|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայտնի է, որ ԿԲ դրամավարկային ծրագրերում նաեւ տնտեսական աճի մասին է խոսվում, եւ մենք, լինելով այդ մասով պահպանողական, մեկ տոկոսի չափով ավելի ցածր տնտեսական աճ ենք կանխատեսում 2013 թվականի համար. լրագրողներին այսօր ասաց ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը` խոսելով առաջիկա երեք տարիների գնաճի եւ ԿԲ վարած դրամավարկային քաղաքականության մասին:
Տնտեսական աճի ցուցանիշը, ըստ ԿԲ ներկայացուցչի, կառավարության վարած` արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության արդյունավետությունից կախված, կարող է լինել ավելի բարձր, քանի որ ԿԲ-ն ավելի բարձր ցուցանիշի կանխատեսումներից խուսափել է` կապված ռիսկերի հետ:
«Մենք 4.7-5.9 տոկոս տնտեսական աճ ենք կանխատեսում, եւ ռիսկերը հավասարաչափ են բաշխված դեպի ներքեւ ու դեպի վերեւ»,- նշեց Արթուր Ստեփանյանը:
Նա խոսեց նաեւ տնտեսական աճի կանխատեսումների հիմքերի մասին եւ ասաց, որ ծառայությունների ոլորտը վերջին մի քանի տարիներին բարձր ցուցանիշներ է ցուցաբերում, եւ դա ոչ միայն կապված է առեւտրի ծավալների, այլեւ արդյունաբերության, գյուղատնտեսության բարձր աճի հետ: Անդրադառնալով լրագրողների հարցին` թե սպառման աճի կանխատեսումներում ներառվե՞լ է, արդյոք, ընտրակաշառքների գործոնը, ԿԲ ներկայացուցիչը ասաց, որ իրենց բոլոր վերլուծությունների համար հիմք են հանդիսանում վիճակագրական տվյալները…
Հայկական էկոնոմիկայի համար դժվար ժամանակների` լրագրողների կանխատեսումներին էլ Ստեփանյանը պատասխանեց, որ 2009 թվականին էր ամենավատ ժամանակը, երբ Հայաստանը ունեցավ բավականին մեծ տնտեսական անկում` շինարարության կտրուկ կրճատմամբ պայմանավորված: «Այն ժամանակ մենք ունեինք ցածր դիվերսիֆիկացման մակարդակ, ու դրանից հետո բավականին քայլեր են ձեռնարկվել դիվերսիֆիկացման ուղղությամբ»,- ասաց Արթուր Ստեփանյանը: