|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ապրիլի 11-ին տեղի ունեցավ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի և պաշտոնական այցելությամբ Հայաստան ժամանած Չեխիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգի հանդիպումը, որին հաջորդեց մամլո ասուլիսը:
Պատասխանելով չեխական MF DNES թերթի հարցին, թե ինչպե՞ս կարող է Չեխիան օգնել Հայաստանին իր հարևանների հետ բարդ հարաբերություններում, ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարն ասել է.
«Եթե Դուք նկատի ունեք Հայաստանի և Ադրբեջանի միջև կամ նկատի ունեք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը, ապա Չեխիան, լինելով Եվրամիության անդամ, ինչպես և Եվրամիությունը ու Եվրամիության մյուս անդամները, աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և դրա մասին բազմիցս հայտարարություններ են արվել թե' Չեխիայի կողմից, թե' Եվրոպական Միության կողմից:
Ես պետք է հիշեցնեմ, որ Պրահայում հանդիպումներ են տեղի ունեցել՝ նաև ամենաբարձր մակարդակով, որոնք ուղղված էին հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Երբ Պրահայում կայացավ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, հանդիպում կայացավ նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և եռանախագահերի միջև, որն ուղղված էր հենց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը: Մենք միշտ բարձր ենք գնահատում Չեխիայի հավասարակշիռ մոտեցումը առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պիտի լուծվի միայն խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով»: