես կանոն ճահճանում են»: Բայց ինչպես նախագահի բոլոր մնացած նման գաղափարները, այս մեկը ևս թաղվեց ու մնաց ճահճի մեջ:


Հայաստանում արդեն վաղուց ջրերը կանգնել են ու սկսվել է հոտելու ներքին գործընթացը, որից իսկական գարշահոտ է բարձրանում: Այն զգացվում է թե' իշխող կուսակցության ներսում սկսված դիրքային` նման ճահճային վիճակիներին խիստ բնորոշ անխուսափելի պայքարից, թե' օֆշորային խայտառակությունները, պետական միջոցները մսխելու մասին պաշտոնապես հնչող մեղադրանքները մեծ ումպերով կուլ տալուց, թե' մարզային կենտրոններում քրեական գրեթե անարխիկ իրավիճակի ստեղծման ու այդ ամենի հանդեպ իշխանության բացարձակ անտարբերության, անադեկվատության միջոցով: Ըստ էության' ոչինչ, բացի իշխանության այլասերումից, տեղի չի ունենում: Եվ Պռոշյանը հենց դրան կուլ գնաց:

 


Հուլիսի 10-ին կառավարությունը վաղաժամկետ դադարեցրեց Շիրակի մարզի Կարմրաքար համայնքի ղեկավար Գագիկ Վահրադյանի լիազորությունները: Իսկ պատճառն այն էր, որը մարդը, ով ընդդիմադիր ՀԱԿ-ի համակիր էր, պարզապես թողել ու հեռացել էր Հայաստանից: Արդեն պարզ է, որ այս համայնքում կազմակերպվելիք ընտրություններում ՀՀԿ-ն ևս հզոր հաղթանակ է տանելու: Նրա հաղթանակներն ահա այսպիսի գնով են կերտվում` կա'մ հեռացումի, կա'մ արյան...


Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ