|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
«Ժառանգության» միջազգային քարտուղար Ստեփան Սաֆարյանը նամակ է գրել Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրեդ Մարթենսին` փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների կապակցությամբ:
Նամակին կից Սաֆարյանը ԵԺԿ նախագահին է ուղարկել ընտրությունների պաշտոնական արդյունքների՝ Policy Forum Armenia հեղինակավոր անկախ կազմակերպության կողմից իրականացված վերլուծությունը, ԵԱՀԿ/ԺՄԻՀԳ միջանկյալ զեկույցը, ինչպես նաեւ ԵԱՀԿ մի հեղինակավոր դիտորդի կողմից գրված վկայության նամակը:
«Այդ փաստաթղթերն ինքնին խոսուն են եւ լրացնում են փետրվարի 18-ին տեղի ունեցած ընտրախախտումների մասին մեծաքանակ վկայություններն ու տեսանյութերը: Այդ ամենը ոչ թե արդյունքների վրա էապես չազդող այստեղ կամ այնտեղ տեղի ունեցած պատահական խախտումների, այլեւ Հայաստանի քաղաքացու ժողովրդավարական կամքի կանխամտածված, պրոֆեսիոնալ խեղման ապացույցներ են»,- գրել է Սաֆարյանը` հավելելով, որ Հայաստանի ժողովրդի ճնշող մեծամասնության կողմից ընտրված թեկնածուն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, հացադուլ է սկսել՝ պահանջելով ճանաչել ընտրությունների իրական արդյունքները:
«Մենք կոչ ենք անում հենց ԵԺԿ սեփական արժեքների ու չափանիշներին համապատասխան՝ վերանայել գործող նախագահին շնորհավորելու Ձեր որոշումը: Եթե ձեր նախագահական որոշումը, որը խեղում է օրինականության, քաղաքացիական ազատության եւ ժողովրդավարական արդարության եվրոպական ուղենիշերը, դառնա ԵԺԿ ողջ ընտանիքի պաշտոնական հանրակարգային դիրքորոշումը, մենք ստիպված կլինենք վերանայել այդ հեղինակավոր կազմակերպությանը մեր անդամակցությունը, քանի որ այն ցավալիորեն շեղվել է իր հիմնարար սկզբունքներից, արժեքներից եւ հանձնառությունից, որոնք մենք կիսում էինք ու ընկած էին անդամակցության հիմքում»,- գրված է նամակում: